Վլադիմիր Գասպարյանի եղբայրն ու տուժողն առերեսվել են

Վլադիմիր Գասպարյանի եղբայրն ու տուժողն առերեսվել են
Այս տարվա հուլիսի 9-ին՝ Վարդավառի օրը, Կոտայքի մարզի Կոտայք գյուղում միջադեպ էր տեղի ունեցել ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբոր՝ Կարեն Գասպարյանի եւ Կոտայքի մի բնակչի՝ Ավետիք Սարգսյանի միջեւ։ Դեպքը պատահել է ջրելու պատճառով․ գյուղի երեխաներից մեկը ջրել է Գասպարյանի մեքենան, նա էլ կանգնեցրել է իր BMW X5-ը, իջել ու զայրացել է երեխայի վրա։ Հետո միջամտել է հայրը, եւ դարձել է մի կաթիլ մեղրի պատմությունը։ Միջադեպի շարունակությունը եղել է այն, որ, ըստ տուժող Ավետիք Սարգսյանի, Գասպարյանն իրեն կանչել է իր առանձնատուն-ամառանոց, որը գտնվում է նույն գյուղում, եւ նվաստացրել, որդու հետ ծեծել է իրեն եւ սպառնացել վերացնել իրեն ու իր ընտանիքը, եթե որեւէ քայլի դիմի։



Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Նշենք, որ **Կարեն Գասպարյանը** ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտի վարչության պետն է եւ այժմ էլ շարունակում է պաշտոնավարել։ Մեզ հետ զրույցում Կարեն Գասպարյանն ասաց․ «Ի՞նչ ա եղել, որ չշարունակեմ պաշտոնավարել»։ Դիտարկմանը, թե հնարավոր է այդ միջադեպից հետո չցանկանային այլեւս, որ ինքն աշխատի նախարարությունում, Գասպարյանն ասաց, որ չկա նման բան։ Մնացած հարցերով խնդրեց դիմել իր փաստաբանին։



Փաստաբան **Արման Թամրազյանն** էլ մեզ հետ զրույցում ասաց, որ կա հարուցված քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137 եւ 119 հոդվածների հատկանիշներով։ Առաջինը սպանության սպառնալիքն է, երկրորդը՝ ֆիզիկական տառապանք պատճառելը։ «Էս պահին մեղադրանք է առաջադրվել Կարեն Գասպարյանին, առերես հարցաքննվել ենք տուժողի հետ, այսօր նաեւ դեպքի մասնակից երկու անձանց հետ առերեսումները պետք է տեղի ունենան։ Մեր կողմից ներկայացվել են ամառանոցի անվտանգության համակարգի տեսագրությունները, որտեղ հստակ ֆիքսված է, որ քրեական գործը հարուցված է, ըստ էության, առանց բավարար հիմքերի, մեղադրանքն էլ առաջադրված է ակնհայտ անհիմն եւ ապօրինի, որովհետեւ տեսագրության մեջ ֆիքսված տվյալները, միանշանակ նաեւ առերես հարցաքննության ժամանակ տուժողի տված ցուցմունքները, նաեւ քրեական գործով մեզ հայտնի դարձած մի շարք փաստեր վկայում են էն մասին, որ մեղադրանքն ակնհայտ անհիմն եւ ապօրինի է։ Այսինքն՝ սպանության սպառնալիք տեղի չի ունեցել, դրա հանցակազմը վկայող բավարար հատկանիշներ չկան, իսկ ինչ վերաբերում է 119 հոդվածին՝ ֆիզիկական տառապանք պատճառելուն, դրա վերաբերյալ առհասարակ որեւէ դատական տվյալ չկա։ Տեղի է ունեցել ընդամենը մեկ ապտակ, որը որակվել է 119 հոդվածով, ինչն անթույլատրելի է»,- ասաց փաստաբանը։



Հարուցված գործերը գտնվում են Հատուկ քննչական ծառայությունում, քանի որ Կարեն Գասպարյանն էլ, նրա որդին էլ պետական ծառայողներ են։ Գասպարյանը, ինչպես նշեցինք, տրանսպորտի նախարարության պաշտոնյա է, իսկ որդին՝ ոստիկանության։ Հենց նա է, ըստ փաստաբանի, մի ապտակ հասցրել տուժողին, եւ 119 հոդվածով հարուցված գործը որդու ապտակի հիման վրա է։ Բայց նրան այս պահի դրությամբ մեղադրանք չի առաջադրվել։ «Ես կարծում եմ, որ քննչական մարմինը ձեռնպահ կմնա ակնհայտ անհիմն հերթական մեղադրանքն առաջադրելուց, եւ գոնե Կարեն Գասպարյանի որդուն մեղադրանք չի առաջադրվի»,- ասաց փաստաբանը։



Հարցին՝ հարուցված քրեական գործը Կարեն Գասպարյանի վրա՝ որպես պաշտոնատար անձի, որեւէ ազդեցություն կարո՞ղ է թողնել, պարոն Թամրազյանն ասաց․ «Կարեն Գասպարյանը պաշտոնատար անձ է, բայց դեպքը նրա պաշտոնական դիրքի կապակցությամբ կատարված դեպք չէ, էս պահին որեւիցե ազդեցության մասին խոսել չեմ կարող, նման պաշտոնական տվյալներ չունեմ»։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**