Հակահրդեհային գույք վաճառողը ղեկավարում է քաղաքապետարանի փրկարարական վարչությունը

Հակահրդեհային գույք վաճառողը ղեկավարում է քաղաքապետարանի փրկարարական վարչությունը
ԱԻՆ փրկարար ծառայության Երեւանի վարչության պետի տեղակալ Դավիթ Գրիգորյանը նախանձելի ամուսին է։ Նա իր կնոջը ձեռնարկություն է նվիրել, որը հիմնել է 2006 թվականին։ «Ուրիշ երկրներում 7-8 կին է պահում մի տղամարդ, մենք մի կին պահելու, ձեռնարկություն նվիրելու իրավունք չունե՞նք»,- հարցնում է քաղաքապետարանի պաշտոնյան։ Իրականում մեզ քիչ էին հետաքրքրում նրա մտորումները, թե «ինչպես պետք է տղամարդը պահի իր կնոջը» թեմայով։ Պարզապես տեղեկություն ունեինք, որ Գրիգորյանը, լինելով քաղաքապետարանի պաշտոնյա, նաեւ ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվում։ Ձեռնարկությունն այդ, որը կոչվում է «Դավիթ Օծոպեցի», վաճառում է հակահրդեհային սարքավորումներ եւ պարագաներ, այսինքն՝ ուղղակի կապ ունի Գրիգորյանի աշխատանքային, պաշտոնեական գործունեության հետ։



«Դուք Երեւանի ձեռնարկություններից պահանջում եք, որ ունենան կրակմարիչներ եւ այլ պարագաներ, հակահրդեհային գույք, որը ձեր ձեռնարկությունը վաճառում է։ Շահերի բախում չե՞ք տեսնում, արդյոք սա՞ ճի՞շտ է»․ «Հրապարակի» այս հարցը Դավիթ Գրիգորյանին անակնկալի բերեց։ «Ես հպարտանում եմ իմ ձեռնարկությամբ։ Ես եմ «Դավիթ Օծոպեցին»։ Բայց իմ ձեռնարկությունն իմ աշխատանքի հետ բոլորովին կապ չունի։ Ուղղակի միակ կապն այն է, որ եթե ոչ բոլոր հրդեհների, այլ դրանց 70 տոկոսին ես ներկա եմ, գիտեմ, թե աղբյուրը որտեղից է, գիտեմ դրա կանխման միջոցները։ 16 տարի ես միայն շարքային հրշեջ եմ եղել։ Դա արդեն ամեն ինչ ասում է։ Իմ տղաները մեծ տղաներ են, բանակ գնացած-եկած, քառօրյա պատերազմի մասնակից։ Ես մտածում էի, որ մի օր պետք է գնամ թոշակի, եւ որ իմ ստեղծած տարիների փորձն ափսոս է։ Ես ձեռնարկությունը բացել եմ 2006 թվականին, երբ հասարակ փրկարար էի, իսկ հետո, երբ պաշտոն ստացա, հանձնեցի կնոջս։ Հիմա իմ ղեկավարը կինս է»,- ասաց Դավիթ Գրիգորյանը։ Նա վստահեցնում էր, որ կնոջ ձեռնարկությամբ չի զբաղվում, որ շատ զբաղված է իր ծառայական պարտականություններով։



«Իմ ժամանակն այնքան քիչ է, ես այնքան ծավալուն աշխատանքներ եմ իրականացնում, այդ թվում՝ նաեւ դասացուցակին եմ հետեւում Երեւան քաղաքի փրկարարական վարչության»։ Այն, որ պաշտոնյան կապ չունի «Դավիթ Օծոպեցի» ՍՊԸ-ի հետ, եւ բոլոր հարցերով զբաղվում է նրա կինը, այնքան էլ համոզիչ չէին գոնե այն պատճառով, որ «Սփյուռ» տեղեկատվական համակարգում, որպես այս ձեռնարկության հեռախոսահամար, նշված էր փրկարարական վարչության պետի տեղակալ Դավիթ Գրիգորյանի բջջայինի համարը։ Որպես ՍՊԸ-ի գործունեության հասցե՝ նշվում է Գրիգորյանի Ներքին Չարբախի հասցեն։ Մեր դիտարկումը, թե այսօրվա կարգավիճակը Գրիգորյանին հնարավորություն տալի՞ս է մտնել ձեռնարկություններ, ստուգել հակահրդեհային պարագաների, կրակմարիչների առկայությունը եւ խորհուրդ տալ գնել դրանք իր ձեռնարկությունից, բարկացրեց Դավիթ Գրիգորյանին։ «Դա հնարավոր չէ,- նա ասաց վրդովված,- ես իմ համազգեստը շատ եմ հարգում։ Եթե օրենքի խախտում եմ կատարել, թող ինձ պատժեն ողջ խստությամբ, ես պատրաստ եմ հենց հիմա թոշակի գնալ։ Բայց, կարծում եմ, մեր ազգաբնակչությունը դրանից չի շահելու։ Իսկ այն կնոջը, որը տվել է Ձեզ այս տեղեկատվությունը, ես պատրաստ եմ հանձնելու իմ պաշտոնը, որը ես ոչ թե պաշտոն, այլ պատիվ եմ համարում»։ Տարակուսելին, սակայն, Դավիթ Գրիգորյանի ենթադրությունն էր, թե մեզ տեղեկություն հայտնողը կին պետք է եղած լինի։ Երեւի բոլոր թշնամիները նրան կնոջ կերպարանքով են ներկայանում։



**Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ**