100 օրվա լռություն կամ ՀՀ նախագահի պատասխանը՝ ԶԼՄ-ներին

100 օրվա լռություն կամ ՀՀ նախագահի պատասխանը՝ ԶԼՄ-ներին
Ապրիլյան հեղափոխության արդյունքում ձեւավորված կառավարության մասին օր չի լինում, որ քաղաքագիտական-հասարակագիտական շրջանակներում չտրվեն գնահատականներ, վեր չհանվեն նրանց սխալներն ու բացթողումները, չներկայացվեն առաջարկներ, որոնք մտահոգում են հանրության տարբեր շերտերին։ Իրավապահ մարմինների ջանադիր աշխատանքի արդյունքում նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում նաեւ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում կալանավորվեց եւ ազատ արձակվեց։ Իրադարձություն, որն աննախադեպ էր Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ, եւ որը ապագայի հետ կապված բազմաթիվ հարցեր է առաջ քաշում։



Նաեւ՝ երեսնամյա անկախ Հայաստանի դատաիրավական ոլորտի մասին լուրջ խոհերի առիթ է տալիս։ Կոռուպցիայի դեմ պայքարի, նրա մեթոդների, կանխարգելման ծրագրի մասին իրենց պատկերացումներն են ներկայացնում մասնագետները, փորձառու քաղաքական գործիչները։ Թվում էր, որ ՀՀ չորրորդ նախագահը առաջինը պետք է հստակ արձագանքեր այս իրադարձություններին, իր խոսքն ասեր, որին ունկնդիր կլիներ անորոշության, հույսերի եւ տարակուսանքների միջեւ տարուբերվող հանրությունը։ Սակայն ՀՀ նախագահի պաշտոնական կայքն ուսումնասիրելիս ակնհայտ է դառնում, որ Արմեն Սարգսյանը հիմնականում զբաղված է շնորհավորական եւ ցավակցական հեռագրեր հղելով, նաեւ՝ պատվիրակությունների ընդունելով, ճանապարհելով։ Հատկանշական է, որ այս տարվա մարտից Ազգային ժողովի կողմից ՀՀ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը ոչ մի անգամ չի հրավիրել մամուլի ասուլիս։ Այս կամ այն հարցի վերաբերյալ նրա դիրքորոշումը ԶԼՄ-ները փորձել են ճշտել տարբեր միջոցառումների ժամանակ, որոնց նա մասնակցել է եւ հընթացս պատասխանել նրանց հարցերին։ Օրերս ՀՀ նախագահի աշխատակազմ էինք հղել մի քանի հարցեր՝ իմանալու, թե ինչպես է արձագանքում Արմեն Սարգսյանը ընթացիկ իրադարձություններին։ Նախ մենք հետաքրքրվել էինք, թե առաջիկայում նախատեսվու՞մ է , որ ՀՀ նախագահը կհրավիրի մամուլի ասուլիս եւ կպատասխանի հայկական ԶԼՄ-ների հարցերին։ Մեր երկրորդ հարցը հետեւյալն էր․ «Վերջերս լրացավ ապրիլյան թավշյա հեղափոխության արդյունքում ձեւավորված կառավարության 100 օրը։ Կառավարության անդամները՝ ՀՀ վարչապետը, փոխվարչապետները, նախարարները, ներկայացրեցին իրենց 100 օրվա գործունեության հաշվետվությունները։ Ի՞նչ փոփոխություններ են կատարվել մեր երկրում վերջին երեք ամիսների ընթացքում՝ ըստ ՀՀ նախագահի, որքանո՞վ են դրանք համապատասխանում ապրիլյան հեղափոխության ընթացքում հռչակած սկզբունքներին»։ Իսկ մեր երրորդ հարցը վերաբերում էր Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանն ու ազատ արձակմանը։ « Մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց մերձավոր ներին եւս առաջադրվել են մեղադրանքներ։ Խոսվում է անցումային արդարադատության մասին։ Ո՞րն է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիրքորոշումը, որքանո՞վ է անկախ գործում մեր դատական համակարգը իշխանափոխությունից հետո, պե՞տք է մեզ անցումային արդարադատություն»,- հետաքրքրվել էր «Հրապարակը»։



Ի պատասխան մեր հարցերի, սակայն, մեզ զանգահարեց ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Զոյա Բարսեղյանը եւ ասաց, որ իրենք բազմաթիվ լրատվամիջոցներից ստացել են նման բովանդակության հարցեր։ Եվ այդ հարցերը ստանալուց հետո էլ որոշել են մեկ ընդհանուր տեքստով արձագանքել դրանց։ Քանի որ տարբեր ԶԼՄ-ներում հրապարակվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ ԶԼՄ-ների հարցադրումներին տրված պատասխանը, որը վերաբերում էր Հայաստանի ներկայիս քաղաքական իրավիճակի մասին հանրապետության նախագահի գնահատականներին, ներկայացնում ենք այդ պատասխանը ստորեւ, որպեսզի ընթերցողը պատկերացում կազմի, թե որքանով է ՀՀ նախագահը սպառիչ պատասխանել մեր հարցերին։



«Նախագահ Արմեն Սարգսյանը մշտապես հետևում և իր ուշադրության կենտրոնում է պահում տեղի ունեցող գործընթացները: Պետության համար կենսական համարելով իշխանության բոլոր ճյուղերի՝ Սահմանադրության և դրանում ամրագրված նրանց լիազորությունների սահմաններում գործելու, միմյանց նկատմամբ հարգանք դրսևորելու անհրաժեշտությունը, Հանրապետության նախագահը բոլոր քաղաքական ուժերից ակնկալում է առաջնորդվել մեր երկրի անվտանգության, կայուն ու անցնցում զարգացման առաջնահերթ շահերով: Պետության շահը, երկրի անվտանգությունն ու անձի եւ քաղաքացու իրավունքների նկատմամբ հարգանքը գերակա են բոլորիս համար: Հանրապետության նախագահը ողջունում է վարչապետի և ԱԺ նախագահի հանդիպումը՝ դրական գնահատելով արդյունքում արձանագրված պայմանավորվածությունները: Նախագահը հույս է հայտնում, որ առաջիկայում կտեսնենք դրական արդյունքներ: Հանրապետության նախագահը վերահաստատում է իր դիրքորոշումը, որ խնդիրները լավագույնս լուծվում են երկխոսության և բանակցությունների միջոցով, որոնց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կողմերը հարգում են՝ հետևողականորեն կատարելով այդ պայմանավորվածություններին միտված գործողություններ, ընթացքում դասեր քաղելով և արձանագրելով հաջողությունները։ Սա պետք է դարձնել մեր քաղաքական հարաբերությունները բնորոշող գերակա մշակույթ»,- նշված է ԶԼՄ-ներին ուղարկված պատասխանում: Թագուհի Հակոբյան