Ի շրջանս յու՞ր

Ի շրջանս յու՞ր
Ադրբեջանական կողմը գերսրված ուշադրությամբ հետեւում է Ռոբերտ Քոչարյանի հետ կապված ներհայկական անցուցադարձին: Ընդ որում, զգացվում է, որ հակառակորդ երկրում նրա հետ կապված որոշակի «կարոտախտ», այնուամենայնիվ, կա: Բաքվի մամուլը նրբորեն նկատել է տալիս, որ Քոչարյանի հետ բանակցելն ինչ-որ առումով ավելի հեշտ էր: Իսկ քաղաքագետ Էլխան Շայինօղլուն բավական համարձակ ենթադրություն է արել, որ եթե Քոչարյանը Հայաստանում հաջողության չհասնի էլ, Լեռնային Ղարաբաղում նրա իշխանության վերադարձը գրեթե երաշխավորված է: Ադրբեջանցի վերլուծաբանն, ի դեպ, հաշվից դուրս է համարում իրողությունը, որ ավելի քան քսան տարի է՝ Ռոբերտ Քոչարյանը Լեռնային Ղարաբաղում չի բնակվում: Նա գտնում է, որ Ստեփանակերտում Քոչարյանն ունի «լուրջ համակիրներ, այդ թվում եւ բանակի գեներալիտետի շրջապատում»: Հնարավոր է՝ քաղաքագետի խոսքերն ադրբեջանական քարոզչության հերթական դիվերսիան է, որը նպատակ ունի հակասություններ սադրել Արցախի եւ Հայաստանի միջեւ, բայց չի կարելի նաեւ բացառել, որ տեղեկատվական այդ ազդակները Բաքուն ստանում է երկրորդ-երրորդ աղբյուրներից: Մասնավորապես՝ ռուսաստանյան որոշակի շրջանակներից, որոնք Հայաստանի նոր իշխանությունների հետ խնդիրներ ունեն եւ չեն թաքցնում, որ կուզենային «ուղղակի աշխատել Ստեփանակերտի հետ»:



Այս դեպքում Ռոբերտ Քոչարյանի՝ Լեռնային Ղարաբաղում «իշխանության գալու», վարկածն ստանում է բավական ուշագրավ աշխարհաքաղաքական ենթատեքստ այն իմաստով, որ Ռուսաստանը կարող է Լեռնային Ղարաբաղի հետ որոշակի շփումների միջոցով Հայաստանի «արեւմտամետ ընտրությանը» հակակշիռ ստեղծել: Տեսական կանխածրագրումների իմաստով ցանկացած սցենար հավանական է: Մանավանդ որ քաղաքականության մեջ գործում է «երբեք մի ասա երբեք» սկզբունքը: Այդուհանդերձ, գործնականում դժվար է պատկերացնել, որ Հայաստանի նախագահի պաշտոնն զբաղեցրած Քոչարյանը Լեռնային Ղարաբաղն առաջնորդելու նպատակադրվածություն կունենա: Ավելի հավանական է թվում, որ փորձ կարվի 2020թվականին իշխանության բերել մեկին, որը կկիսի Քոչարյանի պատկերացումները: Ըստ երեւույթին, նման ինչ-որ հաշվարկ արվում է, ինչը մասնավորապես դրսեւորվում է մամուլի հրապարակումներով եւ հիմնական մրցակցի դեմ սոցցանցային հարձակումներով: Բայց Լեռնային Ղարաբաղում քաղաքական եղանակ ստեղծելու ռեսուրս Ռոբերտ Քոչարյանն ունի՞:



Նա Ստեփանակերտից հեռացել է 1997թ. գարնանը՝ նախագահի պաշտոնը փոխարինելով Հայաստանի վարչապետի աթոռով: Անցել է ավելի քան քսան տարի, քաղաքական ասպարեզ է իջել նոր սերունդ, որի համար Քոբերտ Քոչարյանը հեղինակություն ու ուղեցույց չէ: Այդ սերնդի պատկերացումներն ու քաղաքակրթական արժեքները հիմնովին տարբեր են քոչարյանականից: Արցախի ներքաղաքական կյանքում նրանք են եղանակ ստեղծում, ովքեր կիսում են Նիկոլ Փաշինյանի թավշյա հեղափոխության արժեքները եւ նախապատրաստում են ներարցախյան բարեփոխումների նոր փուլը: Այս պայմաններում Ստեփանակերտից Ռոբերտ Քոչարյանը հազիվ թե ի շրջանս յուր վերադարձի հրավեր ստանա: Իսկ առանց դրա նրա քաղաքական հայտը որեւէ իմաստ եւ հետեւանք չի ունենա: Որքան էլ որ ադրբեջանցի քաղաքագետը դրա մասին երազի եւ հուսա: