Մենք գալու ենք մերժելու համասեռամոլներին և աղանդավորներին

Մենք գալու ենք մերժելու համասեռամոլներին և աղանդավորներին
ՀԺԱՄ-ը Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ ակտիվացել է, եթե չասենք՝ «վերակենդանացել», եւ որոշել է մասնակցել քաղաքի ընտրություններին։ Հիշեցնենք, որ ՀԺԱՄ-ը վերջին խորհրդարանական ընտրություններին, դրանից առաջ՝ եւս, սատարում էր ՀՀԿ-ին։ Հիմա ՀՀԿ-ն իրեն չի սատարում, համենայնդեպս, պաշտոնապես նման որեւէ հայտարարություն չկա, եւ ՀԺԱՄ-ը միայնակ որոշել է մասնակցել ընտրություններին։ Ի սկզբանե ցանկացել են, որ ցուցակը գլխավորի նախկին ՀԺԱՄ-ական, այժմ՝ ՀՀԿ-ական Վահրամ Մկրտչյանը, ով կրթության փոխնախարարի պաշտոնից հեռանալուց հետո, կարելի է ասել, գործազուրկ է՝ զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ՝ դասախոսում է ԵՊՀ-ում, ինչպես առաջ։ Մկրտչյանը համաձայնել է, բայց պայմանով՝ ցուցակում իր անվան դիմաց պետք է նշվի կուսակցական պատկանելությունը՝ ՀՀԿ։ Ընկերները չեն համաձայնել, առաջարկել են նշել՝ անկուսակցական, ինչին էլ դեմ է եղել Մկրտչյանը։ Արդյունքում ցուցակը գլխավորել է ՀԺԱՄ հիմնադիրներից Գեւորգ Սանդալյանը։



«Ես ասացի, որ եթե ես գրվեմ առաջին համարը, ամբողջ ՀՀԿ-ի ձայները կամ դրանց մի մասը կտրանսֆորմացվեն դեպի ՀԺԱՄ, այդ դեպքում ՀԺԱՄ-ը հաստատ 6 տոկոսը կանցներ։ Բայց իրենք հարմար չգտան, որ ես լինեմ, ասացին՝ մի գրի ՀՀԿ, գրի «անկուսակցական», ասացի՝ չէ, ես ՀՀԿ եմ, ՀՀԿ-ով կներկայանամ։ Բայց իրենք չհամաձայնեցին՝ ասելով, որ առանց էդ էլ մեր կուսակցության նախկին նախագահին ՀՀԿ-ն տարել է իր մոտ, հիմա էլ նորից, որ ամրագրում ենք Վահրամ Մկրտչյան՝ ՀՀԿ, բայց ՀԺԱՄ-ի համար, ստացվում է, որ ՀԺԱՄ-ը դառնում է ՀՀԿ-ի կցորդը, ու էդպես համարեցին, որ հարմար չէ»,- ասաց Վ․ Մկրտչյանը։ Զրուցեցինք նաեւ ՀԺԱՄ-ի ցուցակը գլխավորող Գեւորգ Սանդալյանի հետ, ով ասաց, որ ՀԺԱՄ-ի հիմնադիրներից է, զբաղվում է գործարարությամբ, ԱՄՆ-ում հեռարձակվող հայկական ARTN-Shant հեռուստաընկերության «Մեր շոու» նախագծի հիմնադիրներից է եւ կոորդինատորը։



**-Պարոն Սանդալյան, Ձեզ ճանաչո՞ւմ են քաղաքում, չափե՞լ եք՝ որքա՞ն է Ձեր ռեյտինգը, եւ, օրինակ, «ՔՊ»-ի թեկնածու Հայկ Մարությանի հետ մրցակցությունն ինչպե՞ս եք պատկերացնում՝ հաշվի առնելով, որ նա հայտնի դեմք է, իշխող կուսակցությունից է եւ ֆավորիտներից է համարվում։**



-Ոչ, չեմ չափել։ Ճանաչողները ճանաչում են, բայց որ համեմատվեմ մյուս հանրային, քաղաքական գործիչների հետ, իհարկե, դա անհնարին է։ Գիտե՞ք, ընդհանրապես բոլոր թեկնածուներն էլ ինձ մրցակից են, բայց ես դրա վրա ուշադրություն չեմ դարձնում, որովհետեւ, ճիշտն ասած, մենք գնում ենք մեր ծրագրերով, ու ընտրողը պիտի իր քվեն տա ծրագրերին, իմ կարծիքով։



**-ՀԺԱՄ-ը վերջին տարիներին իր անվամբ մշտապես կապվել է ՀՀԿ-ի հետ, ընտրություններում աջակցել է ՀՀԿ-ին եւ հասարակության մեջ շատ դեպքերում ընկալվել է որպես ՀՀԿ-ի կցորդ կամ արբանյակ կուսակցություն։ Հիմա այդ իմիջը ձեզ կխանգարի՞, թե՞ կնպաստի այս ընտրություններում։**



-Գիտե՞ք, ցավալին այն է, որ ՀՀԿ-ին քարկոծում են, բայց ՀՀԿ-ում իրականում գոյություն ունեն շատ նվիրյալ գործիչներ։ Այնպես որ, ՀՀԿ-ի այդ տապալումը նրանց ղեկավարության տապալումն էր, ոչ թե ամբողջ կուսակցության



**-Բայց դրանից, ամեն դեպքում, կուսակցության իմիջը նույնպես ընկել է, եւ ՀԺԱՄ-ն էլ, որպես ՀՀԿ-ին աջակցող կուսակցություն, իմիջային առումով դրանից տուժե՞լ է, եւ կարո՞ղ է դա խանգարող հանգամանք լինել ձեզ համար։**



-Ճիշտն ասած՝ դա մեզ համար խանգարող հանգամանք չի կարող լինել։



**-Լավ, իսկ ի՞նչ ծրագրով է ընտրություններին մասնակցում ՀԺԱՄ-ը, հիմնական ծրագրային մեխը ո՞րն է լինելու, եւ ընտրվելու դեպքում առաջնահերթ ի՞նչ խնդիրներ եք փորձելու լուծել քաղաքում։**



-Ճիշտն ասած, մենք համարում ենք, որ ծրագրային խնդիրները երեւի թե բոլորի մոտ նույնը կլինեն։ Մենք քաղաքականացնելու ենք այս ընտրությունները։



**-Դա ի՞նչ կտա մեզ, ձեզ, երեւանցուն, քաղաքական դաշտին։**



-Մենք գալու ենք պաշտպանելու ազգային արժեքները, մենք գալու ենք մերժելու համասեռամոլներին եւ աղանդավորներին, մենք գալու ենք պաշտպանելու հայ ընտանիքը, փրկելու մեր արժանապատվությունը։



**-Իսկ այդ ամենը երեւանցուն եւ Երեւանի խնդիրների լուծմանն ի՞նչ կտա։**



-Երեւանի խնդիրների վերաբերյալ մենք ունենք մեր ծրագրերը, իհարկե։ Մենք առաջարկելու ենք Երեւանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող դպրոցները հանձնել կրթության եւ գիտության նախարարությանը։ Տրանսպորտի ոլորտում մեկ միասնական օպերատորի ներմուծում։ Առաջարկելու ենք աղբավերամշակման գործարանի կառուցում, փողոցների համաչափ ասֆալտապատում, վերելակային տնտեսությունը պիտի թարմացնենք։



**-Կա՞ն քաղաքական ուժեր, որոնք աջակցում են ձեզ, եւ ովքե՞ր են ներկայացված ձեր նախընտրական ցուցակում։**



-Քաղաքական ուժեր, որոնք մեզ աջակցում են, այդպիսիք չկան, իսկ մեր ցուցակում են գործարարներ, մտավորականներ, կուսակցականներ։



**-ՀՀԿ-ի կողմից որեւէ աջակցություն ակնկալո՞ւմ եք՝ հաշվի առնելով Վահրամ Մկրտչյանի գործոնը։**



-Ես չգիտեմ՝ ՀՀԿ-ն մեզ կաջակցի՞, թե՞ չէ, դա մեզ չի հետաքրքրում։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**