Միջազգային հետախուզում է հայտարարվել 27 անձի նկատմամբ

Միջազգային հետախուզում է հայտարարվել 27 անձի նկատմամբ
Աղմկահարույց բացահայտումները, նախկինում անձեռնմխելի թվացող անձանց կալանավորումներն ու նրանց նկատմամբ հայտարարված հետախուզումները իշխանափոխությունից հետո դարձան մեր առօրյայի անբաժանելի մասը։ Մոտ երկու ամիս առաջ Հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 06.07.2018թ.-ին ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել Լյովա Սարգսյանին (Սերժ Սարգսյանի եղբայր-խմբ) և վերջինիս դստերը` Անի Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել նաև Լ. Սարգսյանի որդուն` Նարեկ Սարգսյանին։ Լյովա եւ Անի Սարգսյանների նկատմամբ հայտարարվեց հետախուզում, իսկ Անի եւ Նարեկ Սարգսյանների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը չհեռանալու մասին։ Հետախուզվողների մասին հստակ վիճակագրություն իմանալու նպատակով հարցում էինք հղել ՀՀ ոստիկանություն։



Մասնավորապես մեզ հետաքրքրում էր, թե մայիսի 8-ից (այդ օրը ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին ընտրեց վարչապետ) սկսած քանի՞ ՀՀ քաղաքացու նկատմամբ է հայտարարվել հետախուզում, քանի՞ ՀՀ քաղաքացու նկատմամբ է հայտարարվել միջազգային հետախուզում։ Հետաքրքրվել էինք նաեւ, թե հետախուզվող անձանցից քանի՞սն են նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, հետախուզվող ՀՀ քաղաքացիներից քանի՞սն են հայտնաբերվել, ի՞նչ մեղադրանքներ են առաջադրվել նրանց։



Ի պատասխան մեր հարցման, ՀՀ ոստիկանությունն արձագանքել է․ «Ս/թ․ մայիսի 8-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում, համաձայն ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պահոցներում եղած տեղեկատվության՝ ՀՀ տարածքում հետախուզում է հայտարարվել 1882 անձի նկատմամբ, որոնցից՝ 1451-ը պարտապաններ են, 266 անձ հետախուզվում է ՀՀ քր․ օր-ի 327 հոդվածի (Ժամկետային զինվորական ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը) հատկանիշներով, իսկ 165 անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ քր․օր-ով նախատեսված տարբեր հանցագործություններ կատարելու համար, որոնցից 4-ը նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ են։ Նույն ժամանակահատվածում միջազգային հետախուզում է հայտարարվել 27 անձի նկատմամբ»։ Իսկ ահա նույն ժամանակահատվածում պարզվում է, որ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների համաձայն՝ ՀՀ տարածքում ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1286 հետախուզվող, որոնցից 535-ը պարտապաններ են, 482-ը հետախուզվել են ՀՀ քր․ օր-ի 327 հոդվածի մեղադրանքով, 269-ը` ՀՀ քր․օր-ով նախատեսված այլ հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվելու համար, իսկ նախկինում բարձրաստիճան պաշտոնյա հանդիսացող հետախուզվող անձինք չեն հայտնաբերվել։