Այսօր՝ նա, վաղը՝ դու

Այսօր՝ նա, վաղը՝ դու
Դատական համակարգի «մեջքը կոտրվեց» Ռոբերտ Քոչարյանի տարիներին։ Դրանից առաջ էլ, իհարկե, մի բան չէր։ Ասում էին՝ ՀՀՇ նախագահ Տեր Հուսիկն է դատավորներ նշանակում։ Իսկ քոչարյանական տարիներին բազում խայտառակ պատմություններ էին շրջում, թե ինչպես են Հյուսիսային պողոտայի գործերով քաղաքացիների օգտին վճիռներ կայացրած դատավորներին կանչում նախագահական ու մատ թափ տալիս, որ չհամարձակվեն կառուցապատմանը խոչընդոտել։ Թե ինչպես է ՀՀ նախագահի իրավական հարցերով օգնականը ղեկավարում դատական համակարգը, եւ ինչպես են դատարանների նախագահները «պապկան թեւի տակ» շտապում Բաղրամյան 26՝ զեկուցելու դատական գործերի ընթացքն ու կոնկրետ հրահանգներ ստանում։



Այն ժամանակ էլ կային մարդիկ, որոնք զգուշացնում էին, որ դատական համակարգը ստրկացնելը վտանգավոր ճանապարհ է, որ դրանով հիմք ենք դնում մի արատավոր ավանդույթի, երբ դատարանները կծառայեն այսօր սրան, վաղը՝ նրան։ Եվ չի բացառվում, որ այսօր հրահանգներ իջեցնողը վաղն ինքը հայտնվի այդ մսաղացի մեջ, ինչի ականատեսն ենք այսօր։ Չէ՞ որ 10 տարի անսահմանափակ իշխանություն ունեցող անձը՝ Ռոբերտ Քոչարյանն է այսօր հայտնվել այդ կարգավիճակում, եւ նրա հույսն այսօր այն է, որ դատական համակարգն այնքան ոչնչացված չէ, այնքան ջախջախված չէ, որ կհամարձակվի դեմ գնալ իշխանության կամքին ու իր օգտին որոշում կայացնել։



Երբ դադարում են գործել օրենքներն ու ապացույցները, եւ որոշիչ է դառնում անձի կամքը, անկախ նրանից՝ դա Ռոբերտ Քոչարյանն է, թե Նիկոլ Փաշինյանը, միշտ կամայականության հնարավորություն է ստեղծվում։ Որքան էլ օրվա կառավարիչը լինի օբյեկտիվ ու անշահախնդիր, կա վտանգ, որ նա սխալ պատվեր կիջեցնի դատարանին։ Եվ պատահական չէ, որ մարդկությունն ամեն ինչ արել է անկախ դատարան ստեղծելու համար։