Մշակույթի նախարարի 100 օրվա տագնապներն ու արված-չարված աշխատանքները

Մշակույթի նախարարի 100 օրվա տագնապներն ու արված-չարված աշխատանքները
Երեկ Կոմիտաս թանգարան-ինստիտուտում մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ամփոփեց իր պաշտոնավարման 100 օրը՝ խոսելով թե՛ իրականացրած եւ թե՛ նոր նախանշված ծրագրերի մասին։ Նշանակվելով այս պաշտոնին՝ որպես առաջնահերթություն, նախարարն իր առջեւ մի քանի խնդիր է դրել․ նախ ավարտին հասցնել բոլոր այն ծրագրերը, որոնք արդեն մեկնարկել էին, եւ բարձրացնել ֆինանսական արդյունավետությունը։ Մի շարք ծրագրերի նախահաշիվներ վերանայվել են, ինչի արդյունքում խնայողություններ են արվել․ «Կարողացանք բալանսի բերել անջրպետը, որ գոյություն ուներ 2-րդ եւ 3-րդ եռամսյակների միջեւ, եւ իրականացնել նոր նախագծեր»։



Բացի նախանշված միջոցառումները, հաջողվել է այս 100 օրերի ընթացքում ձեռնարկել եւ իրականացնել բազմաթիվ նոր աշխատանքներ, որոնցից նախարարն առանձնացրել էր 15-ը, մասնավորապես՝ 7 կառույց ստացել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ: Շիրակի մարզի երկրագիտական թանգարանին տրամադրվել է նոր շենք, որը 30 տարի շարունակ լուծում չէր ստանում: Վերանայվել է դահլիճների վարձակալման վճարը` դեպի նվազեցում: Մշակվել է դպրոցականների՝ մշակութային հաստատություններ այցելելու աբոնոմենտային համակարգը, որը կներդրվի ԿԳՆ-ի հետ համատեղ՝ հոկտեմբերից: «Հայֆիլմ» կինոստուդիայի ժառանգությունը փոխանցվել է իրավահաջորդ Հայաստանի ազգային կինոկենտրոնին: Ստեղծվել է գրականության հանրահռչակման բաժին` Հայաստանի ազգային գրադարանում: Կանխվել է թվով 32 հուշարձանի վտանգումը, մասնավորապես` դադարեցվել են «Հին Երեւան» ծրագրի տարածքում իրականացվող անօրինական շինարարական աշխատանքները, Արամի 32 հասցեում կանխվել են հուշարձան-շենքի փոփոխման աշխատանքները, եւ չեղյալ է համարվել 2017թ. տրված թույլտվությունը, կանխվել են Լոռու մարզում պահպանական գոտուց ավազահանման դեպքերը, դադարեցվել եւ իրավապահ մարմիններին են ներկայացվել Խնձորեսկում անօրինական շինարարական աշխատանքները եւ այլն: Ընթացքի մեջ են կինոյի եւ թատրոնի մասին օրենքները, որոնք, ամենայն հավանականությամբ, մինչեւ տարեվերջ կընդունվեն։



Մակունցն ասաց, որ առաջիկա 5 տարվա ռազմավարության գերակա ուղղությունները լինելու են մշակույթի եւ կրթության համադրումը, համաչափ եւ ապակենտրոնացված մշակութային քաղաքականության իրականացումը, օրենսդրական դաշտի կարգավորումն ու կատարելագործումը, դրամաշնորհային քաղաքականության կիրառումը, ինչպես նաեւ՝ պատմամշակութային հուշարձանների պահպանությունը: Լրագրողները հետաքրքրվում էին օպերային թատրոնի շուրջ ստեղծված վիճակով՝ պայմանավորված Օրբելյանի անձով։ «Օպերայի հետ կապված այս 100 օրերի ընթացքում ինձ բավականաչափ խնդիրներ են ներկայացվել, ընդ որում՝ հենց Օպերայի աշխատողների կողմից։ Այդ բոլոր խնդիրների հետ կապված՝ ես անձամբ պարոն Օրբելյանի հետ հանդիպումներ, քննարկումներ եմ ունեցել, որի արդյունքում պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ այդ խնդիրները պետք է հասցեագրվեն եւ հասցեագրվելու են։ Խնդիրները մեզ ներկայացվել են թե՛ գրավոր, թե՛ բանավոր կերպով։ Հույս ունեմ, որ պարոն Օրբելյանն արձակուրդից վերադառնալուց հետո ինձ կներկայացնի այն քայլերը, միջոցառումները, որոնք ձեռնարկելու է Օպերայի առողջացման եւ դրա աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ»,- ասաց նախարարն ու նկատեց, որ Օպերայի արդյունավետությունը կշահի, եթե բոլոր հաստիքները լինեն տարանջատված․ «Նաեւ խոսել ենք այն մասին, որ տնօրենն առանձին հաստիք պետք է զբաղեցնի, գեղարվեստական ղեկավարը` մեկ այլ: Տնօրենի եւ գեղարվեստական ղեկավարի հաստիքները պետք է միմյանց հետ նույնիսկ կոնֆլիկտի մեջ լինեն, որի արդյունքում է արդյունավետ աշխատանք լինում: Խոսել ենք նաեւ գլխավոր դիրիժորի հաստիքի վերականգնման անհրաժեշտության մասին, սպասում ենք նրա արձագանքին»։



Մշակույթի նախարարությունը խնդիր է դրել բացառել չարաշահումները։ «Դիմել ենք համապատասխան գերատեսչություններ, որպեսզի նրանք միջոցներ ձեռնարկեն այդ չարաշահումները բացահայտելու համար, որոնք արծարծվում են մամուլում։ Մյուս կողմից էլ, եթե մենք սկսենք զբաղվել բացառապես կոռուպցիոն ռիսկերի, չարաշահումների բացահայտմամբ, պարզապես ի վիճակի չենք լինի կատարել այն աշխատանքները, որոնք իսկապես ուզում ենք անել, որոնք, օրինակ, միտված են մշակույթի նախարարության առողջացման գործընթացին, տարբեր ոլորտների զարգացմանը»,- ասաց նախարարն ու ընդգծեց, որ նախարարությունն ընդամենը 2 աուդիտոր ունի, որոնք ի վիճակի չեն ուսումնասիրել նախարարության ենթակայությամբ գործող տասնյակ ՊՈԱԿ-ները: Ինչ վերաբերում է չարաշահումներին, մի օրինակ բերեց. «Ինձ մոտ հայտնվել էր մի գրություն` Մարտիրոս Սարյանի նկարների հետ կապված, մշակույթի նախարարության փորձագիտական ՊՈԱԿ-ը տվել էր եզրակացություն, որ Սարյանի նկարները բնօրինակ են, եւ դրված էր նաեւ Ռուզան Սարյանի ստորագրությունը: Այդ փաստաթղթի հետ մեկտեղ կար մեկ այլ փաստաթուղթ, որտեղ Ռուզան Սարյանը տեղեկացնում էր, որ նկարները բնօրինակները չեն, եւ իր ստորագրությունը նույնպես կեղծված է։ Այս գրությունից հետո մենք փաթեթն անմիջապես ուղարկել ենք դատախազությանը: Ընթացքը տրված է, եւ արդեն հարցաքննություններ են կատարվում»։



Նախարարից հետաքրքրվեցինք նաեւ Մնջախաղի պետական թատրոնի շենքի ճակատագրով, նախորդ նախարարի օրոք Գ․ Քոչար 21 հասցեում գտնվող շենքը հատկացվեց թատրոնին, բյուջեով գումար էր սահմանվել, շինարարությունը մայիսից պետք է սկսվեր, բայց գործընթացը կանգնեց, ինչո՞ւ։ «Պարոն Դադասյանի բարձրացրած հարցը հետեւյալն էր․ որպեսզի թատրոնը լիարժեք գործի, եւ չօգտվեն այլ թատրոնների բեմից, ունենան սեփականը, նրանք առաջարկում էին իրենց վարչական աշխատանքների համար օգտագործվող շենքում կատարել շինարարական փոփոխություններ․ հարկը բարձրացնեին, մուտքը լիներ դրսի կողմից: Խնդիրն այն է, որ այդ շենքը հուշարձան շենք է, եւ որեւէ կերպ փոփոխություններ չեն կարող լինել այնտեղ։ Մշակույթի նախարարությունում չկա Մնջախաղի թատրոնի վերաբերյալ որեւէ նախագիծ, բայց չենք բացառում, որ բանավոր պայմանավորվածություն, այնուամենայնիվ, եղել է: Ի՞նչ ենք ձեռնարկել․ մենք, կարեւորելով Մնջախաղի թատրոնը,այժմ ուսումնասիրություններ ենք կատարում, թե ուրիշ ինչ հարմար շենք կարող են հատկացնել Մնջախաղի թատրոնին: Նախնական ինչ-որ բան առաջարկվել է, որին պարոն Դադասյանը բացասական է արձագանքել»։ Ինչ վերաբերում է փառատոններին, ապա 2019թ․ բյուջեում կա փոփոխություն, եթե նախկինում այս կամ այն փառատոնի համար առանձին տողով հատկացվում էր բյուջե, ապա այս տարի վերացրել են՝ հավասարության սկզբունքից ելնելով։ Նախարարության թերացումների մասին հնչած հարցին ի պատասխան Մակունցն ասաց․ «Ամեն օր  տագնապի զգացողություն ունեմ, որ ոչինչ չեմ հասցնում, չնայած նրան, որ օրվա ընթացքում աշխատանքին բավականին շատ ժամանակ եմ հատկացնում, ե՛ւ ես, ե՛ւ թիմը: ․․․Ժամանակային առումով այն աշխատանքները, որ կուզենայի ավարտված լինեին, որոշները դեռ ավարտված չեն»։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**