Հավատազերծ լինելը չափազանց վտանգավոր է․ անցումային էսքիզներ

Հավատազերծ լինելը չափազանց վտանգավոր է․ անցումային էսքիզներ
Կինոռեժիսոր Արտաշես Հայ-Արտյանը, ով չափազանց խիստ էր նկարահանման հրապարակում, մի անգամ ասաց․«Եթե խիստ չլինեի, չէի նկարահանի»: Նրա հայտնի ֆիլմերից են «Պատվի համար» և «Հյուսիսային ծիածան» կինոնկարները, որոնք այսօր էլ սիրված են հանդիսատեսի կողմից։ Ի դեպ Հայ-Արտյանը այն հազվադեպ ռեժիսորներից էր, ով աշխատել էր աշխարհի տասը լավագույն ֆիլմերից մեկը համարվող՝ Սերգեյ Էյզենշտեյնի «Պոտյոմկին» զրահանավը» կինոնկարում։ «Ֆիլմ» թերթում հրատարակելու համար նրան մի օր խնդրեցի, որ պատմի թե ինչպես է «Պատվի համար»-ում ընտրել Էլիզբարովի դերակատար Հրաչյա Ներսիսյանին։



-Սկզբում Էլիզբարովի դերակատար էր նշանակված Վահրամ Փափազյանը։ Չթաքցնեմ, նա շատ մեծ հեղինակություն էր վայելում։ Նույնիսկ փորձնական նկարահանումների ժամանակ Փափազյանը խաղաց, սակայն նա հետո հրաժարվեց, որովհետև ես այդ դերում Հրաչյա Ներսիսյանին էի տեսնում։ Հիշում եք նավթի տեսարանը, առաջին օրը հանգամանքների բերումով չստացվեց: Երկրորդ օրը ասիստենտիս խնդրեցի, որ վաղ առավոտյան գնա Հրաչյա Ներսիսյանի տուն և միասին գան, որպեսզի ճանապարհին առաջը չկտրեն, և մի բաժակ բան անգամ չխմացնեն։ Օգնականը վաղ առավոտյան ներս է մտնում նրա տուն, Ներսիսյանը զարմանում է, և ներս հրավիրելով, նստեցնում, ու առաջարկում է, որ մի բաժակ բան խմի:



-Չէ, Վարպե՛տ, ես հենց դրա համար եմ եկել, Հայ-Արտյանը պատվիրել է, որ տեսարանը շատ պատասխանատու է:



Հրաչյա Ներսիսյանը խոժոռվում է, դեմքը կնճռոտում, բայց ոչինչ չի ասում։ Միայն ճանապարհին նրան հորդորում է, որ քաղցած է, գոնե մի բաժակ թեյ խմեն: Կանչում է մատուցողուհուն, բարձրաձայն երկու բաժակ թեյ է պատվիրում և հասկացնում․նրան թեյ, իրեն կոնյակ։ Ասիստենտը շաքարը գցում է թեյի մեջ, Հրաչն էլ է գցում։ Նա թեյը խառնում է, Հրաչն էլ է խառնում։ Ասիստենտը կում-կում խմում է, Հրաչն էլ է կում-կում խմում։ Երբ եկան նկարահանման հրապարակ ես ապշած էի,- պատմում է կինոռեժիսորը։ Երկրորդ օրը մի քանի ժամում նավթի այդ հանրահայտ կադրը նկարահանեցինք։ Այն ինչ մոտ էր Հրաչյաի սրտին,- ամփոփեց ռեժիսորը,- նրա նման ոչ ոք չէր կարող բոցավառվել։ Հիրավի, Հրաչյա Ներսիսյան արտիստն ու մարդը մի տեսակ մեր ժողովրդի խորհրդանիշն էր։ Ժողովուրդը, ինչպես մեծ արտիստը, այսօր բոցավառվել է։ Բոցավառվել է հանուն ազնիվի ու արդարության։ Աստված չտա եթե այս անգամ ևս ժողովրդի երազանքը հավատազերծ լինի։ Այն պարզապես չափազանց վտանգավոր կլինի:



**ՄԻՆՉԵՎ ՔՈՔԱՀԱՆ ՉԱՐՎԻ, ԲԱՆ ԴՈՒՐՍ ՉԻ ԳԱ…**



Մի ժամանակ Խորհրդային Միությունում հրեաներին օր ու արև չէին տալիս … Ոմանք` այսինքն, ավելի խելոքները, ամուսնանում էին հայի կամ հայուհու հետ, ազգանուները փոխում, դրանով իսկ ազատվում այդ բարդույթից: Նրանցից շատերն էլ իրենց հայ կոլեգաների օգնությամբ գալիս էին Հայաստան մի փոքր շունչ քաշելու…Դիցուք Աբրահամ Ալիխանովի նախաձեռնությամբ, նույնիսկ,ամենաչնչին առիթներով իր եղբոր Արտեմ Ալիխանյանի միջոցով Հայաստան են եկել համաշխարհային համբավ ունեցող գիտնականներ՝ Կապիցան, Լանդաուն,Վելիխովը և ուրիշներ։



Գիտության, գրականության, արվեստի, կինոյի, թատրոնի և բազմաթիվ այլ բնագավառի հայ ներկայացուցիչները միշտ էլ տարբեր պատրվակներով ժամանակին հովանի, կամ պաշտպան էին դառնում իրենց հրեա կոլեգաներին՝ 60-ականների Հայաստանյան, անհամեմատ, ազատ օդը շնչելու և արարելու համար: Այդ ավանդույթը մեզանում, իհարկե, գալիս է դեռևս վաղ շրջանից: Նույնիսկ մեծ հայրենականի տարիներին Ղրիմում Դրաստամատ Կանայանը՝ Դրոն հայերի անվան տակ բազմաթիվ հրեաներ է ընդգրկել իր լեգիոնում՝ նրանց փրկելով մահվան ճիրաններից:



Մեծագույն կինոռեժիսոր Անդրեյ Տարկովսկին և գրող Վասիլի Գրոսմանը որոշակի ներդրում ունեն մեր մշակույթում: Տարկովսկին ռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանի «Հնձան» ֆիլմի գեղարվեստական ղեկավարն էր, իսկ Գրոսմանը Երևան էր այցելել գրող Հրաչյա Քոչարի պատերազմական թեմայով վիպակների և պատմվածքների թարգմանության առիթով:



Եվ ահավասիկ Վասիլի Գրոսմանն այցելելով ու շրջելով Հայաստանում մի հրաշալի գրական գործ ստեղծեց` «Բարին ընդ ձեզ, հայեր և ոչ հայեր»։ Ինչպես կռահեցիք, այդ ոչ հայերն էլ իրենք` հրեաներն են: Առաջ անցնելով ասեմ, որ այդ նոթագրությունը մեր ուսանողական շրջանի սեղանի գիրքն էր:



Այստեղ Գրոսմանը ակնարկում է, որ հայկական գյուղերից մեկում՝ կարծեմ Հրազդանի շրջանում՝ տրակտորիստին հանձնարարում են, որ գիշերը գյուղամիջից բոլոր ժողովուրդների հոր`Ստալինի արձանը հանի: Տրակտորիստը գիշերը հաստ տրոսը գցում է ընկեր Ստալինի վզին ու քաշում հանում է: Երբ հանում մի կողմ է քաշվում. մտքում տալիս առնում է` բա էս Ստալինի կողքին կանգնածներին ինչի թողնի որ: Տրակտորիստս հաստ տրոսը գցում է սկզբում Մարքսի, հետո էլ Լենինի վիզը ու հանում գցում է: Մի մոռացեք որ այս ամենը Գրոսմանը գրել է խորհրդային տարիներին:



Առավոտյան գյուղի ղեկավարները իրար են խառնվում, տրակտորիստին կանչում և ասում. «Այ գյադա ,էս ինչ ես արել, ուզում ես ոտով գլխով բոլորիս էն աշխարհն ուղարկե՞ս»: Սա տանում բերում և ասում է, որ դուք ինձ ասացիք ընկեր Ստալինի արձանը հանեմ, ես էլ հանելուց հետո մտածեցի, որ լավ կլինի նրան քոքահան անեմ…



Հիմա մտորում եմ, որ եթե անկախության շրջանում բուն դրած մեր այս վարք ու բարքերն ուզում ենք վերացվի, մինչև արատները քոքահան չարվի, համակարգը ոտից գլուխ չփոխվի գուցե բան դուրս չգա…



Այս առումով Անդրեյ Տարկովսկին և Վասիլի Գրոսմանը ժամանակին շատ բաներ են քոքահան արել ու փոխել…



Գուցե դրանից հետո մի լույս բացվի ․․․



Արձանագործ ընկերոջս հետ հաճախ ենք խոսում, որ անկախության մեր այս տարիներին Երևան քաղաքում, և ոչ միայն Երևանում, թե ինչքան անճաշակ քանդակներ են տեղադրվել։ Գրաքննության անվան տակ նախկին գեղարվեստական խորհուրդները վերացրինք և ում խելքին ինչ փչեց, արվեստի ու գեղեցիկի հետ կապ չունեցող ամեն մեկը իր ճաշակին համապատասխան գործեր տեղադրեց։ Հինը ոչնչացրին, տեղը ոչինչ չստեղծելով։ Մի պահ շրջայց կատարեք ոչ թե Հյուսիսային պողոտայով, այլ նրա ետնամասով: Կտեսնեք, որ Երևանի կենտրոնը քարակույտի է վերածվել։ Ո՛չ խաղահրապարակ, ո՛չ ծառատունկ անելու հնարավորություն, մեկ քառակուսի մետր անգամ չենք թողել։ Մտածել ենք միայն փող, փող ու էլի փող աշխատելու մասին։ Ճշմարտությունը պահանջում է ասել, որ այդտեղի բարաքները, փլատակները վերացան, բայց այստեղ էլ Օպերայի դիմացի երկու բարձահարկերը Թամայանական այդ հրաշալի կոթողի, միջավայրի ներդաշնակությունը խախտեցին։ Գործն արդեն հասնելու էր Հանրապետության հրապարակին, և փառք Աստծո չհասավ։ Դիցուք մի պահ մտաբերենք Բաղրամյան 26-ի` նախկին Գերագույն խորհրդի, ներկայիս նախագահականի՝ ճարտարապետ Մարկ Գրիգորյանի գեղեցիկ շինությունը: Անվանի ճարտարապետն իր նախագծով շենքի դիմաց պարիսպ չէր նախատեսել և մինչև անկախությունը այդպես էլ կար։ Այն ժամանակ դա խորհուրդ ուներ, գուցեև պլակատային էր այդ խորհուրդը, սակայն պարիսպ հո չկար: Ցավոք, դեմոկրատներս արագ-արագ պարսպապատեցինք…Թե ումի՞ց էինք վախենում`չգիտեմ: Այն էլ ասեմ, որ դա անկախ Հայաստանի առաջին շրջանի միակ շինարարությունն էր… Մի անգամ գյումրեցի մի տարեց կին ասաց․«Եթե էդ ձեր կինոյի միտքը ղալբ չի, դահլիճում լույսերն ինչո՞ւ եք մարում»: Հիմա, եթե ժողովրդավար դարձանք, պարիսպն ինչու՞ հապշտապ կառուցեցինք։ Քանդակագործ ընկերս և ես այն կարծիքին ենք, որ պետք է հավատարիմ մնանք ճարտարապետի նախագծին։



Քանդել է պետք նախագահականի այդ «չարագույժ» պարիսպը…



Գուցե դրանից հետո մեր ժողովրդի վրա մի լույս բացվի...



**Ռոբերտ Մաթոսյան**