Թիրախում ուժային և իրավապահ համակարգի բարձրաստիճաններն են

Թիրախում ուժային և իրավապահ համակարգի բարձրաստիճաններն են
Երեկվանից հանրությունը նոր քննարկման թեմա ունի՝ 3 դիմակավորված եւ զինված անձ ներխուժել են վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի՝ Ձորաղբյուրում գտնվող առանձնատուն: Նախկին դատավորի որդին հոր հետ դիմադրություն է ցույց տվել ինքնաձիգով զինված Հ. Ռիժենկոյին, ինչից հետո չպարզված երկու անձ անկանոն կրակոցներ են արձակել եւ դիմել փախուստի: Դեպքի պահին տանն են եղել Արման Մկրտումյանը եւ նրա ընտանիքի անդամները: Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ եւ 4-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով։ Մեկ անձ ձերբակալվել է, երկուսի ինքնությունը դեռ ճշտվում է: Ի՞նչ էին փնտրում նրանք Մկրտումյանի տանը, նպատակը սոսկ գողությո՞ւնն էր, թե՞ հաշվեհարդար, դեռ հայտնի չէ: Հայաստանում, իհարկե, ամեն օր չէ, երբ ավազակային հարձակման են ենթարկվում դատավորները կամ, առհասարակ, բարձրաստիճան պաշտոնյաները:



2011թ․ իրավապահները բացահայտեցին կազմավորված բանդա, որը գողություն կատարելու նպատակով տարբեր առանձնատներ էր ներխուժում, սակայն այս դեպքում նպատակը սոսկ գողությունն էր, ոչ մի քաղաքական ենթատեքստ: Նրանց հարձակումից տուժել են նախկին պատգամավոր, «Ազգային միաբանություն» կուսակցության նախկին անդամ Նապոլեոն Ազիզյանը, Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ, Կադաստրի պետական կոմիտեի պաշտոնյա Աղվան Գրիգորյանը եւ «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինական ծրագրերի նախկին տնօրեն Էդվարդ Բեզոյանը: «Բանդայի» պարագլուխ համարվող «Սուրիկի լավաշ» ապրանքանիշով հաց արտադրող ընկերության սեփականատեր Արտուշ Հակոբյանը, Դավիթ Գալստյանը եւ Սամվել Դավթյանը դատապարտվեցին 15-ական տարվա ազատազրկման, Արթուր Մանուկյանը՝ 11 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման: Մենք փորձեցինք հիշել մի քանի դեպք, երբ ավազակային հարձակման թիրախում իրավապահ, ուժային համակարգի ներկայացուցիչներն են եղել:



**Թիրախում ուժային կառույցի բարձրաստիճան պաշտոնյաներն են**



Հանրության շրջանում ամենահայտնի դեպքը 2009 թ․ Երեւանի փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանությունն էր՝ իր տան առաջ, որը մինչ օրս չի բացահայտվել: Մհերյանի հայրը պարբերաբար մամուլում հարցազրույցներ է տալիս եւ մեղադրում ոստիկանության նախկին եւ ներկա պաշտոնյաների՝ գործը կոծկելու համար: Դրանից 2 տարի առաջ՝ 2007թ․, աշխատանքից տուն վերադառնալիս իր տան մոտակայքում անհայտ անձի կողմից արձակված 4 կրակոցից սպանվել է Լոռու մարզի դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Ալբերտ Ղազարյանը: Մինչ այսօր այդ սպանությունը մնում է չբացահայտված, իսկ մեղավորների շրջանակը գնալով մեծանում է: Մամուլում տարածված վարկածների համաձայն` գլխավոր մեղավորների ցանկում շրջանառվում են Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի եւ մի քանի այլ պաշտոնյաների անուններ: Ընկերոջ եւ համակուրսեցու՝ Ալբերտ Ղազարյանի սպանության գործը բացահայտելու փոխարեն այն ժամանակվա դատախազ Աղվան Հովսեփյանը նրա որդուն դատախազությունում պաշտոն տվեց: Իրավապահ համակարգի հաջորդ ներկայացուցիչը, ով սպանվել է, ՆԳ եւ ազգային անվտանգության փոխնախարար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանն է: Դեպքը եղել է 1998թ․, նա սպանվել է հրազենի երկու կրակոցից։ Դրանից մեկ տարի առաջ Մարգարյանի դեմ մահափորձ էր կատարվել, կրակել էին նրա ոտքերին, շատերը կատարվածը որակեցին մահափորձի իմիտացիա եւ ինքնավնասում։ Սպանության կասկածանքով կալանավորվեցին Մարգարյանի թիկնապահներ Արսեն եւ Արմեն Խաչատրյանները, որոնց 5 ամիս բանտում պահելուց հետո ազատ արձակեցին։ Հետո կալանավորեցին ներքին զորքերի բժշկական ծառայության պետ Հրանտ Պապիկյանին, ով հաստատեց պաշտոնական վարկածը՝ որ Արծրուն Մարգարյանն ինքնասպանություն է գործել, նրան բաց թողեցին: Այս վարկածը, սակայն, եւս կասկածների տեղիք տվեց: Մարգարյանից երկու ամիս առաջ իր տան շեմին սպանվել էր ՀՀ պաշտպանության փոխնախարար, գնդապետ Վահրամ Խոռխոռունին: Այս սպանությունը եւս մինչ օրս չի բացահայտվել:



**Նախկին եվ ներկա դատավորների նկատմամբ մահափորձ**



Իրավապահ համակարգի հնաբնակները հիշում են, թե ինչպես 1998թ․ օգոստոսի 4-ին այն ժամանակ ՀՀ գլխավոր դատախազության` դատարաններում քրեական գործերի դատական քննության եւ դատավճիռների, վճիռների եւ որոշումների օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության ավագ դատախազ, տրանսպորտի դատախազ Արամ Կարապետյանը գլխավոր դատախազի՝ Հենրիկ Խաչատրյանի կաբինետում ինչ-ինչ հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ կրակել եւ տեղում սպանել էր գլխավոր դատախազին, ապա ինքնասպան եղել: Դեպքից հետո պարզ դարձավ, որ ինչ-որ քրեական գործ էր կորել, եւ գլխավոր դատախազն առաջարկում էր Կարապետյանին դիմում գրել, ազատվել: Վիճաբանությունը վերածվել էր հայհոյանքների, Հ. Խաչատրյանը ծխամորճը շպրտել էր Ա. Կարապետյանի վրա, վերջինս կրակել էր նրան: Սակայն այս պատմության հետ կապված բազմաթիվ չփարատված կասկածներ կան: Հաջորդ հայտնի մահափորձը եղել է նախկին դատավոր, այժմ փաստաբան Վլադիմիր Գրիգորյանի նկատմամբ: Այդ ժամանակ Վլադիմիր Գրիգորյանը դատախազության քննչական վարչության պետն էր, ինչպես նաեւ հանդիսանում էր բարձրաստիճան առանձին պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված պաշտոնեական դիրքի չարաշահումների վերաբերյալ քրեական գործերով նախաքննություն կատարելու համար ՀՀ Գերագույն խորհրդի 1994թ. փետրվարի 28-ի որոշման համաձայն կազմված հատուկ քննչական խմբի ղեկավարը: 1994 թ. հունիսի 2-ին նրա դեմ կատարվել էր մահափորձ, 72 կրակոց էր արձակվել, սակայն նա ողջ էր մնացել։



Հետագայում մահափորձի կատարման համար մեղադրանք է առաջադրվել «Արմեն Տեր-Սահակյանի բանդային» եւ Վանո Սիրադեղյանին: Արմեն Տեր-Սահակյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման, իսկ Վանո Սիրադեղյանը հետախուզման մեջ է: Դատավորների հետ կապված հարձակման դեպքերից հայտնի է այժմյան դատավոր Լեւոն Գրիգորյանի հետ տեղի ունեցածը 2002թ․: Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ազգականի՝ դատավոր Լեւոն Գրիգորյանի վրա հարձակվել էին իրենց իսկ բակում, սակայն վերջինս իրեն ամրակցված զենքով սպանել էր հարձակվողին: Դա որակվել էր որպես պաշտպանություն, դատավորը պատասխանատվության չէր ենթարկվել, ընդամենը դրանից հետո նրան քրեական դատարանից տեղափոխել էին քաղաքացիական, եւ մինչ այսօր նա վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր է: Լավատեղյակները պատմում են, որ իրականում ինչ-որ երիտասարդներ թեժ վիճաբանելիս են եղել դատավորի պատուհանի տակ, երբ դատավորը դուրս է եկել եւ նրանց զսպվածության կոչ արել, երիտասարդները շատ կոպիտ են պատասխանել: Այնուհետեւ Գրիգորյանն իջել է բակ՝ փորձելով կարգի հրավիրել նրանց, վիճաբանության արդյունքում նրա կրակոցից մարդ է սպանվել: Այս բոլոր դեպքերը մի ընդհանրություն ունեն՝ դրանց մի մասն այդպես էլ չբացահայտվեց, իսկ բացահայտվածների շուրջ բազմաթիվ կասկածներ կան:



**Ինգա ՄԱՐՏԻՆՅԱՆ**