Գագիկ Հարությունյանն իրեն իրավունք է վերապահում «զբաղվել» մամուլով

Գագիկ Հարությունյանն իրեն իրավունք է վերապահում «զբաղվել» մամուլով
Բարձրագույն դատական խորհուրդը մշակում է լրատվության միջոցների հետ խորհրդի եւ դատարանների փոխհարաբերության կանոններ եւ այդ գործին մասնակից է դարձնում նաեւ լրագրողներին։ «Իրավունքի ուժ» լրագրողական կազմակերպությանը, «Առավոտ» թերթի լրագրող, իրավական ոլորտի փորձառու Ռուզան Մինասյանին, այլ լրագրողների է վերջին քննարկմանը հրավիրել՝ հուլիսին։ Կանոնների սեւագիրը պատրաստ է։ Վերջին ճշգրտումներն են արվում փաստաթուղթը հաստատելուց առաջ։ ԲԴԽ-ն հրավերներ է ուղարկում ԶԼՄ-ներին՝ որոշմանը վերջնական տեսք տալու համար։ Այս աշխատանքը համակարգում է Բարձրագույն դատական խորհրդի անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանը։



Նա համագործակցության է հրավիրում բոլոր ԶԼՄ-ներին։ «Ավարտված տարբերակը դրվել է շրջանառության մեջ, եթե առաջիկա օրերին որեւէ դիտողություն չստացվի, կհաստատենք, եւ կգործի: Առայժմ արձագանքել են մի քանի դատավորներ միայն»,- ասում է Դանիելյանը։ Զանգվածային լրատվության միջոցների հետ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի եւ դատավորների փոխհարաբերությունների կանոնները հաստատելու մասին ԲԴԽ որոշման նախագիծը 16 էջից կազմված փաստաթուղթ է։ Կանոնները կարգավորում են ԲԴԽ եւ դատարանների գործունեության լուսաբանումը, հանրության իրազեկումը, դատարանների եւ ԶԼՄ-ների հարաբերությունները։



«Իրավունքի ուժ» կազմակերպության ղեկավար **Արման Ղարիբյանը** կարծում է, որ իրականում կա այդ կանոնների անհրաժեշտությունը։ «Օրինակ, Քրեական օրենսգրքում ոչինչ չկա տեսալուսանկարահանման հետ կապված, կամ՝ դատավորներն իրենց հայեցողությամբ որոշում են, թե քանի րոպե թույլ տան լրագրողներին նկարահանումներ կատարել նիստի ընթացքում։ Մեկը թողնում է, որ 10 րոպե նկարեն, մյուսը՝ կես ժամ։ Այժմ միասնական կանոններ կլինեն։ Նաեւ ԲԴԽ-ում լրագրողների հավատարմագրման կարգ է մշակվում»։ Հարցին, թե արդյոք քննարկումների ժամանակ ինքը պահանջ դրե՞լ է, որ ԲԴԽ նիստերը բաց լինեն լրագրողների համար, նա պատասխանեց, որ նման հարց չեն բարձրացրել։ «Նիստերը հիմա էլ են փակ, բայց որոշ դեպքերում բաց են լինելու»։ Մամուլի «կանոնակարգման» հիմքը նոր Դատական օրենսգրքի 89-րդ հոդվածի 22-րդ կետն է, որն ասում է․ «Բարձրագույն դատական խորհուրդը հաստատում է ԶԼՄ-ների հետ իր եւ դատարանների փոխհարաբերության կանոնները»։ Կարելի է ենթադրել, որ Դատական օրենսգրքի հեղինակներին այնքան էլ չի բավարարել դատական իշխանության նկատմամբ ԶԼՄ-ների վերաբերմունքը, եւ նա որոշել է, որ պետք է «զբաղվի» ԶԼՄ-ներով։ Այլ կերպ ասած՝ երրորդ իշխանությունը որոշում է, թե ինչպես պետք է աշխատի չորրորդը՝ «նպաստելով հրապարակայնության եւ տեղեկություններ ստանալու իրավունքի արդի խնդիրներին համահունչ պատշաճ իրավական մշակույթի ձեւավորմանը»։



Ի՞նչ կանոններ է առաջարկում ԲԴԽ-ն լրագրողներիս համար։ Թվարկված կանոնների եւ սկզբունքների մի մասը «պետք է»-ների եւ «չպետք է»-ների շարք է, որոնք կարգավորվում են Սահմանադրությամբ, Քաղաքացիական օրենսգրքով, ԶԼՄ-ների, տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքներով։ Օրինակ, գրված է․ «Լրագրողները պետք է գործնականում ի վիճակի լինեն ազատ լուսաբանելու եւ մեկնաբանելու արդարադատության գործառույթի իրականացումը՝ բացառությամբ Սահմանադրությամբ եւ օրենքներով ամրագրված սահմանափակումների»: Կամ՝ «Զանգվածային լրատվության միջոցներով տրամադրվող յուրաքանչյուր տեղեկատվություն կամ կարծիք չպետք է խաթարի կասկածյալի, մեղադրյալի կամ ամբաստանյալի անմեղության կանխավարկածի սկզբունքը»: ԲԴԽ-ն, հավանաբար, մտավախություն ունի, որ լրագրողները կարող են մոռանալ կամ էլ ժամանակին յուրացրած չլինեն այս հիմնարար սկզբունքները, եւ իր պարտքն է համարում դաս տալ մեզ։ Բայց «կանոնները» երբեմն խախտում են ԶԼՄ-ի հեղինակային իրավունքը։ «Եթե դատական իշխանությանն առնչվող ցանկացած տեղեկատվություն օրինական կարգով տրամադրվել է որեւէ լրագրողի, ապա հարկ է ապահովել, որպեսզի նույն այդ տեղեկատվությունը նույն պայմաններով հասանելի լինի այդ առնչությամբ հարցում ներկայացրած զանգվածային լրատվության մյուս միջոցների համար: Այդ նկատառումով լրագրողին կամ զանգվածային լրատվության միջոցին տրամադրված տեղեկատվությունը կարող է, հաշվի առնելով նյութի նկատմամբ հանրային հետաքրքրության աստիճանը, անհապաղ զետեղվել դատական իշխանության պաշտոնական կայքում»։ Գործնականում այս կետն «աշխատում» է ընդդեմ լրագրողի։ Նա հարց է ուղղում՝ հույսով, որ առաջինը եւ էքսկլյուզիվ տեղեկություն կհայտնի իր ընթերցողին, բայց ԲԴԽ-ն վերցնում ու հրապարակում է նրա հարցի պատասխանը հանրամատչելի կայքում։



11-րդ սկզբունքն ասում է․ «Հանրային շահերը շոշափող գործերով տեղեկատվություն տրամադրվում է՝ անկախ դրա առնչությամբ զանգվածային լրատվության միջոցների միջնորդությունների: Այդպիսի գործերով դատական քննությունը տեւական լինելու դեպքում համարժեք տեղեկատվություն է տրվում դատաքննության շրջանակներում յուրաքանչյուր էական նշանակություն ունեցող դատավարական գործողության վերաբերյալ»: Շատ լավ կետ է, բայց ոչ պիտանի։ Դատական նիստերը եթե փակ չեն անցնում, ապա միշտ էլ հասանելի են հետաքրքրվող լրագրողների համար, եւ դատարանին կամ ԲԴԽ-ին ծանրաբեռնել հանրային շահ շոշափող գործերի ամեն մի դրվագի վերաբերյալ հավելյալ տեղեկություն տալու պարտականությամբ՝ ուղղակի անիմաստ է։ Այս կետը գրել է մեկը, ով բացառապես տեղյակ չէ լրատվական պրակտիկայից։



Կանոններում հարգանքի կոչեր են անում՝ այս մասով նմանվելով էթիկայի կանոնագրքի։ «Հարգել անձնական կյանքի եւ անձնական տվյալների պաշտպանությունը. դատավարության մասնակիցների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելիս անհրաժեշտ է հարգել Սահմանադրությամբ ամրագրված մասնավոր եւ ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունքը»։ Կամ՝ «Պետք է պատշաճ միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի անվերապահորեն հարգվի ու իրացվի իր վերաբերյալ Խորհրդի եւ դատարանների կողմից տրամադրված, այդ թվում՝ մամլո հաղորդագրություններում արտացոլված տեղեկատվության իրավաչափության կամ իսկության առնչությամբ յուրաքանչյուր անձի կողմից հերքում կամ պատասխան ներկայացնելու իրավունքը»։ Է, թող հարգվի։ Ո՞վ է խանգարում անձին իր վերաբերյալ սխալ տեղեկություններ հայտնելու դեպքում հերքում տալ։ Ինչո՞վ չի բավարարում ԲԴԽ-ին հերքման ներկայիս կանոնակարգումը, որ որոշել է դրանով էլ զբաղվել։



Կան սկզբունքներ, որոնք ոչ պատշաճ որակումներ են պարունակում։ «Արդարադատության շահն էապես վտանգող տեղեկատվություն տրամադրելու արգելքը. Խորհրդի եւ դատարանների կողմից տրամադրված, այդ թվում՝ մամլո հաղորդագրություններում արտացոլված տեղեկատվությունն իր բովանդակությամբ չպետք է էապես վտանգի կոնկրետ գործով արդարադատության շահը: Այդպիսի տեղեկատվության նկատմամբ հանրային մեծ հետքրքրության առկայության դեպքում այն կարող է հրապարակվել ինչպես կոնկրետ գործով դատական քննության որոշակի փուլի, այնպես էլ ամբողջ դատավարության ավարտից եւ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո: Դատավարության ընթացքում նյութը հրապարակելու նպատակահարմարության վերաբերյալ գործը քննող դատավորի դիրքորոշումը վճռորոշ է»: Ի՞նչ է նշանակում «արդարադատության շահն էապես վտանգող արգելք»։ Դատավորի անկախությունն ապահովված է օրենքներով եւ Սահմանադրությամբ, ոչ ոք չի կարող նրան խանգարել արդար ակտ կայացնել՝ անկախ լուսաբանման ձեւից։ Եվ այլ անձանց լիազորությունների տիրույթ մտնել դատավորին ոչ ոք չի թույլատրել։ Հանրությունն իրավունք ունի տեղեկացված լինելու անգամ այն դեպքում, եթե դատավորը կամ Գագիկ Հարությունյանը դրան դեմ են։ Նրանք իրավունք չունեն նաեւ որոշելու, թե արդյոք նպատակահարմա՞ր է նյութի հրապարակումը, թե ոչ։ Դա բացառապես ԶԼՄ-ի՝ լրագրողի կամ խմբագրի իրավունքն է, ինչպես նաեւ այն անձանց, որոնք պարտավոր են ազատել մամուլն ապօրինի միջամտություններից։ Միայն այս կետը բավարար է «կանոնները» հակաօրինական համարելու եւ դրանց քննարկմանը սկզբունքորեն չմասնակցելու համար։



**ՀԳ**․ Հարցին, թե արդյոք կանոնները պարտադի՞ր են կատարման համար, ԲԴԽ անդամ **Գեւորգ Դանիելյանը** պատասխանեց․ «Իրավական ակտը ենթակա է պարտադիր կատարման: Եթե Ձեզ իրավական հետեւանքներն են հետաքրքրում, ապա դա պայմանավորված է խախտման բնույթով։ Առանձին խախտումներ կարող են եւ անարձագանք մնալ, եթե չնչին է հետեւանքը»։



**Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ**