ԲԷՑ-ում երկարատեւ ստուգումներ են

ԲԷՑ-ում երկարատեւ ստուգումներ են
Նիկոլ Փաշինյանի կառավարության 100 օրվա գործունեության որոշ դրվագներ Ռուսաստանում հիվանդագին են ընդունել։ ՌԴ որոշ լրատվամիջոցներ, ինչպես, օրինակ, «Կոմսոմոլսկայա պրավդան», անդրադարձել են ՀՀ նոր իշխանության՝ հյուսիսային գործընկերոջը մատուցած անակնկալներին, որոնք տհաճություն են պատճառել վերջինիս։ Դրանց թվում է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի վերադարձը պետությանը։ Ինչպես հիշում ենք, վարչապետ Կարեն Կարապետյանը մեկ տարի առաջ ԲԷՑ-ը հանձնել էր «Տաշիր կապիտալ»-ի հավատարմագրային կառավարմանը։ Իսկ այս տարվա հունիսի 21-ին գործադիրն ուժը կորցրած ճանաչեց այդ որոշումը։



ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հայտարարեց, որ պայմանագրում կային կետեր, որոնք ձեռնտու չէին պետությանը, եւ «Բարձրավոլտ ցանցերը» կմնան որպես պետական ձեռնարկություն: Էներգետիկ ենթակառուցվածքների նախարարությունից պարզաբանում են. «24.08.2017թ․ կառավարության որոշմամբ հավանություն էր տրվել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի բաժնետոմսերով հավաստված իրավունքները «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ին հավատարմագրային կառավարման հանձնելու մասին պայմանագրին: Պայմանագիրը ստորագրվել է 2017թ. սեպտեմբերի 25-ին, սակայն այն ուժի մեջ պետք է մտներ «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ի կողմից կազմված հավատարմագրային կառավարման ծրագիրը ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվելուց հետո: Այս տարի արդեն ապրիլի 12-ի որոշմամբ փոփոխություն կատարվեց պայմանագրում, հաստատվել էր «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարման ծրագիրը, որը կողմերի փոխադարձ համաձայնությամբ ուժի մեջ դեռ չէր մտել եւ ս.թ. հուլիսի 21-ի որոշմամբ ուժը կորցրած ճանաչվեց»:



Իր ֆեյսբուքյան էջում նախարարը բացատրեց, թե պայմանագիրը հատկապես ինչով դուր չի եկել գործադիրին՝ պետությունն իր ռազմավարական նշանակություն ունեցող գույքի սեփականության իրավունքները հանձնում է մասնավորին, որ պայմանագրի ժամկետը չափից դուրս մեծ է, որ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությունը պետական կառավարման ներքո պահելը երկրի էներգետիկ համակարգի վրա ներազդելու կառավարության վերջին լծակն է եւ այլն: «Պատասխանատու հայտարարում եմ` այն բոլոր պարտականությունները, որ պետությունը դրել էր «Տաշիր կապիտալի» վրա, ի զորու է կատարել սեփական ուժերով»,- նշել էր նախարարը: Չնայած այս հայտարարություններից հետո խնդրին անդրադարձավ նաեւ վարչապետը՝ նշելով, որ դեռ վերջնական որոշված չէ ԲԷՑ-ի՝ պետության ձեռքում մնալու պահը, հնարավոր է մասնավորի հանձնվի։



Ի՞նչ է կատարվում այժմ ԲԷՑ-ում: Մեր աղբյուրը հայտնում է, որ վերջին տարիներին ընկերությունը ֆինանսական ճգնաժամ էր ապրում: Հենասյուները շատ հատվածներում հին են եւ փոփոխման ենթակա, լարերը նույնպես մաշված են, պարբերաբար վթարներ են լինում: Ներդրումներ ենթակառուցվածքների մասով չէին արվում, փոխարենը ԲԷՑ-ում, նախկին նախարար Աշոտ Մանուկյանի օրոք, շռայլ հիմնանորոգումներ էին արվում, ղեկավար անձնակազմի համար թանկարժեք ավտոմեքենաներ էին գնում: Ի՞նչ է ԲԷՑ-ում կատարվում հիմա: Էներգետիկայի նախարարության լրատվականից մեզ հաղորդեցին, որ համակարգում ընդունում-հանձնում է ընթանում: «Նախարար Արթուր Գրիգորյանն ասեց, որ ԲԷՑ-ում հիմա ստուգումներ են իրականացվում: Օգոստոսի 29-ին նա հանդես կգա ասուլիսով, որի ժամանակ կպատասխանի բոլոր հարցերին»,- ասաց նախարարության խոսնակ Ռիմա Եգանյանը: Մեր տեղեկություններով, ԲԷՑ-ում չարաշահումներ են հայտնաբերվել: Ի դեպ՝ խոսնակների մասին: ԲԷՑ-ն ունի խոսնակ, որը մամուլի կապերով է զբաղվում, սակայն ինքնուրույն չի կարող աշխատել լրագրողների հետ: Այդ խոսնակը լրագրողներին ուղղորդում է, որ հարցերը հասցեագրեն էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությանը: Նախարարությունն էլ իր խոսնակն ունի, որն էլ իր հերթին ինքնուրույն չի ճշտում տեղեկությունները, այլ միայն հղումներ է կատարում նախարարի արդեն հրապարակված կամ ապագայում հրապարակվելիք ելույթներին: Արդյունքում լրագրողի աշխատանքն է բարդանում։



**Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ**