ՊԵԿ-ը որոշել է փոխել հարկային օրենսգիրքը

ՊԵԿ-ը որոշել է փոխել հարկային օրենսգիրքը
Պետեկամուտների կոմիտեն վերջապես որոշել է բարեփոխել Հարկային օրենսգիրքը։ ՊԵԿ նախկին փոխնախագահ Վախթանգ Միրումյանի ղեկավարության ներքո կազմված այս օրենսգիրքն իրական պատուհաս էր դարձել փոքր ու միջին բիզնեսի համար։ Ավելի քան 700 էջանոց այս օրենսգիրքն այնքան խրթին օրենքներ է իր մեջ պարունակում, որ իրական մահակ է դարձել հարկային մարմինների համար, որն աջ ու ձախ կիրառում են տնտեսվարողների նկատմամբ։ Այս օրենսգրքից դժգոհությունները սկսվել էին դեռ նախորդ կառավարության օրոք, քանզի կազմողն ու ընդունողը նախորդ իշխանություններն էին եւ ակտիվացան նոր կառավարության օրոք, երբ ՊԵԿ-ը համատարած «մասկի շոու»-ներով սկսեց գրոհել խանութները, ռեստորանները, տարբեր օբյեկտներ՝ ստիպելով սրբորեն կատարել Հարկային օրենսգրքի բոլոր բարդ ու վնասակար դրույթները։



ՊԵԿ նախագահ **Դավիթ Անանյանը** մեզ հետ զրույցում նշեց, որ ձեռնամուխ են եղել Հարկային օրենսգիրքը բարեփոխելու գործընթացին եւ շուտով կներկայացնեն կառավարության եւ խորհրդարանի դատին։ Դրանով, ըստ Անանյանի, իրենք նախատեսում են հարկային բեռի փոփոխություն։ Փոփոխությունների դրոշակակիրը ֆինանսների նախարարությունն է, բայց ՊԵԿ-ն ու տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը, Կենտրոնական բանկը, տարբեր ՀԿ-ներ եւս մասնակցում են։



**- Պարոն Անանյան, կոնցեպտուալ առումով ի՞նչ փոփոխություններ են լինելու օրենսգրքում, եւ նկատի ունեցե՞լ եք արդյոք տնտեսվարողների բողոքներն ու առաջարկությունները։**



-Բնականաբար։ Տեսեք, մենք որ ասում ենք՝ նույն տեսակետներ ունենք, տնտեսական զարգացման նախարարությունն էլ է գտնում, որ միկրոբիզնեսի շեմ պետք է սահմանենք, ֆինանսների նախարարությունն ու ՊԵԿ-ն են գտնում, որ միկրոբիզնեսի շեմ պետք է սահմանենք։ Օրինակ՝ մենք ասում ենք, որ ինքն ընդհանրապես պետք է հարկերից ավարտած լինի, տնտեսական զարգացման նախարարությունն ասում է՝ կարելի է սիմվոլիկ հարկ դնել, չգիտեմ՝ զրո ամբողջ չգիտեմ ինչքան հարկ, որպեսզի հարկ վճարելու մշակույթը չկորի։



**- Ի՞նչ ասել է միկրոբիզնես, ինչպե՞ս է սահմանվում այն։**



-Միկրոբիզնեսի սահմանման տակ կա չորս տարբերակ, որ էսօր քննարկվում են, որեւէ մեկը չեմ ցանկանա էսօր բացահայտել։ Օրինակ, մի տարբերակն այն է, որ ինքնազբաղվածներն ու ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտները միավորվեն միկրոբիզնեսի անվան տակ։ Մյուսը շեմի գաղափարն է, որտեղ կլինեն կոնկրետ գործունեության տեսակներ։



**- Իսկ փոքր ու միջին բիզնեսի մասո՞վ ինչ փոփոխություններ են նախատեսվում։ Օրինակ՝ ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչները դժգոհում էին Հարկային օրենսգրքի դրույթներից։**



-Իրենք կմնան շրջանառության հարկի դաշտում։ Իրենց մասով փոփոխություն չի լինի, որոշակի փոփոխություն կլինի այլ գործունեության մասով։ Իրենք ընդհանրապես չպիտի դժգոհեն ոչ մի բանից, մենք իրենց համար, մեր պատկերացմամբ, դիզայն ենք արել հարկման շատ լավ համակարգ, որն ունի խոցելի տեղեր, որը որ պետք է վերացնենք այս փոփոխություններով։



**- Բայց դժգոհում էին, որ հարկայինը պահանջում է իրենց ձեռք բերած ապրանքների համար հաշվետվություն ներկայացնել, սակայն պարզվում է՝ ոչ բոլոր ապրանքների դեպքում է, որ վաճառողները տրամադրում են հաշիվ-ապրանքագիր խանութներին, ռեստորաններին, եւ դրանից օգտվում է հարկայինն ու տուգանում։**



-Այդ հարցը կարգավորվելու է այս փոփոխությունների շրջանակում, բայց էս պահին պատրաստ չեմ փակագծեր բացել։ Տարբերակները, որոնք քննարկվում են կառավարության ներսում, բուռն քննարկումների շրջանակներում են տեղի ունենում, տնտեսական մտքի վարժանքների միջոցով։ Եվ տարբերակներից որեւէ մեկը շեշտադրումով ներկայացնելն իմ կողմից պրոֆեսիոնալ առումով կլինի ոչ ճիշտ։ Եկեք սահմանափակվենք այսքանով։



**- Ամեն դեպքում, փոփոխությունների կոնցեպցիան ինչպիսի՞ն է լինելու, որ տնտեսվարողներն իմանան, թե մոտավոր ինչ է սպասվում իրենց։**



-Չորս կոնցեպտուալ փոփոխություն է լինելու՝ հարկման այլընտրանքային համակարգեր, դրանց կրճատում, եկամտի եւ կապիտալի հարկման բեռի նվազեցում, երրորդը՝ սպառման հարկման բեռի ավելացում եւ շրջանառության հարկի շեմի վերաբերյալ որոշման կայացում։ Հիմա 115 մլն է, 58.35 մլն, եթե որեւէ բան չձեռնարկենք, հունվարի մեկից է դառնալու, բայց տարբերակները շատ-շատ են, թե՞ թողնենք նույնը՝ 115 մլն, թե՞ 58.35, թե՞ դրանց արանքում որեւէ մի բան։ Դա կախված է նաեւ նրանից, թե միկրոբիզնեսի համար ինչպիսի շեմ կսահմանենք։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**