Ի սկզբանե էր «լևոնիզմը»

Ի սկզբանե էր «լևոնիզմը»

ՀԱԿ-ում անում են ամեն ինչ, որ «լևոնիզմը» «նիկոլիզմի» հետ վարի չգնա: Բանն այն է, որ այդ երկու «ուսմունքներն» օրգանական թելերով այնքան են կապված միմյանց, որ մեկի կրախը մյուսի մահն է նշանակում: Ռադ արեք Նիկոլին, և այս անգամ արդեն ՀԱԿ-ը կվերածվի գեղի կլուբի: Լևոն Տեր-Պետրոսյանը միանար նախագահների և Ամենայն Հայոց կաթողիկոսի խորհրդին՝ Նիկոլն այլևս չէր լինի: Ահա այսպիսի կապ կա «լևոնիզմի» և «նիկոլիզմի» միջև:

Ասել, որ ՀԱԿ-ում առանձնապես ոգևորված են Նիկոլ Փաշինյանով, ճիշտ չի լինի: Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած և «Չորրորդ իշխանություն»-ով վերջացրած՝ քննադատել են Նիկոլին, ընդհուպ անվանել ազգակործան պատուհաս, սակայն խուսափել են այդ ազգակործան պատուհասին իշխանությունից հեռացնելու բոլոր շարժումներից՝ չունենալով պայքարի սեփական ծրագիրը: Ինչպե՞ս հասկանալ ՀԱԿ-ի այս դիրքորոշումը: Պատասխանը, կարծում եմ, ավելի քան ակնհայտ է: ՀԱԿ-ի, իսկ մասնավորապես Լևոն Տեր-Պետրոսյանի համար Նիկոլի և «նիկոլիզմի» վախճանը նշանակում է սեփական քաղաքագիտական ուսմունքի սնանկության ընդունում, քանզի Նիկոլ Փաշինյանը մի այնպիսի բան չի արել, որ հնարավոր լինի ասել՝ շեղվել է առաջին նախագահի ուղուց: Միակ շեղումը, թերևս, Արցախի տարածքները պատերազմով հանձնելն էր: Տեր-Պետրոսյանը գուցե դա աներ առանց պատերազմի, բայց Նիկոլը նաև դրա պատասխանն է տվել, ասելով, թե պատերազմով կամ առանց պատերազմի, արդյունքը նույնն էր լինելու:

Ես նկատել եմ նաև, որ, քննադատելով Նիկոլին, ՀԱԿ-ը և Լևոն Տեր-Պետրոսյանը աչքաթող են անում մի շատ կարևոր հանգամանք: Դա այն է, որ, չնայած պարտվողական քաղաքականությանը, 1990-ականների Հայաստանը երբեք չի դադարել տարածաշրջանում ուժերի հավասարակշռության ֆակտոր հանդիսանալուց: Նիկոլի օրերում, մինչդեռ, Հայաստանը վերածվել է տարածաշրջանային փալասի, որի վրա իրենց ոտքերն են մաքրում Արցախի հարցով երեկվա բոլոր բանակցողները: Այո, բոլորը, այդ թվում և Ռուսաստանը: Այս իմաստով Լևոն Տեր-Պետրոսյանն ու Նիկոլը միանգամայն տարբեր են: Լևոն Տեր-Պետրոսյանը միջազգային մասշտաբի լայն կապերով և պետության ղեկավարի խարիզմայով հայտնի դեմք էր, նրան լսում էին, հաշվի էին նստում նրա կարծիքի հետ: Իսկ ո՞վ է Նիկոլը… Ոչխարը յոնջա ուտում ա՞… Այո, «ուտում ա» և այնքան համեստություն ունի, որ քաղաքականությամբ չի զբաղվում: 2018-ից սկսած՝ Հայաստանում յոնջա ուտողներն են քաղաքականություն ճշտում: Եվ պրոբլեմը հենց այդտեղ է:

Նիկոլ Փաշինյանը սարսափում է այն մտքից, որ մի գեղեցիկ օր ՀԱԿ-ն ու Լևոն Տեր-Պետրոսյանը կձերբազատվեն իրենից ու կհրաժարվեն այն ժառանգությունից, որ թողել են իրեն: Կարմիր գծեր, ի վերջո, ՀԱԿ-ում էլ կան, և ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Լևոն Տեր-Պետրոսյանն «անառակ որդուն» չի շպրտի փողոց՝ ի կեր այնտեղ վխտացող քաղաքական թափթփուկների: Պատկերացրեք, թե Պուտինի հետ զոնտիկի տակ նկարված Նիկոլին ինչպես կխժռեն նույն ԱԺԲ-ն, Խզմալյան Տիգրանը, Շիրինյան Լևոնը, Սարգսյան Արամը, Բաբաջանյան Արմանն ու մյուսները: Եվ, ահա, Նիկոլն անմարդկային ջանքեր է գործադրում Լևոն Տեր-Պետրոսյանի «զոնտիկի» տակ մնալու համար: Մարդու մեղք էլ է գալիս, բայց ի՞նչ անես, երբ արդեն ամեն ինչ խառնել է իրար և Արցախի ինքնորոշման հարցը տարել-դարձրել է ադրբեջանական բնապահպանների հետ քննարկման առարկա: Այսուհանդերձ ես Նիկոլին մաղթում եմ, որ հույսը չկտրի Լևոն Տեր-Պետրոսյանից՝ այս դժվար կյանքում իր միակ բնական դաշնակցից: Լևոն Տեր-Պետրոսյանն է, չէ՞, ասել, որ բոլորը պետք է համախմբվեն Նիկոլի շուրջ, որովհետև միայն Նիկոլն է տիրապետում Հայաստանին և Արցախին վերաբերող ողջ ինֆորմացիային: Սա փրկօղակ է՝ նետված Նիկոլին, բայց միևնույն ժամանակ նաև՝ ինքնափրկօղակ, որովհետև, եթե «նիկոլիզմը» վերջնականապես կրախի մատնվի և մեռնի, կմեռնի նաև «լևոնիզմը»՝ որպես այն սնուցող ակունք: