Երկու ճանապարհ

Երկու ճանապարհ
Մեծ հաշվով, նոր կառավարության առաջ 2 ճանապարհ կար։ Մեկը՝ ազատականացման, ժողովրդավարացման, ազատ առեւտրի ու տնտեսական քաղաքականության ճանապարհը, որը ենթադրում էր հարկային լայն արտոնություններ տնտեսվարողներին, սահմանները բացել բոլոր ներդրողների առաջ, պայմաններ ստեղծել, որ ամբողջ աշխարհից գան ու ստեղծեն, կառուցեն, արարեն։ Այդ ճանապարհով է գնացել, օրինակ, Արաբական էմիրությունները՝ մի քանի տասնյակ տարում Դուբայի նման հրաշք ստեղծելով եւ ազատ տնտեսական գոտու վերածվելով, որտեղ բոլորին ձեռնտու է եղել ներդրումներ անելը։ Երկիր, որ մորատորիում հայտարարեց հարկային ու տնտեսական հանցագործությունների հետ կապված եւ բազմակի հեշտացրեց բիզնեսի ճանապարհը։ Այս քաղաքականությունը ենթադրում էր, որ գործարարներն ինչ-որ ժամկետով, ասենք՝ 3 տարով, կազատվեն ոչ միայն հարկեր-տուրքեր վճարելուց, այլեւ քրեական հետապնդման, մաքսային եւ այլ վտանգներից։



Պետությունը, այսպես ասած, ժամանակավորապես աչք է փակում անգամ հանցագործությունների վրա, որ երկրի տնտեսությունը ծաղկի, բիզնեսը կայանա։ Իսկ երբ կայանա, ե՛ւ երկրի բյուջեն կլցվի, ե՛ւ հանցագործներին կարելի է պատժել, ե՛ւ հարկերը չվճարողներին բռնել։ Մեր իշխանությունը, փաստորեն, երկրորդ ճանապարհն ընտրեց՝ օրինականություն հաստատելու, հարկերի վճարումից խուսափողներին պատժելու, դիմակավորված անձանց տնտեսվարողների ընկերություններ ուղարկելու եւ հանցագործներին բացահայտելու ճանապարհը։ Սա արդարության հաստատմանը միտված ճանապարհ է, բայց հակացուցված է տնտեսական աճին։ Սակայն հեղափոխական էյֆորիան ներդրումներ չբերեց Հայաստան։ Իզուր չէ, որ սփյուռքահայ գործարարները, որոնք նման մտադրություններ ունեին, զգուշանում են եւ հարցնում՝ դիմակներով մարդիկ բոլո՞ր բիզնեսմեններին են այցելում։