Կարևոր է, որ վարչապետ Փաշինյանը վերադարձավ դեպի սահմանադրական ճշմարտությունների տիրույթ

Կարևոր է, որ վարչապետ Փաշինյանը վերադարձավ դեպի սահմանադրական ճշմարտությունների տիրույթ
_Հարցազրույց ՀՀ ԱԺ փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արփինե Հովհաննիսյանի հետ_։



**-Ինչի՞ մասին է վկայում Բաբլոյան-Փաշինյան հանդիպումը, ՀՀԿ-ն պատրա՞ստ է, արդյոք, գնալ սահմանադրական փոփոխությունների եւ ի՞նչ ճանապարհով։ Եվ ո՞րն է հանրաքվե անցկացնելու նպատակը, եթե վարչապետն առաջարկում է 200 հազար քաղաքացու ստորագրությամբ անցկացնել։**



-Բաբլոյան-Փաշինյան հանդիպման նախաձեռնությունն Ազգային ժողովի նախագահինն է եղել` հաշվի առնելով վերջին հանրահավաքում վարչապետի հնչեցրած մի շարք մտքեր, որոնք, ըստ էության, առաջացրել էին մտահոգություններ ոչ միայն պարոն Բաբլոյանի, այլեւ, կարծում եմ, առհասարակ, հանրության շրջանում, քանի որ այդ ելույթով նախանշվել էր այն վտանգավոր մոտեցումը, որը որդեգրել էր վարչապետը` իշխանության տարբեր թեւերի բնականոն գործունեության, իշխանությունների տարանջատման, իշխանության մեկ ճյուղի կողմից իշխանության մեկ այլ ճյուղի հանդեպ ճնշում չգործադրելու սկզբունքների նկատմամբ։ Կարծում եմ՝ այս հանդիպումն իր ձեւաչափի մեջ պետք է դրական գնահատել այն առումով, որ, չնայած ներքաղաքական հակասություններին, օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ղեկավարները հանդիպում են եւ որոշակի արձանագրումներ անում։ Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխությունների ճանապարհով գնալուն եւ 200 հազար ստորագրությամբ հանրաքվե անցկացնելուն, պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ, անկախ նրանից, թե ինչպես կանցկացվեն սահմանադրական փոփոխությունները, Ազգային ժողովը շրջանցել հնարավոր չէ։ Խորհրդարանն ամեն պարագայում պետք է քվեարկի նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշումը։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք պատրա՞ստ է ՀՀԿ-ն, թե ոչ, ապա պետք է նշեմ, որ այդպիսի քննարկում չենք ունեցել, որովհետեւ առաջին անգամ այդպիսի օրակարգի մասին լսել ենք հանրահավաքի ժամանակ, որին հաջորդել է երկրորդ հայտարարությունը, թե դա ընդամենը ճանապարհներից մեկն է։ Երբ կլինի հստակ օրակարգ, հստակ նախագիծ կամ նախաձեռնություն, այդ ժամանակ կհայտնենք մեր դիրքորոշումը։



**-Ինչո՞ւ են այդ հանդիպման արդյունքում հրապարակված հաղորդագրության մեջ արձանագրվել այնպիսի կետեր, ինչպիսիք են դատական համակարգի անկախության կամ խոսքի ազատության իրավունքի մասին սահմանադրական ճշմարտությունները։ Ո՞րն էր այդ հանդիպման իրական մեխը։**



-Հանդիպմանն ամրագրվել են այնպիսի դրույթներ, որոնք տրիվյալ ճշմարտություն են՝ խոսքի ազատություն, դատական իշխանության անկախություն։ Թվում է՝ խոսքը հանրահայտ եւ անվիճելի իրողությունների մասին է, բայց մենք հասել էինք այնպիսի սահմանակետի, որ այդ իրողություններն արդեն պետք էր փաստել երկրի վարչապետի մակարդակով։ Այս առումով կարեւոր է, որ վարչապետն օգոստոսի 17-ի հանրահավաքի իր հայտնի ձեւակերպումներից հետո, գոնե այս պահին վերադարձավ դեպի սահմանադրական ճշմարտությունների տիրույթ։



**-Ի՞նչ վերաբերմունք ունի ՀՀԿ-ն անցումային արդարադատության ստեղծման՝ վարչապետի առաջարկի վերաբերյալ, որքանո՞վ է այսօր այն անհրաժեշտ, եւ, առհասարակ, միջազգային պրակտիկայում ո՞ր դեպքերում է անցումային արդարադատություն իրականացվում։**



-Հանրահավաքում անցումային արդարադատության մասին հնչեցրած միտքը հաջորդում էր կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարչապետի դիտարկումներին։ Սա թերեւս հիմք է տալիս ենթադրելու, որ վարչապետն անցումային արդարադատությունը պատրաստվում է իրականացնել տնտեսական կամ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման համար կամ ավելի կոնկրետ ապօրինի հարստացման համար քրեական պատասխանատվությանը հետադարձ ուժ տալու նպատակով։ Հիմնական թեզն այն էր, որ քանի որ այլ հանցագործությունների շրջանակում հնարավոր չէ բացահայտել, իր կարծիքով, նախորդող ժամանակաշրջանում տեղի ունեցած ապօրինի հարստացումները, պետք է օգտագործել մի այնպիսի նոր գործիքակազմ, որը կտա այդ հնարավորությունը (անցումային արդարադատությունը):



Ինչ վերաբերում է այն հարցին, թե որքանով է այս թեզը տարածված միջազգային պրակտիկայում, եւ արդյոք այն իրավակա՞ն է, ապա ասեմ, որ հիմնական միտումն այն է, որ անցումային արդարադատությունը կիրառվում է մարդու իրավունքների զանգվածային եւ կոպիտ խախտումների դեպքում, եւ այն, ըստ էության, նպատակ է հետապնդում հասարակության հաշտեցման կամ ճշմարտության վերհանման։ Ընդ որում, այն չի դիտարկվում որպես դատարաններին փոխարինող գործիք։ Սակայն չպետք է մոռանալ մի կարեւոր իրողություն․ ինչքան էլ այս կամ այն ինստիտուտը կիրառելի լինի այլ երկրներում, նախատեսվող լուծումները չպետք է հակասեն քո երկրի Սահմանադրությանը եւ միջազգային պարտավորություններին։ Օրենքի հետադարձ ուժի արգելումը ոչ միայն ամրագրված է մեր Սահմանադրությամբ, այլ նաեւ մեր միջազգային պարտավորությունների մի մասն է։



Բացի այդ, կարծում եմ, որ առհասարակ անցումային արդարադատության կիրառման հարցը լուրջ ուսումնասիրությունների կարիք ունի։ Որեւէ պետությունում այն իրականացնելուց առաջ պետք է պատասխանել մի շարք հարցերի, հետո միայն առաջ շարժվել. օրինակ՝ ներդրումներ ներգրավելու եւ մի շարք այլ նպատակները պե՞տք է ստորադասվեն անցումային արդարադատություն իրականացնելու նպատակին, թե՞ ոչ։ Պետք է ոչ միայն ճանաչողական նպատակներով ուսումնասիրել այլ երկրների փորձը, պատմությունը, այլ նախեւառաջ պարզել, թե ինչ հաջողություններ են այդ երկրներն արձանագրել, արդյոք անցումային արդարադատությունից հետո այդ երկրների մասին կարելի՞ է խոսել որպես իրավական պետության էտալոնների, արդյոք արձանագրվե՞լ են այնպիսի հաջողություններ (այդ թվում` տնտեսական), որի համար արժեր անցնել այդքան բարդ ու հակասական ճանապարհը։ Ի վերջո՝ ո՞րն է այն գինը, որ պետությունը պետք է վճարի անցումային արդարադատության համար։ Այս հարցերի պատասխանն է, որ ցանկալի է ունենա կառավարությունը` մինչեւ քաղաքական այդպիսի որոշում կայացնելը:



**-ՀՀԿ-ն սուր քննադատության ենթարկեց վարչապետի ելույթը, որը համարում է խոսքի ազատության ոտնահարում։ Կասե՞ք՝ ինչո՞վ է ոտնահարվում ձեր՝ որպես քաղաքական ուժի, ազատ արտահայտման իրավունքը։**



-Իրականում խնդիրը ոչ թե կոնկրետ պահի քաղաքական ուժի խոսքի ազատության իրավունքի ոտնահարումն էր, այլ, առհասարակ` ինքնին միտքը, որ վարչապետի մակարդակով հնչեցվում է կոչ՝ նախ մտածելու, հետո խոսելու, հետո՝ սպառնալիք Ազգային անվտանգության ծառայությամբ այլախոհների նկատմամբ: Բայց չէ՞ որ դա նրանց բոլորի իրավունքն է՝ հայտնել ցանկացած միտք, ցանկացած թեմայի շուրջ խոսել, քննադատել ամենասուր ձեւով, իհարկե, եթե դա վիրավորանք, զրպարտություն չէ կամ ատելության, թշնամանքի, բռնության կոչ, կամ էլ Սահմանադրությամբ ամրագրված այլ սահմանափակում պարունակող խոսք։ Մնացած բոլոր դեպքերում խոսքի ազատության իրավունքը սկզբունքորեն անսահմանափակ իրավունք է



**-Վարչապետի ելույթում քննադատության արժանացավ նաեւ այն, որ նա իր հայտարարություններով ճնշում էր գործադրում դատական համակարգի վրա։ Ի վերջո, արդյոք այսօր կա՞ ճնշում դատական համակարգի վրա, այն դեպքում, երբ վարչապետն ասում է, որ որեւէ զանգ այլեւս չի լինելու դատավորներին, հատկապես, որ նույն «մեղքի» մեջ մեղադրում էին նաեւ ձեզ, երբ իշխանություն էիք։**



-Իրականում կարծում եմ՝ առհասարակ այն մթնոլորտը, որ ստեղծվել է դատական իշխանության շուրջ, ինքնին շատ վտանգավոր է: Ես նաեւ արդարադատության նախարար եղած ժամանակ չեմ խորշել բարձրաձայնել դատական իշխանության գործունեության, նույնիսկ Արդարադատության խորհրդի այս կամ այն գործելաոճի եւ արդարադատության իրականացման ոլորտում խնդիրների վերաբերյալ իմ մտահոգությունները։ Այնպես չէ, որ արձանագրել ենք, որ մենք միշտ ունեցել ենք հրաշալի իրավիճակ, եւ, ահավասիկ, հիմա իրավիճակը կտրուկ գահավիժում է: Այժմ ամբողջ խնդիրն այն է, որ կապված գործերի հնչեղության հետ՝ դատական համակարգի անկախությունը դարձել է հատկապես զգայուն: Հարուցված այս գործերի համատեքստում անչափ կարեւոր է, որ դատավորն իր վրա չզգա որեւէ արտաքին ճնշում, մինչդեռ վարչապետի՝ «խելքներդ գլուխներդ հավաքեք» կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից դատավորի կայացրած ակտի անօրինական լինելու մասին պնդումները, այն լուտանքները, որոնք թափվում են դատավորի գլխին, սրանք ճնշումներ են դատավորների նկատմամբ։



Եթե նույնիսկ ձեւական առումով զանգ չի հնչում դատավորներին, միեւնույն է, դատավորին դրդում են իրականացնելու այն արդարադատությունը, որն ակնկալվում է օրվա իշխանությունների կողմից եւ վայել կլինի նրանց քիմքին: Սա է հիմնականում այն մտահոգությունը, մտավախությունը, որը պատճառ դարձավ, որ նման միտք հնչեցվի:



**-Նիկոլ Փաշինյանը մտավախություն ունի, որ իր հրաժարականի դեպքում ԱԺ-ն՝ ի դեմս ՀՀԿ-ի, այլ վարչապետ կընտրի, դրա համար է ուզում փոխել Սահմանադրությունը: Հնարավո՞ր է նման բան, եւ ինչի՞ց է գալիս այդ մտավախությունը:**



-Ես հուսով եմ, որ վարչապետ Փաշինյանն իր ներսում եղած մտավախությունների պատճառով չի ուզում ձեւափոխել Սահմանադրությունը եւ այն հարմարեցնել իր մտավախությունների հնարավոր փարատմանը: Իսկ ինչ վերաբերում է նրա մտավախություններին, ես չեմ կարող դրանք ո՛չ հաստատել եւ ո՛չ էլ փարատել, որովհետեւ դա մի քննարկում է, որը սկսվում է «եթե»-ով: Իսկ եթե քննարկումը սկսվում է «եթե»-ով եւ իր մեջ պարունակում է իմպլիկատիվ դատողություններ, ընդ որում, «ապա»-ի պատասխանն էլ (ապա ինչ կլինի), կախված է ոչ թե ինձնից, այլ մի ամբողջ քաղաքական ուժից, թերեւս այս հարցին պատասխանելն անշնորհակալ գործ է: Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, ապա այդ խնդրին անդրադարձել եմ Ձեր առաջին հարցի շրջանակում:



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**