Արևմտյան Հայաստանում գտնվող Աղբյուր Սերոբի գերեզմանից մի բուռ հող են բերել

Արևմտյան Հայաստանում գտնվող Աղբյուր Սերոբի գերեզմանից մի բուռ հող են բերել
2017 թվականին հիմադրված «Ֆիդայիներ» բարեգործական-հասարակական կազմակերպության նախագահ, ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանն ու նրա թիմը վերջերս են վերադարձել Արևմտյան Հայաստանից։ Գնացել էին հատուկ առաքելությամբ՝ մի բուռ հող բերելու Աղբյուր Սերոբի գերեզմանից։ Բայց նախ գերեզմանի պատմությունը․ «Ես պատմություններ շատ եմ ընթերցել։ Մի անգամ Անդրանիկ Չելեպյանի «Զորավար Անդրանիկ» գրքում ինձ հանդիպեց հետևյալ նյութը․ երբ դավադրաբար Աղբյուր Սերոբի գլուխը կտրել են, թրի վրա բերել են Բաղեշ՝ ահուսարսափի մթնոլորտ ստեղծելու համար։ Բաղեշի առաջնորդարանի եղեղեցականը եղել է Եղիշե Չիլինգարյանը, նա գնել է Աղբյուր Սերոբի գլուխը և գիշերը ժողովրդի աչքից անտես թաղել արևելյան գմբեթների դիմաց գտնվող թթենիների տակ»,- պատմեց Սեյրան Չիլինգարյանը։



Ազատամարտիկի նպատակն է եղել մի բուռ հող բերել Աղբյուր Սերոբի գերեզմանից կամ գլխի թաղած տեղից և այստեղ գերեզման շինել։ Սեյրեն Չիլինգարյանի խոսքով՝ Աղբյուր Սերոբն է եղել այն առաջին ֆիդայապետը, որ ջոկատ է կազմել՝ հայկական գյուղերը պաշտպանելու համար, չնայած մինչ այդ եղել են և ֆեդայիներ, որոնք «անհատ» կռվողներ են եղել․ « Գնացել էինք Արևմտյան Հայաստան, սակայն Կարմրակնյա եկեղեցին չէինք գտել, որի գավիթում էլ թաղվել էր ֆիդայու գլուխը։ Մեզ այնտեղ ցույց տվեցին մեկ ուրիշ եկեղեցի և ասացին, որ իրենց փնտրածը պիտի որ դա լինի։ Երևում էր, որ այն եկեղեցի էր եղել և միևնույն ժամանակ գոմի չէր վերածվել, պարզապես քրդերն այնտեղ անաստակեր էին պահում։ Հենց այդ եկեղեցում էլ միջոցառում արեցինք։ Այն կազմակերպել էր Արագած Ախոյանը։ Եկեղեցու խցերից մեկից մի բուռ հող վերցրինք, խնկավառություն արեցինք։ Ընթերցեցինք նաև հատված «Զորավար Անդրանիկ» գրքից»,- ասաց Սեյրան Չիլինգարյանը։



Նոյեմբերին Սեյրան Չիլինգարյանը մտադիր է բերված հողը հանձնել Զորավար Անդրանիկի տուն-թանգարանին․ «Աղբյուր Սերոբը զոհվել է նոյեմբերին, և ես ցանկանում եմ նոյեմբերի 7-ը հռչակել ֆիդայիների օր։Ի դեպ, այդ օրը եղել է ինչ-որ հին կոմունիստական տոն։ Պայմանավորվածություններ եմ ձեռք բերել մոտ 20 աշուղների, երգահանների հետ, որ նրանք 1870-1920թթ․ ընկած ժամանակահատվածի մեր ֆիդայիների համար նոր երգեր ստեղծեն։ Հենց նոյեմբերի 7-ին էլ մտադիր եմ ներկայացնել այդ երգերը։ Ահա այդպիսի մի հեղաշրջումային բան եմ ուզում անել»։



Ազատամարտիկն արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել, որ Հայաստանում ստեղծվի ֆիդայապատ․«Մոտ 300 նվիրյալ ֆիդայիների համար ուզում եմ ինչ-որ տեղ պատ ստեղծել, որի վրա կլինեն նրանց ֆիդայական նկարները՝ ծնվելու և զոհվելու տարեթվերով։ Չատերը չունեն դիմապատկերներ, բայց դրանք կվերականգնվեն։ Դրան զուգահեռ այնտեղ կլինեն մարդկանց նկարներ, որոնք էլի գործել են հանուն հայրենքի, բայց ոչ կռվելով, օրինակ՝ Պողոս Նուբար Փաշա, Մանթաշով և այլն։ Ֆիդայիների նկարներն այդ պատի վրա կլինեն սև ֆոնի վրա, իսկ մնացածինը՝ կարմիր քարի վրա»,- ասաց Սեյրան Չիլինգարյանը։ Տարբեր համալսարաններում ժողովներ են կազմակերպել, խորհրդակցություններ են արվում Ճարտարապետների միության հետ, պայմանավորվածություն է ձեռք բերեվել Ազգային արխիվի հետ, որպեսզի ամեն ինչ կազմակերպվի հավուր պատշաճի։ Թե ում դիմապատկերները կլինեն ֆիդայապատի վրա, կորոշի հատուկ հանձնաժողովը։



**Սլավա Բադալյան**