Ոնց կարող են թաղմանն ու հարսանիքին նույն թուղթն ուղարկել

Ոնց կարող են թաղմանն ու հարսանիքին նույն թուղթն ուղարկել
«Ազատամտությունը», որը հայկական ամենասկանդալային թերթն էր, փակվել է 8 տարի առաջ, բայց մինչև օրս չլուծված դատական վեճեր ունի: Դրանք այնքան շատ էին, որ նախկին խմբագիր և հիմնադիր Արտյոմ Խաչատրյանը, չի էլ հիշում, թե որ գործն ինչ ընթացք է ունեցել: Օրերս նա ծանուցագիր է ստացել քննչական կոմիտեի Երևանի վարչությունից, որից տեղեկացել է, որ իրեն հրավիրում են հարցաքննության: «Ես շատ զարմացա: Չհասկացա, թե ինչի համար են կանչում: Տեղը տեղին գրել էին՝ կարող եք ներկայանալ փաստաբանի հետ, հարցաննության եմ կանչվում քրեական գործով: Գնացի՝ պարզվեց, որ խոսքը 10 տարի առաջվա գործի մասին է: Կանչել էին, որ ասեն, որ գործը կարճել են», - տեղեկացրեց Արտյոմ Խաչատրյանը:



Նա քննիչից բացատրություն է պահանջել, և ստացել է պատասխան. «Կարևոր չի, շաբլոն թուղթ է, ուղարկում ենք: Բայց ոնց կարող են թաղմանը ու հարսանիքին նույն թուղթն ուղարկել» - վրդովվում է «Ազատամտության» նախկին խմբագիրը: Գործը ժամանակին հարուցված էր «Վիրավորանք» հոդվածով: 7 տարի առաջ այդ հոդվածն ապաքրեականացվել է, և կարճվել է հենց այդ հիմքով: Թե ում էր վիրավորել «Ազատամտություն» թերթն այդ անգամ, հիմնադիրը չի հիշում. «Կամ Գոհար Վիզիրյանի, կամ Շողեր Մաթևոսյանի մասին էր», - ասում է Արտյոմ Խաչատրյանը:



**Սյուզան Սիմոնյան**