Տղա ջան, հելե բողոքում ես, որ հորոխպորդ տղեն դառնա ղեկավա՞ր. Ախուրյանի համայնքապետ

Տղա ջան, հելե բողոքում ես, որ հորոխպորդ տղեն դառնա ղեկավա՞ր. Ախուրյանի համայնքապետ
Երեկ Շիրակի մարզի Ախուրյանի խոշորացված նախկին յոթ համայքների ղեկավարներ և բնակիչներ բողոքի ակցիայի շրջանակներում փակել էին Գյումրի-Երևան միջպետական ճանապարհը՝ պահանջելով իշխանություններից հարգել իրենց սահմանադրական իրավունքը, չեղյալ համարել խոշորացումը:Նրանց հիմնական բողոքն այն էր, որ իրենց ժամանակին չեն ներկայացրել խոշորացման ծրագրերը, չի եղել հանրային քննարկում, առանց իրենց համաձայնության կայացվել է որոշում: Բասենի, Հովիտի, Կառնուտի, Ջրառատի, Արևիկի, Այգաբացի, Կամոյի բնակիչները մի պահանջ ունեին՝ ինչպես օրենքով միացրել են, այդպես էլ օրենքով անջատեն, օրենքը դա թույլ է տալիս՝ հղում կատարելով սահմանադրության 190 հոդվածին, որը հնարավորություն է տալիս անջատել համայնքները՝ Ազգային ժողովում լսումներ կազմակերպելով:



Ստեղծված իրավիճակի հետ կապված **hraparak.am**-ը զրուցեց Ախուրյանի համայնքապետ Արծրուն Իգիթյանի հետ:



**-Պարոն Իգիթյան,ինչո՞ւ են բնակիչները հիմա ոտքի ելել, երբ խոշորացումից բավական ժամանակ արդեն անցել է:**



-Բավականին ժամանակ չի անցել, նախ խոշորացումից ընդամենը մեկ տարի էլ չի անցել, արդեն տարին փակվում է եւ թույլատրվել է իրենց փակել բյուջեները եւ ծախսերը հասցնել ավարտին, այն, ինչ նախատեսված է եղել 2017թ-ի բյուջեով: Սա առաջին, հաջորդը, որ նայում ենք՝ ովքեր են բողոքողները, մեկը՝ Շիրակի գյուղի նախկին գյուղապետն է, որը այսօր դուրս է մնացել, Բասենի նախկին ղեկավարն էր, որը թեկնածություն էր դրել, ընդամենը իրենց գյուղի ձայներն էր հավաքել, մյուսը Հովիտի բնակիչներն էին՝ նախկին գյուղապետի եւ ներկայիս վարչական ղեկավարի բարեկամները: Այսինքն՝ այն մարդիկ էին, ովքեր նախկինում աշխատել էին, ինքնուրույնություն էին ունեցել, այսօր զրկվել են դրանից, չունեն նաև աշխատանք, բայց դա չի նշանակում, որ ամբողջ գյուղի բնակիչներն են դեմ:



**- Այնտեղ բողոքում էին, որ հիմա համայնքապետի հետ հանդիպելն ավելի դժվար է, քան որևէ նախարարի:**



-Այդ բողոքողը հենց Շիրակի գյուղի նախկին համայնքապետն էր, ով այսօր աշխատանք չունի: Ես՝ որպես խոշորացված համայնքի ղեկավար, վստահաբար ասում եմ, որ ընդունելության հատուկ ժամ չկա, գյուղից եկած յուրաքանչյուր բնակչի շատ արագ աշխատում ենք ընդունել-ճանապարհել, եւ չի եղել, որ բնակիչն ուզի ինձ հետ հանդիպել չհանդիպի կամ ինձ կանչեն համայնք, չգնամ:



**-Միջհամայնքային ճանապարհներն անմխիթար վիճակում են, ինչը նույնպես դժվարացնում է, խնդիր է կենտրոն հասնելու համար, բնակիչները դա էլ նշեցին:**



-Վարչական համայնքների ղեկավարները օժտված են մի շարք լիազորություններով, համապատասխան կնիքներ ունեն, տեղեկանքի, գույքահարկի խնդիր չկա, եթե անձնական խնդիր ունեն,կարող են գրել, էլեկտրոնային տարբերակն էլ է գործում, ինչի մասին է խոսքը: Հիմա, եթե ես խոսեմ առանձին ամեն համայնքից, պատկերն ավելի հստակ կլինի, էդ որ Հովիտից մեկը ոգևորված խոսում էր,թե առանձին լավ է, ասեմ՝ այդ գյուղի ընդհանուր բյուջեն 3մլն 319 հզր դրամ է պլանավորված եղել, կատարվել է 2մլն 983հզր: Ընդամենը այդքան բյուջե ունեցող համայնքը բոլորից բարձր է խոսում, այս պահին այդ գումարը իրենց վարչական տարածքի աշխատողների աշխատավարձը անգամ չի փակում: Եթե այս համայնքն առանձին մնա, աշխատելն անիմաստ է: Ինչի համար են դժգոհում, չգիտես, երբ որ մենք արդեն նախատեսել ենք Հովիտում համայնքային կենտրոն ստեղծել՝ 13մլն դրամ արժողությամբ, ինչը հազիվ իրենց ընդհանուր բյուջեն է կազմում: Ի՞նչ եք ուզում, շնորհակալ չե՞ք: Տղա ջան, հելե բողոքում ես, թե առանձին ենք ուզում, առանձին ես ուզում, որ հորոխպորդ տղեն դառնա՞ ղեկավար: Անցնեմ Բասենին: Դատարանի վճիռ կա, որ հողի հարկը յուրացրել են,մի հաշմանդամ կին կա, համոզել են, վերցրել է իր վրա: էդ համայնքի ղեկավարը, որ բողոքում է, չի մտածում, որ իր համայնքում 3մլն դրամի յուրացում է եղել, ինքը որտեղ էր: Հիմա ես որ տամ հարկադիր, պահանջեմ՝ բռնագանձեն, թող գնան, մտածեն: Բասենում այս տարի մանկապարտեզին ես գումար հատկացրեցի, ձմեռը ջեռուցեցինք, բացի այդ, ծնողական վարձը 5000-ից իջեցրեցինք մինչև 3000դրամ: Այնքան բան կարող եմ թվել ու թվել, որ այս ընթացքում արել ենք:



**-Բողոքող քաղաքացիները մարզպետի հետ հանդիպում ունեցան, դուք ինչո՞ւ ներկա չէիք:**



-Ո՛չ, ես դիտավորյալ չմասնակցեցի, որ սրություն չմտցնեի: Ես բավականին պատրաստված եմ ՏԻՄ կառավարման ոլորտում եւ նոր չեմ, միայն Ախուրյանի բյուջեն, որ մինչ այդ ես ղեկավարում էի, այդ 7 միացած գյուղերի բյուջեի գումարային ցուցանիշը գերազանցում է: Թող վերլուծեն, համեմատեն: Ես ի սկզբանե ասել եմ, որ Ախուրյանն առանց այդ էլ մեծ համայնք է, խոշորացնել պետք չէ, վիրավորվեցին:



Նշենք, որ երեկ ճանապարհը փակած բողոքավորողներին մոտ երկու ժամ անց այցելեց Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը: Մարզպետը պայման դրեց նախ բացել ճանապարհը և հետո նոր միայն սկսել զրույցը: Բողոքավորներն անմիջապես բացեցին ճանապարհը: Գյուղացիները պայմանավորվեցին մի քանի հոգով ավելի ուշ հանդիպել մարզպետին և հանգիստ պայմաններում քննարկել հարցը:



**Արևիկ Հակոբյան**