Վերաքննիչը նույն է թողել Խաչատուրովի պաշտպանի բողոքը

Վերաքննիչը նույն է թողել Խաչատուրովի պաշտպանի բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանը նույնն է թողել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպանի բողոքն Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: Այս մասին **«Հրապարակ»**-ի հետ զրույցում ասաց Խաչատուրովի շահերի պաշտպան Միհրան Պողոսյանը։



«Գրավը մնացել է ուժի մեջ, գրավի հետ կապած նոր բողոք չէինք ներկայացրել։ Իրավական հիմնավորումներն այս պահին չենք ստացել, օրենքով սահմանված ժամկետ կա տրամադրման ամբողջական տեքստի, երեկ է կայացվել որոշումը։ Այն ամբողջական ստանալուց հետո դիրքորոշում կհայտնենք՝ բողոքարկման կամ չբողոքարկելու հետ կապված, Վճռաբեկ բողոք այս հարցով ներկայացնելու ենք։ Հիմա մնաց հասկանանք՝ ինչ հիմնավորումներով է դատարանը արձանագրել իր որոշումը, ըստ դրա որոշումը վերջնական կլինի»։



Պաշտպանի խոսքով՝ Խաչատուրովը տեղեկացել է Վերաքննիչի որոշման մասին․ «Չգալու միտում չկա, ուղղակի գալու նպատակահարմարություն չկա, որովհետեւ այնտեղ անմիջականորեն աշխատանքային պարտականություններ է իրականացնում»։



Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանի հետ առերեսում նախատեսվո՞ւմ է, Միհրան Պողոսյանը նշեց․ «Այս պահի դրությամբ փաստացի Յուրի Խաչատուրովի հետ կապված որեւէ ծանուցման առերես հարցաքննման կամ այլ գործողության հետ կապված մենք չենք տեղեկացվել։ Հիմք է տալիս կարծելու, որ դիրքորոշմանը հակառակ դիրքորոշում քրեական գործով անձ չի տվել»։



Հիշեցնենք՝ Յուրի Խաչատուրովին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300 պրիմ 1 հոդվածով (Սահմանադրական կարգը տապալելը): Առաջին ատյանի դատարանի որոշումով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը 5 միլիոն գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Խաչատուրովը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։



**Աննա ՊԱՊԻԿՅԱՆ**