Կառավարությունը ժամանակ է ձգում

Կառավարությունը ժամանակ է ձգում
Ամուլսարի հարցը լուծելու համար բնապահպանության տեսչական մարմնի առաջարկը, որն արվել է «նոր էկոլոգիական գործոններն» ուսումնասիրելուց հետո՝ ուժը կորցրած ճանաչել «Լիդիան Արմենիա»-ին տրված փորձաքննական եզրակացությունը եւ դադարեցնել ընկերության գործողությունները, բախումների պատճառ է դարձել Ջերմուկի պաշտպանների եւ այս ընկերության աշխատակիցների միջեւ։ Օգոստոսի 27-ի առավոտյան «Լիդիան Արմենիա» ընկերության ղեկավարությունն ու աշխատակիցները գրոհել են Ամուլսարի պաշտպանական դիրքերը եւ փորձել հետ գրավել դեպի ձեռնարկություն տանող ճանապարհները։ Պահպանության 1-ին կետում բախում է տեղի ունեցել բնապահպանների հետ։ «Լիդիանի» աշխատակիցները նույնիսկ գազի բալոններ են ունեցել իրենց մոտ եւ դրանք փչել են բնապահպանների երեսին։ Ոստիկանները հսկել են հակամարտության գոտին, բաժանել են պարբերաբար բռունցքներով ու քարերով իրար վրա հարձակվող տղամարդկանց, սակայն կոշտ միջամտություն չեն ցուցաբերել։ Տարածված տեսանյութերում երեւում է, թե ինչպես են «Լիդիանի» աշխատակիցներն իրենց հերթին մեքենաներով փակել միջհամայնքային ճանապարհը։ Բնապահպաններն ի վերջո հաղթել են հանքարդյունաբերողներին։ Ջերմուկի ճանապարհը փակվել է, իսկ հանք տանողն այդպես էլ չի բացվել։



Հիշեցնենք, բնապահպաններն ու տեղացիները պաշտպանական դիրքեր են ստեղծել այստեղ՝ առաջին, երկրորդ գիծ, հերթապահություն են սահմանել, եւ արդեն երկու ամսից ավելի է՝ ելումուտը «Լիդիան Արմենիա» ՓԲԸ փակ է։



**Ջերմուկի փրկիչը թիթեռ է**



Վերադառնանք, սակայն, տեսչական մարմնի ստուգումների արդյունքներին, որոնք բնապահպաններն ընդունել են ոգեւորությամբ։ Ըստ տեսչության՝ այն Կարմիր գրքում գրանցված «ոզնաթուփ մեխակ» բուսատեսակ է հայտնաբերել Ամուլսարում, ինչպես նաեւ «Ապոլո» տեսակի թիթեռ, ապա այս նոր հանգամանքների ուժով որոշել է, որ շրջակա միջավայրի ազդեցության վերաբերյալ 2016 թվականի գնահատականը չի համապատասխանում դրանց, եւ այն պետք է փոխվի։ Տեսչականը բնապահպանության նախարարությանն առաջարկել է նոր փորձաքննություն նշանակել, նոր ՇՄԱԳ կազմել, իսկ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին հանձնարարել է ձեռնպահ մնալ Ամուլսարի հանքավայրում ընդերքօգտագործման հետ կապված որեւէ գործողություն կատարելուց, մինչեւ նախարարությունը նոր փորձագիտություն չիրականացնի։ Մեկնաբանելով տեսչական մարմնի այս քայլը՝ բնապահպաններից Թեհմինե Ենոքյանը գրել է՝ «Ապոլո» թիթեռը փրկեց Ամուլսարը։



**Մաշտոցի պուրակի նախկին պաշտպանը դիմել է դատախազին**



Եվս մի անակնկալ եղավ բնապահպանների համար․ տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը, որը նախկինում բնապահպան ակտիվիստ է եղել, Մաշտոցի պուրակի պաշտպաններից, դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից առանց ընդերքօգտագործման իրավունքի լեռնային զանգված արդյունահանելու փաստի կապակցությամբ։ ««Եղեգնաձոր» ՋՕ ընկերության նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ՝ Կեչուտ-Զառիթափ ոռոգման ջրագծից «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին արտադրական նպատակներով ջրամատակարարման իրավաչափությունը պարզելու համար: Խոշորացված Ջերմուկ քաղաքի համայնքապետարանի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ՝ Գնդեվազի գյուղապետի կողմից «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությանը Գնդեվազ համայնքի «Յոթ աղբյուր-Գնդեվազ» ջրատարից ջրի օգտագործման համար, շինարարության փուլում ոչ ստատիկ ջարդիչ կայանների տեղադրման համար թույլտվություն տրամադրելու իրավաչափությունը պարզելու նպատակով»։ Անօրինական ջրամատակարարման եւ ջարդիչ կայան տեղադրելու փաստերը, որոնք բացահայտել են տեսուչները, նորություն էին Ամուլսարի պաշտպանների համար։ Աշխարհագրագետ Լեւոն Գալստյանը, որը տարիներ ի վեր պայքարում է Ամուլսարի ծրագրի դեմ, ասաց, որ այս մասին իմացել է առաջին անգամ՝ տեսչական մարմնի օգոստոսի 27-ի հաղորդագրությունից։ «Փաստորեն, տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել եւ կասկածներ ունի, որ ընկերությունը չթույլատրված տեղից հանքաքար է հանել։ Տեսչական մարմինը, հավանաբար, հիմքեր ունի կասկածելու, որ ջրօգտագործող ընկերությունները նրանց ապօրինի ջուր են տրամադրել»,- ասաց բնապահպանը՝ հավելելով, որ դրական է գնահատում տեսչական մարմնի աշխատանքը, սակայն սա ընդամենը առաջարկ է։ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն իր պատասխանում տեսչական մարմնին հակադարձում է․ «Տեսչությունը զուտ երկու փորվածքի առկայությունը դիտարկել է որպես «օգտակար հանածոյի արդյունահանում»։ Տեսչության հետ հանդիպման ժամանակ բազմիցս խնդրեցինք պարզաբանել, թե, ըստ իրենց, ինչ օգտակար հանածոներ են արդյունահանվել այդ փորվածքներից, սակայն այդ հարցին տեսչության որեւէ ներկայացուցիչ այդպես էլ չկարողացավ պատասխանել»։



Ապօրինի ջրօգտագործման փաստերը, ըստ «Լիդիանի», իրեն չեն վերաբերում։ «Վերջնական որոշումը պետք է իրականացնի բնապահպանության նախարարությունը»։



**Տեսչական մարմնի հանձնարարականները պարտադիր կատարման ենթակա չեն**



Նախարարության տեղեկատվության եւ hասարակության հետ կապերի վարչությունից մեզ հաղորդեցին, որ տեսչական մարմնի գրությունը կքննարկվի։ «Մենք երեկվա դրությամբ ստացել ենք այն։ Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին օրենքով սահմանված կարգով գրությունը կքննարկվի, եւ քննարկումներից հետո կպատասխանենք 30-օրյա ժամկետում։ Այս 30 օրն օրենքով սահմանված առավելագույն ժամկետն է, հնարավոր է, որ ավելի շուտ էլ պատասխանենք»,- ասաց հիշյալ վարչության պետ Արմեն Վարդանյանը։ Մեր ճշտող հարցին, թե հնարավո՞ր է, որ նախարարությունը մերժի տեսչության առաջարկը, նա պատասխանեց․ «Տեսչական մարմնի առաջարկները պարտադիր կատարման ենթակա չեն»։ Այսպիսով, չի բացառվում, որ բնապահպանական տեսչության եւ նախարարության միջեւ անպտուղ գրագրությունից Ջերմուկի բնությունն ամենեւին էլ չշահի, իսկ կառավարությունն ուղղակի լրացուցիչ ժամանակ ստանա Ամուլսարի խնդրի լուծումը հետաձգելու համար։



**Առաջարկում է պատժել կենսաբանին**



«Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման թիմը հակադարձող հայտարարության մեջ նշում է․ «Օրենսդրությունը, որպես ՇՄԱԳ փորձագիտական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու հիմք, բացի «նոր էկոլոգիական գործոններ»-ից նախատեսում է նաեւ, օրինակ, փորձաքննության ենթարկված նախագծային փաստաթղթերի եւ փորձաքննական եզրակացության պահանջների շեղումներով գործունեության իրականացումը։ Այն հանգամանքը, որ տեսչական մարմինը, որպես ՇՄԱԳ եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու հիմք, օգտագործել է «նոր էկոլոգիական գործոններ»-ը եւ ոչ թե «նախագծային փաստաթղթերից շեղումներով գործունեություն իրականացնել»-ը, վկայում է այն մասին, որ տեսչական մարմինը նույնիսկ մեծ ցանկության եւ մեծ ջանքեր գործադրելու պայմաններում ընկերության գործունեության մեջ չի կարողացել գտնել նախագծային փաստաթղթերից շեղումներ եւ ստիպված է եղել հույսը դնել ենթադրյալ «նոր էկոլոգիական գործոնների» վրա»։



«Լիդիան Արմենիա»-ն կասկածում է, որ Ամուլսարում ոզնաթուփ մեխակ կա, որը, ըստ 2016 թվականի ՇՄԱԳ եզրակացության, 70-ականներից հետո չի երեւացել Ամուլսարում։ Այն հայտնաբերողը՝ կենսաբան Անուշ Ներսիսյանը, ընկերությանը հավատ չի ներշնչում։ «Այդ բուսատեսակն առհասարակ չի էլ հայտնաբերվել կամ էլ հայտնաբերվել է ոչ Ամուլսարի տարածքում, քանի որ «հայտնաբերման» այդ գործողությունը տեղի է ունեցել Անուշ Ներսիսյանին ուղեկցող ընկերության աշխատակիցներից գաղտնի»։ «Լիդիանը» նույնիսկ կենսաբանին պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացնում, քանի որ նա իրավունք չուներ քաղել եւ տեսչական մարմնին ներկայացնել Կարմիր գրքում գրանցված այս բույսը։ «Ապոլլո» թիթեռի մասին էլ «Լիդիանի» «մենեջերները» գրում են․ «Որեւէ գիտական հիմք չկա պնդելու, թե այդ վայրը հանդիսանում է բնակատեղի այդ տեսակի համար»։ Այս ծայրահեղությունները լիովին «Լիդիան Արմենիա» ընկերության ոգուն համապատասխան են։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ընկերությունը հիմնավորում էր, որ Ամուլսարում բնակվող հազվագյուտ կենդանիներին, որոնք անհետանալու են հանքի շահագործման պատճառով, կարելի է փրկել։ Նրանց պետք է տեղափոխել այլ վայրեր եւ բազմացնել այնտեղ։



**Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ**