Ինչու՞ Քոչարյանը

Ինչու՞ Քոչարյանը
Ռուսական НТВ հեռուստատեսությանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցը բավական խորքային վերլուծությունների առարկա է դարձել Ադրբեջանում: Խնդիրը քննարկվում է այն կտրվածքով, որ եթե գրեթե պետականի կարգավիճակ ունեցող հեռուստաընկերությունը Հայաստանի երկրորդ նախագահին նման հնարավորություն ընձեռել է, ուրեմն «իշխանական առանձնասենյակներում Քոչարյանի վրա խաղադրույք դնելու որոշումն արդեն ընդունված է»:



[Հրապարակման](https://minval.az/news/123819228) հեղինակն, իհարկե, հիշեցնում է, որ Ռոբերտ Քոչարյանը ղարաբաղյան պատերազմի մասնակից եւ «անջատողականների պարագլուխ է եղել», բայց դրանից վերլուծության ընդհանուր տրամադրվածությունը չի տուժում: Գրեթե ակնհայտ է դառնում, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքակրթական հեղափոխությունը լրջորեն խառնել է Ադրբեջանի հաշվարկները, իսկ հայ-ռուսական հարաբերություններում իրավահավասարության վերականգնումը պարզապես ի դերեւ է անում ադրբեջանական կողմի սպասելիքները, թե Մոսկվան կարող է ճնշում գործադրել Երեւանի վրա:



Տպավորություն է, որ Ադրբեջանը խորապես ափսոսում է կազանյան «բանաձեւով» Հայաստանի հետ պայմանավորվածության գալու հնարավորությունը բաց թողնելու համար եւ շատ բան կտար, եթե առաջիկայում նման եւս մեկ առիթ ունենար: Դա հնարավոր է միայն մի դեպքում՝ եթե Հայաստանում, ինչպես ադրբեջանական լրատվամիջոցն է ձեւակերպել, Ռոբերտ Քոչարյանը հասնի ռեւանշի: Այդ դեպքում Մոսկվան, Բաքուն եւ Երեւանը կվերադառնան քաղաքակրթական նույն մակարդակին, եւ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կդիտարկվի որպես եվրասիական ընդհանուր տարածքին վերաբերող հարց:



Հայաստանի ներկայիս իշխանության հետ պայմանավորվելու հնարավորություն ներկայումս չկա: Երկու օրից սպասվում է Ադրբեջանի նախագահի այցը Մոսկվա: Դրան ընդառաջ Բաքվի ազդեցիկ լրատվամիջոցներից մեկը ծավալուն խմբագրական է հրապարակել, որտեղ այն միըտքն է զարգացվում, որ Ադրբեջանը եւ Ռուսաստանը «դատապարտված են լինել աշխարհաքաղաքական դաշնակիցներ»: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը տեսնում է եվրասիական տարածքում Հայաստանի եւ Ադրբեջանի հավասար ինտեգրման պայմաններում: Այս իմաստով Հայաստանի քաղաքական կյանքում Ռոբերտ Քոչարյանի հնարավոր դերակատարությունն, ըստ երեւույթին, Մոսկվան տեսնում է ԵԱՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության հարցի նկատմամբ ընկալունակությամբ:



Այս համատեքստու՞մ է քաղաքականության վերադառնալու մասին հայտարարում Ռոբերտ Քոչարյանը: Չի բացառված, որ դա ադրբեջանական քարոզչության վարկածն է, բայց ամեն դեպքում զուգադիպությունները հետաքրքրական եզրահանգումների են մղում: