Սևանից վերցրած ջուրը ոռոգելու է գյուղացիների՞, թե՞ մաֆիոզների արտերը

Սևանից վերցրած ջուրը ոռոգելու է գյուղացիների՞, թե՞ մաֆիոզների արտերը
Կառավարության նախաձեռնությամբ երեկ Ազգային ժողովում գումարվել էր արտահերթ նստաշրջան։ Օրակարգում ընդամենը մեկ հարց էր՝ Սեւանա լճից հավելյալ 40 մլն խմ ջրառ իրականացնելու հարցը։ Այս հարցի դեմ մինչ նիստի մեկնարկը ԱԺ-ի դիմաց ակցիա էին իրականացնում բնապահպան-ակտիվիստները։ Հարցի քննարկումն անցավ բավականին թեժ մթնոլորտում։ Սկզբում ՀՀԿ-ականները, որոնց անցյալ տարի նույն հավելյալ ջրառի նախագծի համար մեղադրում էին այժմյան իշխանությունները՝ այն ժամանակվա ընդդիմությունը, փորձեցին նեղել հարցը զեկուցող Ջրային տնտեսության պետական կոմիտեի նորանշանակ նախագահ **Ինեսա Գաբայանին**։ Գաբայանը սկզբում մի փոքր շփոթվեց ՀՀԿ-ականների հարցադրումներից, մի պահ զգացվեց, որ լավ չի պատկերացնում, թե իրեն ինչ հարց են ուղղում։ Օրինակ՝ **Արփինե Հովհաննիսյան**ը հիշեցրեց, որ մեկ ամիս առաջ բնապահպանության նախարարությունը բացասական կարծիք է տվել այս նախագծին, դրանից հետո գյուղատնտեսության նախարարությունը (նաեւ վարչապետը՝ խմբ․) խոսեց ջուր օգտագործող, բայց չհաշվառված հողատարածքների մասին եւ հարցրեց, թե մենք որ պահից ենք իմացել, որ կային այդ հողատարածքները, եւ որ պահից առաջացավ անհրաժեշտություն, որ Սեւանից լրացուցիչ ջրառ կատարվի։ Գաբայանը սկզբում սկսեց կմկմալ՝ հարցին տալով ոչ սպառիչ պատասխան։ Հովհաննիսյանը կրկնեց հարցը, ապա հարց ուղղեց **Հայկ Բաբուխանյանը**՝ հետաքրքրվելով, թե Հայաստանում, ի վերջո, ջրային մաֆիա կա՞, թե՞ չկա։ «Ես կարծում եմ՝ գոյություն ունի, բայց մենք պետք է բացահայտենք, թե ով է այդ մաֆիան»,- ասաց տիկին Գաբայանը։



**Արմեն Աշոտյանն** էլ ելույթ ունեցավ եւ նոր կառավարության երեսով տվեց, որ, փաստորեն, շարունակում է այն ծրագրերը, ինչ իրենք էին անում, եւ ինչին առաջ դեմ էին արտահայտվում, երբ նույն բանն իրենք էին անում։ Նա նաեւ նշեց, որ Ինեսա Գաբայանի հիմնավորումները բացարձակ համոզիչ չէին իր համար, թե ինչու պետք է ջրառ իրականացնեն Սեւանից։ Աշոտյանը, սակայն, չտրվեց գայթակղությանը եւ մեջբերումներ չարեց ԱԺ «Ելք» խմբակցության նախկին եւ ներկա պատգամավորներ Մանե Թանդիլյանի, Արտակ Զեյնալյանի, Լենա Նազարյանի՝ մեկ տարի առաջ նմանատիպ նախագծի վերաբերյալ ունեցած ելույթներից։ Աշոտյանի ելույթը կեսից ընդհատեց **Սասուն Միքայելյանը**՝ տեղից բղավելով, թե «ձեզանից հետո մենք եկել ենք, տեսել ենք, թե ինչեր եք արել, մենք ձեզ շարունակո՞ւմ ենք»։



«Ծառուկյան դաշինքի» պատգամավոր **Սերգեյ Բագրատյանին** նույնպես համոզիչ չթվաց նախագիծը ներկայացնողի հիմնավորումները՝ դրանք նա գնահատեց որպես բառակույտ։ Գաբայանը կոռեկտության կոչ արեց պատգամավորին՝ հորդորելով նրան հարցերը կոռեկտ ձեւակերպել։ Բագրատյանը զայրացավ․ «Դուք չեք, որ պետք է ասեք՝ պատգամավորը կոռեկտ հարց տա, թե ոչ։ Կոռեկտության կոչ ես պետք է Ձեզ անեմ, որ առանց լուրջ հիմնավորումների բերել եք օրենքի նախագիծ՝  առանց ապացուցելու դրա անհրաժեշտությունը»։



ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն էլ իր ելույթում ինչ-որ թվեր ու ցուցանիշներ ներկայացրեց՝ խոսելով ջրային գողության մասին, եւ վերահաստատեց կառավարության դիրքորոշումը, որ Սեւանա լիճը ջրի տարա չէ, եւ պետք է ամեն ինչ արվի, որ հաջորդ տարիներին Սեւանից ջրառ չարվի։ Բայց թե ինչու է հիմա ջրառ արվում՝ առանց օդում կախված հարցադրումներին պատասխան տալու, այդպես էլ մնաց չպարզաբանված։ Հատկապես որ կառավարությունը չի բացառում, որ ջրային մաֆիա կա, եւ մաֆիոզների գոյության պայմաններում Սեւանից նորից ջուր է բաց թողնում, որը, Աստված գիտի՝ գյուղացիների՞ արտերը կոռոգի, թե՞ մաֆիոզների։



Հարցի առաջին ընթերցումն ավարտվեց, պատգամավորները, անկախ բարձրացրած հարցադրումներից եւ ունեցած ելույթներից, ընդունեցին Սեւանա լճից ոռոգման նպատակով հավելյալ ջրառի անհրաժեշտությունը եւ կողմ քվեարկեցին։ Միայն Սամվել Ֆարմանյանը դեմ քվեարկեց՝ մի քանի պատճառով, որոնցից մեկը ոչ բավարար հիմնավորումներն էին։ Նաեւ այն, որ այս նախագծի ընդունումից առաջ հանրային լսումներ չեն իրականացվել։ Այսօր տեղի կունենան հարցի երկրորդ ընթերցումն ու քվեարկությունը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**