Ջրի սակագինը պետք է բարձրանա՝ ըստ պայմանագրի

Ջրի սակագինը պետք է բարձրանա՝ ըստ պայմանագրի
«Վեոլիա ջուր» ընկերության տնօրեն Քրիստիան Լըֆեն կարծում է, որ իրենց դեմ արշավ է իրականացվում նոր կառավարության, իրավապահ համակարգի կողմից, անհիմն մեղադրանքներ են ներկայացվում՝ առանց հաշվի առնելու անմեղության կանխավարկածը, օրինականությունը։ Նշենք, որ ՀՀ ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ «Վեոլիա ջուր» ընկերության երեք ղեկավար անձինք ներգրավված են եղել ներհիմնարկային կոռուպցիոն գործողություններում, իսկ երկու այլ ղեկավար անձ էլ կաշառել են ՀՀ ՀԾԿՀ-ին՝ ջրի սակագնի բարձրացման նպատակով, վերջինիս ներկայացուցիչներին աշխատանքային այցով Ֆրանսիա հրավիրելու միջոցով:



Երեկ լրագրողների հետ հանդիպմանը **Քրիստիան Լըֆեն** ասաց, որ ՀԾԿՀ-ի աշխատակիցներին իրենց միջոցներով Փարիզ տանելը որեւէ առնչություն չունի սակագնի բարձրացման հետ, քանի որ սակագնի բարձրացումը նախատեսված է եղել ՀՀ կառավարության հետ կնքված պայմանագրով, եւ ՀԾԿՀ-ն այստեղ որեւէ կերպ չի կարող միջամտել։ Լըֆեի խոսքով՝ ՀԾԿՀ-ի աշխատակիցների այցը Փարիզ եղել է ճանաչողական եւ փորձի փոխանակման նպատակով, որտեղ նրանք ծանոթացել են, թե ինչպես է աշխատում «Վեոլիա ջուրը» Ֆրանսիայում, ինչ տեխնոլոգիաներ է կիրառում եւ այլն։ Ի դեպ, Քրիստիան Լըֆեն հայտնեց, որ ՀՀ կառավարության հետ 2016 թվականին կնքված պայմանագրով Հայաստանի կառավարությունը պարտավորվել է 5 տարվա ընթացքում 200 մլն դոլար ներդրում իրականացնել ջրամատակարարման ցանցի արդիականացման համար, բայց մինչ օրս որեւէ ներդրում չի իրականացվել։ «Ի վերջո, երբ վերլուծում ենք սակագինը եւ այն գումարները, որը մենք կարողանում ենք ետ բերել սակագնի միջոցով, դուք կարող եք նկատել, որ կառավարությունը պարզապես ջրամատակարարման ծառայության վերաբերյալ վատ վերաբերմունք է ցուցաբերում։ Մեր եկամտից 50 տոկոս պարզապես մենք վերադարձնում ենք կառավարությանը։ Այդ գումարներն ուղղակիորեն գնում են պետական բյուջե եւ ոչ մի ձեւով այնուհետեւ չեն ներդրվում ջրային ոլորտում։ Ակնհայտ է, որ նման իրավիճակում անհնար է վարձակալության պայմանագրով ֆիքսված առաջադրանքներին հասնել, ինչը ես արդեն բազմիցս բացատրել եմ»,- ասաց պարոն Լըֆեն։



Մեր հարցին, թե իրենք հանդիպե՞լ են նորընտիր վարչապետի կամ կառավարության ներկայացուցիչների հետ եւ փորձել հարթել խնդիրը, Քրիստիան Լըֆեն ասաց, որ վարչապետի հետ՝ ոչ, բայց հանդիպել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանի հետ։ Եվ տիկին Գաբայանը, ըստ նրա, հրաժարվել է կատարել պայմանագրով նախատեսված կետերը, այս դեպքում՝ սակագնի բարձրացումը։ Իսկ սակագինը պետք է ամեն տարի՝ մինչեւ 2021 թվական, որոշ չափով բարձրանա, ապա նույն սկզբունքով իջնի։



«Ակնհայտ է, որ երբ ՀՀ կառավարությունը հավատարիմ չի մնում վարձակալության պայմանագրին եւ որոշում է միակողմանի ձեւով վերոհիշյալ պամանագրի կարեւորագույն դրույթներից մեկը պարզապես չկիրառել, խոսքն այս պարագայում վերաբերում է սակագնի ձեւավորման դրույթին, ապա այս դրսեւորմամբ վերջինս պարզապես կստեղծի բոլոր այն հանգամանքները, երբ մենք հարկադրված կլինենք փաստել, որ պայմանագրի մյուս կողմն այլեւս հավատարիմ չի մնում պայմանագրի պարտավորություններին։ Այդ պարագայում արդեն մենք ստիպված կլինենք դիտարկել, որ այդ պամանագիրն այլեւս գոյություն չունի։ Այդ դեպքում արդեն երկու լուծում է առաջ քաշվում՝ կա՛մ պետք է «Վեոլիան» դուրս գա երկրից, եւ այս դեպքում Հայաստանը պետք է արդեն անպայման փոխհատուցում վճարի «Վեոլիա ջրին», կամ՝ եթե չկարողանանք գալ ընդհանուր հայտարարի, ապա մենք արդեն ստիպված կլինենք դիմել միջազգային բարձր ատյաններ»,- սպառնաց Քրիստիան Լըֆեն։



Թե ինչ տուգանքների ու փոխհատուցման մասին է խոսքը, եթե հանկարծ «Վեոլիա ջուրը» հեռանա Հայաստանից ժամկետից շուտ, Լըֆեն հստակ թիվ չնշեց, միայն ասաց, որ դա խոշոր գումար է, որը կներառի իրենց առաջիկա 15 տարվա այն եկամուտը, որը պետք է իրենք ստանային Հայաստանում։ Ապա պատմեց, որ նմանատիպ մի դեպք պատահել է իրենց հետ մի քանի տարի առաջ, մեկ այլ պետությունում, երբ չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ այդ երկրի կառավարության հետ եւ ստիպված հեռացել են։ Տվյալ երկիրը, որի անունը չնշվեց, հրաժարվել է վճարել փոխհատուցումը «Վեոլիային», իրենք էլ դիմել են միջազգային արբիտրաժային դատարան եւ հաղթել են՝ հետ ստանալով հսկայական փոխհատուցում։ Բայց, ինչպես նշեց Լըֆեն, ամենացավալին այս դեպքում այդ գումարը չէ, որ պետությունը կպարտավորվի վճարել որպես փոխհատուցում, այլ տվյալ երկրի հեղինակությունը, քանի որ դրանից հետո այդ երկիրը մինչ օրս չի կարողանում մրցույթ անցկացնել՝ որեւէ միջազգային ընկերություն չի ցանկանում մասնակցել այդ երկրի հայտարարած մրցույթին։