«Նորֆոլկ քոնսալթինգն» այլեւս չի գործում

«Նորֆոլկ քոնսալթինգն» այլեւս չի գործում
«Նորֆոլկ քոնսալթինգ» ընկերությունը դադարեցրել է իր գործառույթների իրականացումը: Այս մասին մեզ հայտնեց ՊԵԿ նախագահ **Դավիթ Անանյանը**, ինչի մասին վաղուց էր խոսում՝ ասելով, որ «Նորֆոլկին» փնտրում են այլընտրանք, թե ով եւ ինչպես պետք է իրականացնի մաքսազերծման գործընթացը։ Նշենք, որ այս ընկերության շուրջ ծագած աղմուկից հետո, երբ դրա ղեկավար Արմեն Ունանյանին ձերբակալեցին, մի քանի օր մաքսազերծման գործընթացը կաթվածահար վիճակում էր։ ՊԵԿ-ը ստիպված հետողորմյա արեց իր որոշումը՝ «Նորֆոլկը» սկսեց աշխատել, իսկ Ունանյանին բաց թողեցին՝ բյուջե չվճարված 7 մլն դոլար գումարը գանձելուց հետո։ Եվ ամեն ինչ վերադարձավ նախկին հուն՝ մաքսազերծման գործընթացն այս ընթացքում կրկին «Նորֆոլկ» ընկերությունն էր անում՝ ՊԵԿ եւ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հսկողության ներքո։ Մի քանի օր առաջ ի վերջո լուծվել է այս հարցը՝ ՊԵԿ-ն ազատվել է «Նորֆոլկից», որը հիմնել էր ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը։



Թե ով է փոխարինելու «Նորֆոլկ քոնսալթինգ» ընկերությանը, ՊԵԿ-ից ասացին․ «Միեւնույն ժամանակ իրավահաջորդության կարգով նույն գործառույթներն իրականացնող որեւէ այլ ընկերություն, այդ թվում՝ պետական մասնակցությամբ ընկերություն, չի ստեղծվել եւ չի ստեղծվելու։ Այսուհետ բոլոր տնտեսվարող սուբյեկտները մաքսային մարմիններում իրենք են հանդես գալու որպես ներմուծված ապրանքների հայտարարատու: Միաժամանակ, ՊԵԿ-ը հայտարարում է, որ կոմիտեի կազմում ձեւավորվել է 2 նոր՝ գանձումների եւ ձեւակերպումների ստորաբաժանում, որոնք ստեղծվել են տնտեսվարողներին մաքսային ձեւակերպումների գործընթացում օժանդակելու նպատակով»։ ՊԵԿ-ից նաեւ տեղեկացրել են, որ բոլոր ներմուծված ապրանքների մաքսային գործընթացներն իրականացվելու են բացառապես մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով: Այսինքն՝ արձանագրենք, որ նոր մարմին չստեղծվեց, բայց ՊԵԿ նորանշանակ նախագահ Դավիթ Անանյանն ազատվեց Կարեն Կարապետյան-Վարդան Հարությունյան զույգի թողած ժառանգությունից ինչպես կադրերի մասով, այնպես էլ՝ համակարգի։ Տեսնենք, թե այս «ազատվելն» ինչ ազդեցություն կունենա մաքսազերծման գործընթացի եւ առհասարակ ներկրում-արտահանումների ոլորտի վրա։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**