Լրագրողները թող փորձեն չնեղսրտել, երբ պաշտոնյան մերժում է նրանց․ սփյուռքի նախարարի խոսնակ

Լրագրողները թող փորձեն չնեղսրտել, երբ պաշտոնյան մերժում է նրանց․ սփյուռքի նախարարի խոսնակ
Հունգարացի լրագրող Էրանյակ Օգանովան իր ֆեյսբուքյան էջում ամոթանք է տվել ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ հավելելով, որ պետք է վերանայել այդ նախարարության արժեքներն ու նպատակները։ Օգանովան մասնավորապես գրել է․



«Ամոթ ՀՀ սփյուռքի նախարարությանը: Նախարարը կարծում է, որ ավելի կարեւոր է հարցազրույց տալ վիճակախաղային ընկերությանը եւ իր կաբինետում ընդունել երգչի` որպեսզի նրա հետ հետո «սելֆի» անի, քան թե հանդիպի սփյուռքից ժամանած լրագրողին, բազմաթիվ խնդիրների մասին խոսի նրա հետ։ Սա նորմա՞լ է։ Ամոթ։ Կարծում եմ՝ պետք է վերանայել այդ նախարարության արժեքներն ու նպատակները»։



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/40342424_1846275182130716_4021775872389283840_n.png?_nc_cat=0&oh=dc2e6de2135c639ca316173b85ec67dd&oe=5BF6EF0F)



Սփյուռքի նախարարի մամուլի խոսնակ Նունե Այլանջյանից պարզաբանում խնդրեցինք դեպքի վերաբերյալ։ Նրա խոսքով, լրագրողին մերժելու միակ պատճառը եղել է նախարարի ծանրաբեռնվածությունը, իսկ լրագրողներն էլ թող չնեղսրտեն, երբ պաշտոնյան մերժում է իրենց․



«Ես, իսկապես, ցավում եմ, որ Էրանյակ Օգանովան այդքան նեղսրտել է: Անձամբ ես եմ հետը կապի մեջ եղել: Լրագրողին մերժելու միակ պատճառը եղել է նախարարի ծանրաբեռնված օրակարգը: Պարզապես, կհորդորեի իմ գործընկեր լրագրողներին, որ փորձեն չնեղսրտել, երբ պաշտոնյան մերժում է իրենց հարցազրույց տալու հարցում: Աշխատանքային պրոցես է, ու ամեն ինչ էլ կարող է պատահել»:



Նկատեցինք, որ լրագրողը արտասահմանցի է, հնարավո՞ր չի եղել նրա հետ որևէ փոխզիջման գնալ, նախարարը ուրիշ օր կամ ժամ առաջարկե՞լ է․



«Երբ ես վերջին անգամ խոսեցի Էրանյակի հետ, ներողություն խնդրեցի, որ չի ստացվում կազմակերպել հարցազրույցը, այդքանով մեր օնլայն զրույցը ավարտվեց, ու միանգամից արդեն իմացա, որ վրդովված ստատուս է գրել: Բնականաբար, ես նորից կխոսեմ լրագրողի հետ, որ ամեն ինչ իր տեղն ընկնի ու գուցե հաջորդ անգամ ստացվի կազմակերպել հարցազրույցը: Կարծում եմ՝ կտրուկ հայտարարություններ անել պետք չէ»,- **«Հրապարակի»** հետ զրույցում ասաց սփյուռքի նախարարի խոսնակը։