Ես անկուսակցական եմ եւ ընտրվելու դեպքում էլ մնալու եմ այդպիսին․ Տիրան Աթանեսյան

Ես անկուսակցական եմ եւ ընտրվելու դեպքում էլ մնալու եմ այդպիսին․ Տիրան Աթանեսյան
_Հարցազրույց Արցախի ԱԺ-ի արտահերթ ընտրություններում պատգամավորության թեկնածու Տիրան Աթանեսյանի հետ․_





**-Ինչը ստիպեց ձեզ առաջադրվել Արցախի խորհրդարանի պատգամավոր։ Ձեր կարծիքով՝ ինչ որակներ պիտի ունենա պատգամավորը եւ որն է նրա գլխավոր անելիքը։**



-Արցախում իրավիճակ է փոխվել: Նախագահ Բակո Սահակյանը բարեփոխումներ է հռչակել: Ազգային ժողովի պատգամավորի թափուր տեղի համար ընտրությունը հնարավորություն է՝ պարզելու, թե որքանով է իրական քաղաքական ազատականացումը: Պատգամավորի թեկնածու առաջադրվել եմ, որպեսզի ընտրությունը լինի մրցակցային, ազատ, արդար եւ թափանցիկ: Կարծում եմ, որ ունեմ բավարար գիտելիքներ, աշխատանքային փորձ եւ մարդկային որակներ, որպեսզի արդարացնեմ ինձ հետ կապված հույսերը: Ինչ վերաբերում է պատգամավորի անելիքին, ապա հիմնականը օրինաստեղծ աշխատանքն է, ինչպես նաեւ հասարակություն-իշխանություն հարաբերություններում ներկայացուցչական դերը:



**-Արցախի խորհրդարանի դերը երկրի կյանքում ինչպիսին է։ Որպես քաղաքական մարմին Ազգային ժողովը ինչ հարցերի լուծմանն է մասնակցում։**



-Ցավոք, Արցախի խորհրդարանը երկրի պետական եւ քաղաքական կյանքում լուրջ դերակատարություն չունի: Նաեւ այդ իրողությունն է ինձ դրդել, որ պատգամավորի թեկնածու առաջադրվեմ: Ընտրվելու դեպքում փորձելու եմ խորհրդարանական կյանքում աշխուժություն մտցնել՝ նախաձեռնելով հանրությանը հուզող հարցերի քննարկումներ, լսումներ, կառավարության հետ դեբատներ: Ժողովուրդը պետք է տեսնի իր ներկայացուցիչների կոնկրետ աշխատանքը: Իսկ մեզ մոտ Ազգային ժողովը բավարարվում է ամսական մեկ նիստ գումարելով: Մշտական հիմունքներով աշխատող խորհրդարանին դա հարիր չէ:



**-Քաղաքական իրավիճակը Արցախում ինչպես եք գնահատում։ Հնարավո՞ր է իշխանափոխություն, ինչպես եք վերաբերվում նախագահի արտահերթ ընտրություններին։ Արդյո՞ք եթե արտահերթ նախագահական ընտրություններ լինեն, դրան չի հաջորդի նաեւ Արցախի խորհրդարանի արտահերթ ընտրություններ։**



-Քաղաքական իրավիճակը կայուն է: Մեկ-երկու ուժեր երբեմն բարձրացնում են նախագահի հրաժարականի հարց, բայց նրանք շատ քիչ աջակցություն ունեն: Նրանց հավաքներին մասնակցում է քսան-երեսուն մարդ: Արցախում իշխանափոխության համաժողովրդական պահանջ չկա կամ բացակայում է այն ուժը, որը կարող է հասնել դրան: Ամեն ինչ տանում է նրան, որ 2020թվականին տեղի կունենան նախագահի եւ ԱԺ հերթական ընտրություններ, եւ կհաղթի այն կուսակցությունը, որն ավելի կազմակերպված է, նպատակային եւ ունի պետական կառավարման մեծ փորձ:



**-Ում հետ եք մրցում, ինչպես եք գնահատում քարոզարշավը եւ ձեր մրցակիցների մարտավարությունը։ Ունե՞ք բողոքներ, դիտարկումներ նախընտրական փուլի խախտումների հետ կապված։**



-Ընդգծված խախտումներ չեմ արձանագրել, բայց օրերս մրցակիցներից Գեղամ Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառում էր արել, որ Արցախի ժողովրդավարական կուսակցությունն ինչ-որ լծակների միջոցով ազդում է ուսուցիչների վրա, նրանց կողմնորոշում իրենց թեկնածուի օգտին քվեարկության: Նման տեղեկություն ես էլ ունեմ, ուստի, օգտվելով առիթից, դիմում եմ ԱԺԿ ղեկավարներին, որպեսզի ձեռնպահ մնան վարչական ռեսուրսի ներգրավումից: Մյուս թեկնածուներից յուրաքանչյուրն իր հնարավորությունների սահմաններում քարոզչություն է իրականացնում՝ մնալով կոռեկտության սահմաններում:



**-Դժվար չէ՞ անկուսակցականի համար 9 թեկնածուի հետ մրցելը։ Ինչու չեք անդամագրվել որեւէ կուսակցության, որը կարող էր աջակցել եւ հեշտացնել Ձեր ընտրությունը։**



-Ես անկուսակցական եմ եւ ընտրվելու դեպքում էլ մնալու եմ այդպիսին: Բայց դա չի նշանակում, թե քաղաքական համակրանք չունեմ: Ուղղակի որեւէ կուսակցության անդամագրվելու ժամանակը դեռ չի հասունացել: Երբ վերջնականապես կհստակեցնեմ դիրքորոշումս, այն ժամանակ էլ կդիմեմ նախընտրած կուսակցության ղեկավար մարմնին՝ անդամագրվելու համար: Թիվ 11 ընտրատարածքում գրանցված 9 թեկնածուներից միայն մեկն է կուսակցական աջակցություն վայելում: Նա ԱԺԿ նախընտրելի թեկնածուն է: Մյուսներս կուսակցական աջակցություն չունենք: Դա ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություն անցկացնելու երաշխիքներից մեկն է:



**-Պատերազմի վտանգ կա՞ արդյոք այս պահին։ Եւ Ձեր կարծիքով՝ ղարաբաղյան խնդրի կարգավորումն ինչ փուլում է եւ ինչ հեռանկար եք տեսնում այս հարցում։**



-Պատերազմի վտանգը միշտ կա, քանի դեռ վերջնական խաղաղություն հաստատված չէ: Իմ նախընտրական ծրագրում այդ մասին ընդգծված է, որ Արցախի հարցը պետք է կարգավորվի խաղաղ-բանակցային ճանապարհով, ԱՀ անկախությունը պետք է միջազգայնորեն ճանաչվի մեր ժողովրդի անվտանգությունը եւ ազատ զարգացումը երաշխավորող սահմաններում: Դժբախտաբար, Ադրբեջանը հակված է ուժային լուծման տարբերակին: Ես հույս ունեմ, որ սեպտեմբերին նախատեսված՝ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կդառնա բանակցային գործընթացի վերականգնման սկիզբ:



**Վահրամ Աթանեսյան**