Հանճարն ու բանջարը՝ պատմության քառուղիներում

Հանճարն ու բանջարը՝ պատմության քառուղիներում
Երբ 1934թ․ գերմանական Պոտսդամ քաղաքում լույս տեսավ «Հայկականություն-Արիականություն» գիրքը՝ Հանս Շեդերի հեղինակությամբ, կոմունիստներն արդեն գործի էին դրել աշխարհը «ժողովրդի թշնամիներից» ազատող իրենց մսաղաց-մեքենան, իսկ ֆաշիստները, հետ չմնալով նրանցից, պատրաստվում էին աշխարհն «անպետք» ռասաներից մաքրելու համար իրենց կառափնարանները բացել աշխարհով մեկ։ Թուրքիան աշխարհի համար արդեն օրինակ էր ծառայել՝ ցեղասպանելով հայերին, ցանկանալով աշխարհն ազատել «անպետք» ազգերից։ Առաջատար Եվրոպան այդ գրքում տեղ գտած հոդվածներով աշխարհին ներկայացրել էր հայերի ազգային կերպարը՝ հայերին հանելով «անպետք» ռասաների ցուցակից։ ԽՍՀՄ փլուզումից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ այդ աղբյուրա-պատմա-ազգա-քաղաքագետ գիգանտը, որի պապերը, դժբախտաբար, Հիտլերի «դռբի տակ» չէին ընկել, նույնպես լծվեց աշխարհավերաշինության սուրբ գործին։ Հայաստանն ազատագրեց մտավորականությունից՝ պետական կյանքի բոլոր բնագավառները հագեցնելով գյադաներով, ավելին՝ ավերակեց Հայաստանի գիտաարտադրական միավորումները՝ փերեզակներին տալով երկրի տնտեսության բոլոր լծակները։ Առակս ի՞նչ կցուցանե՝ Եվրոպան եւ ամբողջ աշխարհը՝ թե՛ բարությամբ, թե՛ չարությամբ, ճանաչել են մեր հայկականությունը՝ որպես արիականություն կրող, արեւի պես արարող ազգի, իսկ մեր խշխանությունները ողջ պատմության ընթացքում՝ ոչ։ Մեր ազգն իր իշխանությունների համար միշտ եղել է մատաղացու, կոլխոզնիկ, բանվոր ու էժան ընտրազանգված, իսկ ուրիշների համար՝ գիտնական, ռազմական գործիչ ու հաջողակ գործարար։



Այսօր մենք հասել ենք նրան, որ մեր գրքերը Թուրքիայում են տպագրվում, իսկ Հայաստանի ընդերքը քամում են ուրիշ պետությունները, փերեզակային տնտեսությունն աղքատ ժողովրդի վզին է նստել, ինչքան սար ու ձոր ունենք, դրված է կազինոների ու ռեստորանների տակ, ու ազգովի տժժում ենք, իսկ Պուտինը պետք է մեր բանակը հզորացնի, Թուրքիայից մեզ պաշտպանի ու Ադրբեջանի հետ մեր հարցերը «ո՛չ շիշ, ո՛չ քաբաբ» անի՝ մի շիշ խարդախված կոնյակի դիմաց։



Վերջերս շատ է հնչում հայկական «Մարսելյեզը», «եկեք խելքներս գլուխներս հավաքենք»։ Ախր, մեր խելքի տարաները՝ գլուխները, խելքի տեղ չունեն։ Դրանք իշխանություններն օգտագործում են միայն քվեաթերթիկներ լցնելու համար։ Կամ՝ խելքն ի՞նչ ենք անում, դատարկ գլուխներով ավելի քիչ կհիշենք ու շուտ կմոռանանք մեր ցավերը, հայկականությունն էլ՝ հետը։ Ֆեյսբուքում արածելն ավելի լավ չէ՞։ Այնտեղ ե՛ւ մեր լեզուն է հայերենանում, ե՛ւ աշխարհի քաղաքակրթական փորձն ենք ներառում մեր իրականության մեջ, համ էլ «կռուգլասուտըչնի» քուֆր-քաֆար ենք լսում։



Չինաստանում իբր մարդկանց դարդից ոտք դնելու տեղ շատ կար, տասնյակ հազարավոր զինվորների արձաններ էին քանդակել-դրել ու արձանների բանակ կառուցել։ Բուդդան դրանից չնեղացավ՝ այսօր աշխարհը Չինաստանինն է։ Մենք մեր երկրում ինչքան ամուր քար ենք տեսել, դրանից խաչքար ենք սարքել, ինչքան գրել-կարդալ իմացող ենք բռնել, տերտերի շոր ենք հագցրել։ Բայց Քրիստոսը դրանից նեղացավ ու երես է թեքում մեզնից՝ հասկացնելով, որ իր պատկերաքանդակներով սարքած եկեղեցիները, եթե պետք է թողնենք անաստվածներին, որ նրանք անասնագոմերի վերածեն, քրիստոնեության հետ կապ չունեցող ցուցադրանքներ են։



Մեր գիտական միտքը սոսկ մեր Մատենադարանն է հարստացրել ու ժամանակակից համաշխարհային գիտության հսկաների զարմանքը շարժել, թե հայ գիտնականներն ինչպես են իրենցից շուտ եւ իրենցից լավ ամեն ինչ ասել թե՛ տիեզերքի, թե՛ բնության ու մարդու մասին։ Իսկ դու, պարոն 10 տարվա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան, քանի՞ գիտնականի ես մի կտոր հաց տվել, քանի՞ գերազանցիկ ու աղքատ ուսանողի ես մի դրամով օգնել։ Մեր պետական համալսարանը քեզ համար արել էիր փողի տպարան։ Պարոն հարյուր կիլոմետրանոց հայագիտական աշխատությունների հեղինակ, ՀՀ ոչ բարով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյան, ե՞րբ ես քո առանձնատունը հայ գիտնականներին զիջելու, որ քո ստեղծած մտավոր անապատում ճգնես, ու քո բերած քաղաքական գաղափարների խորշակները հայկականությունը չսրբեն աշխարհի երեսից։ Քոչարյանին էլ բան չեմ ասում՝ նա գիտական մտքի ու արդարության համար միշտ էլ անձեռնմխելի է եղել, համ էլ կարող է ոսկե ձկնիկ է՝ մի բան ասել է մեր արդարադատությանը, որ բաց են թողել։



Լավ, բերեք մեր խավարի թագավորության գահակալների դատաստանը թողնենք Աստծուն ու ապրենք այնպես, որ Աստված նրանց նայելով մեզ չդատի, քանզի նրանք մեզ պարտադրված են եղել Արցախյան պատերազմով ու ժողովրդավարությունը մեր ժողովրդի կողմից թարս հասկանալով։ Հիմա, փառք Աստծո, մի քիչ խելքի ենք եկել։ Բայց ունենք մի գժանոց պետություն ու մի պայծառանպատակ Նիկոլ եւ դարերով խաբված ու արդարացիորեն կասկածամիտ ժողովուրդ։ Ես անձամբ ճանաչելով Փաշինյանին, քաջ ծանոթ լինելով նրա քաղաքական ու ազգային գաղափարներին՝ կուզենայի հանրությանը հավաստիացնել, որ նրա քայլերը լուսնային քայլվածքի տեղ չընդունի։ Կա առաջխաղացում։ Լավ սկիզբը գործի կեսն է։ Մենք առաջիկայում պետք է ամեն կերպ աշխատենք, որ մեր իշխանությունը հիմա էլ լուսնորդներով չլցվի։ Ես հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանի օգնականներից մեկը, ասենք՝ Մեսրոպը, որին արդեն Մաշտոցն օգնել է, այս հոդվածի ավարտական մասը, որը հիմա պետք է շարադրեմ, Նիկոլ Փաշինյանի աշխատանքային սեղանին կդնի։



Ես կոչ եմ անում ՀՀ իշխանությանը՝



1. ՀՀ տարածքում գործող բոլոր խաղատների, ռեստորանների ու ոգելից խմիչքների վաճառքով զբաղվող կազմակերպությունների եկամուտներից գանձվող հարկերից գոյացող գումարներն ուղղել ՀՀ-ում գիտության ու կրթության զարգացման ֆոնդերին։



2. Պետական հոգածություն ցուցաբերել հայ գիտնական Վռամ Խաչատրյանի կողմից մշակված ատոմակայանների ռադիոակտիվ թափոնների վնասազերծման տեխնոլոգիայի ներդրման աշխատանքին՝ որպես մեզ համար բացառիկ շահավետություն ներկայացնող խնդրի։



3. Պարբերաբար կազմակերպել Սփյուռքում եւ Հայաստանում ապրող հայ գիտնականների մասնակցությամբ գիտաժողովներ եւ ՀՀ-ում ներդնել նրանց կողմից մշակված ժամանակակից նորարարական տեխնոլոգիաները։



4. Դադարեցնել նախկին իշխանությունների կողմից ՀՀ-ում սկիզբ առած՝ փող լվանալու նպատակով պետբյուջեից կեղծ գիտական ծրագրերի ֆինանսավորումը։



5. Կարճ ժամկետներում բարեփոխել ՀՀ ընդերքի շահագործումը կարգավորող օրենսդրությունը, ավազի, քարի եւ շինարարության բնագավառում լայն կիրառում ունեցող այլ ապարների հանքերի շահագործումը՝ շինարարական կազմակերպությունների համար հասանելի դարձնելու նպատակով։



6. Ստեղծել ֆոնդեր, որոնցից կկարողանան օգտվել գիտության եւ արվեստի բնագավառում վաստակ ունեցած՝ ծայրահեղ աղքատության ու գործազրկության մեջ հայտնված մարդիկ։



7. Երեւանի եւ ՀՀ տարածքներում անհատույց հողատարածքներ տրամադրել շինարարական կազմակերպություններին՝ բազմաբնակարան շենքեր կառուցելու համար։



8. Օգնել ժողովրդին՝ ազատվելու բանկային գերությունից, եւ նպաստել Հայաստանում այնպիսի ֆինանսավարկային քաղաքականության իրականացմանը, որպեսզի նորաբաց գիտական ու արտադրական ձեռնարկությունների համար մեկնարկային գործողությունների նպատակներով որոշակի քանակով վարկեր ստանալու հնարավորություններ ընձեռվեն։



9. Հարկերից ազատել եւ պետական միջոցների հաշվին ֆինանսապես խրախուսել այն ձեռնարկություններին, որոնք որպես հումք օգտագործելու են ՀՀ տարածքում կուտակված թափոնները։



**Վահան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ**



**«Գրավիտոն» գիտական կենտրոն**