«Հրապարակ». Ո՞րն է Արսեն Խառատյանի ազատման պատճառը

«Հրապարակ». Ո՞րն է Արսեն Խառատյանի ազատման պատճառը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արսեն Խառատյանի աշխատանքից ազատման հիմքում բոլորովին այլ պատճառներ են: Տեղեկություններ են շրջանառվում, թե նրան աշխատանքից ազատել են ՌԴ իշխանությունների հորդորով: Բանն այն է, որ մինչ այս մամուլում տեղեկություններ կային, որ Յուրի Խաչատուրովի աղմկահարույց պատմության կիզակետում գտնվողներից մեկն էլ Խառատյանն է, եւ նա է վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ տվել ձերբակալել Խաչատուրովին՝ առանց ՀԱՊԿ անդամներին տեղյակ պահելու՝ վստահեցնելով, որ խնդիրներ չեն ծագի, եւ հետո էլ մենք հնարավորություն կունենանք գլխավոր քարտուղարի նոր թեկնածու առաջադրել: Դրանից բացի՝ Մոսկվայի համար Խառատյանը համարվում է ամերիկյան լրտես, եւ չեն ցանկանում, որ եղբայրական Հայաստանի վարչապետի գլխավոր խորհրդականը նման մարդ լինի:



«Իհարկե, այլ թեմաներ եւս կան նրա հետ կապված, բայց փաստացի 27 տարվա մեջ չի եղել մի դեպք, երբ Մոսկվայից զանգեն եւ ասեն՝ կոնկրետ մարդու գործից հանեք»,- պատմեց մեր աղբյուրը:



Նշենք, որ Արսեն Խառատյանն ազգագրագետ Հրանուշ Խառատյանի որդին է: Նա Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ հրաժարականի պատճառներն անձնական են․ «1. Ընտանիքս, որը բնակվում է Թբիլիսիում եւ տարբեր պատճառներով այնտեղ է լինելու առնվազն մինչեւ 2019-ի ամառը: 2. Պետական ծառայությունում այս շուրջ 3 ամիսների ընթացքի իմ անձնական փոխակերպումները ճշգրիտ գնահատելու ու վերարժեւորելու խնդիր ունեմ»: