Չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի առիթը կա

Չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի առիթը կա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է սահմանադրական փոփոխություններ իրականացնել և այնպես անել, որ ոչ թե ինքը հրաժարական տա, այլ Ազգային ժողովը գնա ինքնալուծարման, քանի որ, ասում են, ռիսկ և մտավախություն ունի, որ ՀՀԿ-ն այդ ժամանակ այլ վարչապետ կընտրի։ Կա՞ նման մտադրություն ՀՀԿ-ում, հարցրինք ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին։



«Ընդհանուր առմամբ, քաղաքական դաշտում քայլերը միշտ ունենում են իրենց որոշակի ռիսկայնությունը։ Իսկ արդյոք ռիսկայի՞ն չէր այն քայլը, որ ինքը կատարեց այս շարժումը։ Դա ավելի ռիսկային էր։ Եվ, ընդհանրապես, արդյունքի հասնելու համար միշտ պետք է ռիսկայինությունից չխուսափել»,-ասաց Բաղդասարյանը։



Այսինքն՝ չի՞ հերքում, որ եթե չփոխվի Սահմանադրությունը, ՀՀԿ-ն կարող է նման քայլի գնալ, Բաղդասարյանն ասաց, որ իրենք նման որոշում և նման մտադրություն չունեն։ «Եվ ինձ թվում է՝ իմաստ էլ չունի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որովհետև աշխատում է, նա պետք է իր աշխատանքով ապացուցի ամեն ինչ, և չեմ կարծում, որ հրաժարականը ինչ-որ առիթ է Ազգային ժողովի արձակման։ Երբ որ զգանք, որ կան խանգարող հանգամանքներ, այդ ժամանակ կարող ենք այդ մասին մտածել, առայժմ նրան որևէ խանգարող հանգամանք չկա։ Մենք աջակցում ենք կառավարության բոլոր դրական ծրագրերին և նախաձեռնություններին, և պետք է աջակցեք, և մենք որևէ խոչընդոտ չենք հանդիսանա»,-ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը։



**Hraparak.am**-ի հարցին՝ սա իր անձնակա՞ն կարծիքն է ասում, Բաղդասարյանն ասաց․ «Դա իմ անձնական կարիքն է, և այս գործընթացը, որը աշխատանք գնում է, որևէ խանգարող հանգամանք չկա, և չեմ կարծում, որ իր հրաժարականի առիթը կա։ Եթե ինքը զգում է, որ կան ինչ-որ խանգարող հանգամանքներ իր աշխատանքի հետ կապված՝ դա այլ խնդիր է»։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**