Քաղաքապետ Հայկը չի լինելու, այլ՝ բոլոր երևանցիները

Քաղաքապետ Հայկը չի լինելու, այլ՝ բոլոր երևանցիները
_Հարցազրույց երաժիշտ, երգահան Արթուր Իսպիրյանի հետ_



**-Պարոն Իսպիրյան, Դուք նույնպես ընդգրկված եք ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում։ Ինչո՞ւ եւ ինչպե՞ս որոշեցիք գնալ այդ քայլին։**



-Ուզում եմ օգտակար լինել իմ քաղաքին եւ վաղուց ցանկություն ունեի մասնակցելու ավագանու աշխատանքներին։ Եթե ինձնից ավելի շատ քաղաքը սիրող կա, ես իմ տեղը մեծ հաճույքով նրան կզիջեմ, բայց ես գիտեմ, որ իմ քաղաքն այնքան շատ եմ սիրում ու այնքան բան եմ տեսնում, որ շատ մարդիկ դա չեն էլ տեսնում, թեկուզ նախկին ավագանու անդամներից։ Բաներ կային, որ կարելի էր լուծել, բայց լուծում չէին ստանում։ Ես զարմանում էի, թե ոնց կարող է ավագանին դա չնկատել, ոտքով ման չգա քաղաքում, ու չգնան այդ թերությունները չտեսնեն, որովհետեւ լիքը խնդիրներ կան։ Մեկ-մեկ ինձ հարցնում են՝ առաջնային կամ երկրորդական խնդիրները որո՞նք են, նախեւառաջ ո՞րը կլուծեիք․ իմ կարծիքով՝ առաջնային, երկրորդական չկա, բոլորն էլ առաջնային են՝ սկսած բնապահպանությունից, քաղաքաշինությունից, էկոլոգիայից, տրանսպորտից, որն ահավոր կրիտիկական վիճակում է։



**-Իսկ ուրիշ կուսակցություններից ստացե՞լ եք առաջարկ՝ ընդգրկվելու իրենց ցուցակներում։**



-Ոչ, ուրիշ կուսակցություններից առաջարկ չի եղել, նախկինում «Բարեւ, Երեւան» դաշինքի ցուցակում էի, համար 8-ն էի ու չանցա, որովհետեւ 7 հոգի անցավ։ Ավագանի չդարձա, բայց ավագանու չափ աշխատել եմ, միգուցե շատ ավագանիներից ավելի շատ, որովհետեւ նման շաբաթ չկար, որ մի 5-6 հարցով չեմ դիմել հենց մեկը Անահիտ Բախշյանին՝ շատ վստահելի մարդու, ով 70 տոկոսով լուծում էր բարձրաձայնված հարցերը։



**-Ձեր գործունեությունը հիմնականում ո՞ր հանձնաժողովում եք պատկերացնում՝ քաղաքաշինական, բնապահպանական, կրթության։**



-Հիմնականում իմ աշխատանքը պատկերացնում եմ քաղաքի էսթետիկ տեսքին, դիզայնին վերաբերող հարցերում, որովհետեւ մեր քաղաքում որտեղ նայում ես, կարծես «տեսողական աղբանոց» լինի՝ գովազդներից սկսած մինչեւ այն, որ ամեն բիզնես ինչ գույնի ուզում՝ ներկում է իր պատերը։ Ես ինձ պատկերացնում եմ բնապահպանական, կանաչապատման մեջ՝ այգիների պահպանման, վերականգնման գործում։ Քաղաքաշինության մեջ էլ եմ ինձ տեսնում, որովհետեւ իմ ամենացավոտ կողմն է, երբ ինձնից գողացան իմ մանկության քաղաքը եւ հիմա բազմաթիվ անլուծելի կոպիտ սխալներ են արել քաղաքաշինության մեջ՝ հատկապես փոքր կենտրոնում, իսկ ծայրամասերի դեպքում ընդհանրապես ոչ մեկի ձեռքը կարծես չի էլ հասնում, բարձիթողի վիճակ է։ Կենտրոնի վրա մեծ հարձակումներ են եղել քաղաքաշինական տեսանկյունից, հատկապես բնակելի բակերում սկսել էին սեփականաշնորհել այդ տարածքները, աճուրդի էին հանում եւ տեղում շենքեր կառուցում։ Այսպիսի օրինակներ ես շատ կարող եմ բերել, նաեւ այնպիսիք, որ չհասցրեցին անել ի ուրախություն մեզ՝ առանց հաշվի առնելու բնակիչների բողոքները, պայմանները։ Օրինակ՝ Տերյան 1-Պուշկին խաչմերուկում ամենաբարձր շենքը՝ նույնիսկ Մոնումենտից, Արարատն է փակում, որովհետեւ ինչ-որ մեկը ցանկացել է այդ փոքր փողոցի վրա կառուցել 30 հարկանի հյուրանոց։ Այսինքն՝ ով ինչ ուզեցել, արել է, ոչ ոք իրենց չի ասել՝ ոչ։ Ես ձեզ հավատացնում եմ՝ եթե Հայկն ընտրվեց, նման բան չի լինելու, եւ նրա ընտրվելուց հաշվեք, որ ընտրվեց ամբողջ ժողովուրդը, երեւանցիները։



**-Ինչպե՞ս եք գնահատում Հայկ Մարությանի շանսերը, քաղաքապետի այս ընտրություններին 9 հոգի է մասնակցում՝ էլի ճանաչված դեմքեր շատ կան։**



-Այդ ճանաչված դեմքերին ես ճանաչում եմ, բայց չի եղել մի դեպք, որ Երեւանի խնդիրների համար մենք հավաքվենք, պայքարենք, ու նրանցից մեկը, բացի Զարուհուց, այնտեղ եղած լինի։ Իսկ Հայկը միշտ եղել է ժողովրդի կողքին։ Ես իր հետ շատ եմ շփվում, եւ երբ տեսնեք, թե քանի հատ ուսումնասիրություն ունի, քանի հատ գիրք ունի Երեւանի մասին, կհամոզվեք, որ այս մարդը Երեւանը սիրում է։ Ու այստեղ միայն Հայկը չէ, մենք ենք՝ երեւանցիներս, որ լինելու ենք նրա կողքին։ Անկեղծ եմ ասում՝ իմ ընտանիքից հետո իմ Երեւանն իմ համար ամենաթանկ բանն է, որովհետեւ ամեն քարով ապրում եմ եւ հիմա էլ այստեղ՝ Մոնումենտից կանգնած նայում եմ ու ամեն ինչ նկատում եմ, իսկ Սովետաշենի աղբավայրն իմ ամենացավոտ տեղն է, որն այսքան տարի թունավորել է այս ժողովրդին։ Աշխարհում նման հետամնաց երկիր չկա, որ աղբը նման ձեւով վառեն։



**-Իսկ ընդհանրապես «ՔՊ»-ի թիմի մասին ի՞նչ կասեք, է՞լ ովքեր են ընդգրկված։**



-Բավականին ծանրակշիռ թիմ ունենք՝ թե՛ Սփյուռքից, թե՛ Երեւանից, որոնց մեջ են ճարտարապետներ, բնապահպաններ, ծառատեսակի մասնագետներ, էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման հարցերով մասնագետներ․ չեք պատկերացնի՝ ինչ մեծ թիմ, ինչ մեծ էներգիա կա մեր կողքը կուտակված։ Հուսով եմ, որ մեր Հայկը կընտրվի, որովհետեւ իրեն դեռ չեք ճանաչում, եւ հեռուստացույցով ու այդ սերիալներով պետք չէ իրեն դատել, ինքը շատ լուրջ եւ կազմակերպված անձնավորություն է եւ լավ կազմակերպիչ է։ Երբ մենք հավաքվում ենք ինչ-որ մի հարցի շրջանակներում, ինքը միշտ լինում է էպիկենտրոնում։ Տրանսպորտի 150 դրամի համար մղվող պայքարում ինքն էր կազմակերպում, երիտասարդներին մոբիլիզացնում։ Այսինքն՝ կազմակերպչական մեծ ջիղ ունի, ու այն բացասական էմոցիաները, որ հիմա Ֆեյսբուքում տեսնում եմ իր հանդեպ, ուղղակի զզվելի է, եւ ուզում եմ բոլորին ասել, որ քաղաքապետ Հայկը չի լինելու, այլ՝ բոլոր երեւանցիները, իսկ ամենակարեւորը՝ ազնվագույն մարդ է, հավատացեք, ոչ մի կուսակցական պատվեր չի կատարելու, ծառայելու է ժողովրդին եւ Երեւանին։ Ես էլ չնայած դեռ չեմ ընտրվել, բայց պատրաստել եմ միլիոնավոր հարցեր։



**-Դուք ցուցակում ո՞ր տեղում եք։**



-Գիտեք, չեմ հետաքրքրվում, չեմ էլ հարցրել, թե որ տեղում եմ, որովհետեւ տեղի ձգտող չեմ, որ տեղում եղա՝ եղա, ինձնից առաջ հաստատ արժանի մարդիկ կլինեն, թող իրենք անցնեն։ Ոնց որոշեցին, այդ տեղում էլ կլինեմ, դա ինձ ամենաքիչն է հետաքրքրում։



**-Իսկ ինչպե՞ս եք նախընտրական քարոզչությունն իրականացնելու, կա՞ որոշակի մարտավարություն։**



-Անպայման կլինեն հանդիպումներ, եւ եթե պետք լինի, ես էլ կգնամ, կուսակցություն չեմ ընդունվել, որպեսզի դառնամ ավագանու անդամ, ես վաղուց արդեն «ՔՊ»-ի հոգաբարձուների խորհրդի անդամ եմ։ Արվեստագետների մեծ թիմ ունենք եւ պայքարելու ենք նաեւ մշակույթի ասպարեզում, որպեսզի մշակութային վերելք լինի քաղաքում, եւ ճիշտ տեղերում ճիշտ միջոցառումներ լինեն՝ ավելի գրագետ ու հիշվող, ոչ թե ձեւական, որ արեցինք, փողերը ծախսեցինք ու գնացինք տուն։



Այսքան ժամանակ, արդեն 26 տարի է՝ ոչ մի լուրջ ներդրում չի արվել Երեւանում, բացի սփյուռքահայերից, օրինակները շատ են՝ օդանավակայանը, Գաֆեսճյան թանգարանը, Պողոսյան այգիները, «Թումո» կենտրոնը, Ամերիկյան համալսարանը, Անգլիական այգին։ Այսինքն՝ այդ մարդիկ բացի նրանից, որ իրենց համար շենք են սարքել կամ հյուրանոց, ոչ մի լուրջ ներդրում չեն արել քաղաքում, մենակ իրենց գրպանների մասին են մտածել, ու հիմա, որ վերեւից նայում եմ, անգիր գիտեմ, թե որն ում շենքն է, ում տունն է։ Այսինքն՝ իմ բալկոնից երեւում է կոռուպցիան։ Ծառահատումների մասին էլ չասեմ, առաջին հերթին գնալու եմ Օղակաձեւ այգում պտտվեմ ու տեսնեմ, թե այդ ով է իրեն թույլ տվել, որ ինչ ուզի, սարքի, այգին դարձրել են իրենց բախչեն, գիշերներն էլ բետոն են անում, ծառ են կտրում, որ ո՛չ լրագրող լինի, ո՛չ ակտիվիստ։ Ով ինչ ուզում, որտեղ ուզում՝ կառուցում է, սրանից հետո նման բան չպետք է լինի, որովհետեւ ով հասել եւ ոնց հասցրել է, բզկտել է այս քաղաքը։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**