Մի լուսանկարի պատմություն

Մի լուսանկարի պատմություն
Մանվել Գրիգորյանի թաքուն արված լուսանկարի հրապարակման պատմությունը, որն ԱԱԾ-ի ծառայողական քննության առարկա դարձավ, արդեն լուծվել է։ Մեր աղբյուրը հայտնում է, որ լուսանկարողը «Երեւան-Կենտրոն» հիմնարկի աշխատակից է՝ հերթափոխի պետերից մեկը, կոչումով՝ մայոր։ Իր արարքի համար նա արդեն ազատված է աշխատանքից։ Այս դեպքի մասին բացատրություն էր ներկայացրել նաեւ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, ով օգոստոսի 25-ին Հրազդան կատարած այցի ժամանակ լրագրողներից ներողություն էր խնդրել Մանվել Գրիգորյանի կամքին հակառակ արված լուսանկարի համար եւ ասել․ «Կատարվել է ծառայողական քննություն։ Հայտնաբերվել է, թե ով է նկարողը։ Մեր աշխատակիցն է, չեմ թաքցնի։ Իր ոլորտում՝ մեկուսարանում, բարձր պաշտոն է զբաղեցնում, նկարել է, որից հետո փոխանցել է իր ընկերոջը, որը բնակվում է ոչ Հայաստանում, դրանից հետո այդ նկարը տարածում է գտել եւ հայտնվել է մամուլում։ Մեր այդ աշխատակցի գործով ներկայումս ծառայողական քննությունն իրականացված է։ Քննչական վարչությունը գնահատական կտա, եթե նա քրեորեն պատժելի արարք է թույլ տվել, կենթարկվի քրեական պատասխանատվության, եթե ոչ՝ կհեռացվի աշխատանքից»։ Խոսքը «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի աշխատակցի մասին է։



ԱԱԾ մամուլի կենտրոնի տնօրեն Սամսոն Գալստյանը, սակայն, մեկուսարանի աշխատողին «իրենցը» չի համարում։ Մեր հարցին, թե արդյոք վերջին 10 օրում մեկուսարանում հերթափոխի պետ հեռացվե՞լ է գործից, նա պատասխանեց․ «Մենք կապ չունենք, դիմեք քրեակատարողական ծառայություն»։ Փաստորեն, մամուլի կենտրոնի տնօրենը կա՛մ չէր լսել իր ղեկավարի ելույթը, կա՛մ էլ որոշել էր հրապարակավ ուղղել նրա խոսքում տեղ գտած անճշտությունը։ Քրեակատարողական ծառայությունում նույնպես չէին լսել ԱԱԾ պետի խոսքը։ Լրատվական ծառայության պատասխանատուն՝ Տիգրան անունով, մեզ պատասխանեց․ «Վերջին 10 օրում «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից ոչ ոք աշխատանքից չի ազատվել»։ Տիգրանին (նա հրաժարվեց իր ազգանունը հայտնել՝ Ս․ Ս․) հարցրինք, թե ով է մեկուսարանի հերթափոխի պետը, որը լուսանկարել է Մանվել Գրիգորյանին։ «Այդ լուսանկարը «Երեւան-Կենտրոնում» չի կատարվել»։ Երբ մամուլի պատասխանատուին տեղեկացրինք, որ այս մասին ասել է անձամբ ԱԱԾ պետը, նա շատ զարմացավ եւ կրկնեց իր պաշտոնական պատասխանը․ «Մեր տարածքում դա չի կատարվել»։ Մնում է ենթադրել, որ ԱԱԾ-ում գործում է գաղտնի ստորաբաժանում՝ մեկուսարան, որտեղ պահում են կալանավորված անձանց։



Իրականում այս միջադեպը բացահայտում է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կեղծ կարգավիճակը։ Այս կալանավայրը երկար տարիներ երկակի ենթակայություն ունի։ Այն արդարադատության նախարարության ենթակայության հիմնարկ է, ինչպես բոլոր ՔԿՀ-ները, սակայն ենթարկվում է ոչ թե արդարադատության նախարարին, այլ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարին։ ԿԳԲ-ի ժամանակներից նրանք անվերապահ իշխանություն ունեն այս մեկուսարանի նկատմամբ։ Այլ կերպ ասած՝ այս մեկուսարանը, որը 2001 թվականից կոչվում է «Երեւան-Կենտրոն», իսկ մինչ այդ ոստիկանական համակարգի մասն էր, ինչպես ստալինյան ժամանակներում, ֆորմալ ԱՆ ենթակայության տակ է, իրականում՝ ԱԱԾ-ի: Սա արտացոլված է նաեւ «Երեւան-Կենտրոնի» ներքին կանոնակարգերում։ Վերադաս մարմնի՝ կալանավայրերի վարչության պետը կամ որեւէ այլ պաշտոնյա, որն ազատ ելումուտ ունի ցանկացած քրեակատարողական հիմնարկում, «Երեւան-Կենտրոն» մտնում է միայն անցագրով։ Բանտապահներն ԱԱԾ աշխատակիցների վկայական ունեն: Այս իմաստով Արթուր Վանեցյանը ճիշտ է՝ մեկուսարանի աշխատակիցն իր աշխատողն է։ Այստեղ ամեն ինչ կոմունիստական է: Կալանավորների համահավասարության սկզբունք է գործում՝ բոլոր խցերը նախատեսված են առավելագույնը 5 հոգու համար: Իհարկե, կան նաեւ «լյուքս համարներ»: Դրանք ընդամենը երկուսն են՝ մեկը 4 հոգու, մյուսը՝ մեկ հոգու համար: Այդ մեկհոգանոց խցում կալանքը կրելու18 օրվա ընթացքում պահվել է Ռոբերտ Քոչարյանը: Իսկ նրանից առաջ այստեղ պահվում էր գեներալ Մանվել Գրիգորյանը: Արդյոք Քոչարյանի ազատվելուց հետո այդ միակ մեկտեղանոց «համարն» ազա՞տ է, թե՞ Մանվել Գրիգորյանին կրկին տեղափոխել են այնտեղ, մեր աղբյուրը չգիտեր: Մեզ ասացին, որ, ի տարբերություն մյուս հիմնարկների, այստեղ ավելի խիստ կանոններ են գործում, կաշառքը հսկիչներին արգելված է:



**Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ**