Սահմանադրական դատարան պետք է դիմեին մինչեւ Քոչարյանին մեղադրանք առաջադրելը

Սահմանադրական դատարան պետք է դիմեին մինչեւ Քոչարյանին մեղադրանք առաջադրելը
ՀՀ գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ: Այդ դիմումն արդեն մուտքագրվել է դատարան, սակայն կան տեղեկություններ, որ դատական համակարգում քննարկում են դատախազության վճռաբեկ բողոքը կասեցնելու եւ այդ հարցով ՍԴ դիմելու տարբերակը, որպեսզի ՍԴ-ն մեկնաբանի՝ կարելի՞ է արդյոք առաջադրված մեղադրանքի՝ սահմանադրական կարգը տապալելու շրջանակներում անձեռնմխելիությունից զրկել նախկին նախագահին։ ՀՀ օրենսդրությունն ի՞նչ է նախատեսում այս դեպքում։ Զրուցեցինք ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանի հետ։



**- Վճռաբեկ դատարանը, ամենայն հավանականությամբ, կդիմի ՍԴ, որպեսզի Սահմանադրական դատարանը մեկնաբանի՝ կարելի՞ է արդյոք առաջադրված մեղադրանքի՝ սահմանադրական կարգը տապալելու շրջանակներում անձեռնմխելիությունից զրկել նախկին նախագահին եւ կալանավորել։ Ի՞նչ արդյունք կարելի է կանխատեսել այդ դիմումից։**



-Ես էն գլխից եմ ասել, որ հակասահմանադրական պրոցես է սկսված, եւ կարծում եմ, որ ՀՔԾ-ն ժամանակին պիտի դիմեր գլխավոր դատախազին, որպեսզի դատախազը դիմեր Սահմանադրական դատարան։



**- Իսկ ինչո՞ւ այդպես չարվեց, եւ ոչ էլ առաջին կամ երկրորդ ատյանի դատարանները դիմեցին ՍԴ, այլ վճիռ կայացրեցին։**



-Չեմ կարող ասել, բայց կարող եմ մոտավոր վիճակագրություն ասել, որ այն դեպքերում, երբ քաղաքացիները սպառել են դատական բոլոր ատյանները եւ նոր դիմել ՍԴ, էդ գործերի առնվազն 80 տոկոսը միջնորդություն ներկայացրած են եղել առաջին, վերաքննիչ դատարաններ, որպեսզի կասեցնեն, նոր դիմեն ՍԴ։ Իմ կարծիքով, ՍԴ դիմելու համար դատավորները բավականին ժամանակ են կորցնում, դրա համար խուսափում են դիմելուց։ Պատճառը հիմնականում դա է։ Ինչու առաջին ատյանը չի դիմել, ճիշտն ասած՝ ՍԴ մի որոշում ունենք, որտեղ գրել ենք, որ այդ լիազորությունը, իրավունքը պետք է նաեւ որպես պարտականություն հասկանալ, քանի որ եթե նման լիազորություն է տրված, ուրեմն մյուս կողմից իրավունք ունի այդ միջնորդությամբ հանդես գալու․ թե պրակտիկան ինչու է այդպես, չեմ կարող ասել։ Այո, այդ դատարանները չէին կարող որոշել անձեռնմխելիության հետ կապված։ Դա Սահմանադրությանը հակասում է, թե ոչ, բայց եկեք չմոռանանք, որ մեր Սահմանադրությունն ասում է, որ Սահմանադրությունը՝ դա անմիջական գործող իրավական նորմն է եւ գերակայություն ունի բոլոր օրենքների նկատմամբ, հետեւաբար կիրառել կարող էին։



**- Այսինքն՝ վիճահարույց չէ՞ անձեռնմխելիության հարցը, եւ պետք է դատարանները կիրառեի՞ն անձեռնմխելիության փաստը։**



-Ախր, ինչո՞ւ եք ինձ հարցնում, սպասենք ՍԴ որոշմանը։ Բոլոր դեպքերում ես վստահ եմ, որ ՍԴ-ն անաչառ որոշում կկայացնի, չի կարող հակասահմանադրական որոշում այնտեղ պահպանվել՝ հաշվի առնելով, որ հին կազմում գրեթե փոփոխություն չի եղել, բացառությամբ Հրայր Թովմասյանի։



**- Հիմա պաշտոնաթող նախագահին անձեռնմխելիությունից զրկելու դեպքեր սահմանվո՞ւմ են, թե՞ ոչ, մասնավորապես, նրա կողմից սահմանադրական կարգի խախտման դեպքում։**



-Ես հիմնովին համոզված եմ, որ գործընթացը սկսվել է ոչ իրավական ճանապարհով։ Հարցը Սահմանադրական դիմելու, մեկնաբանություն ստանալու, այդ բոլորը պետք է արվեր մինչեւ մեղադրանք առաջադրելը։ Հիմա եթե ընդունենք, որ վերաքննիչ ատյանի որոշումն ամբողջական է, այսօր մեղադրանքը պետք է համարվի չեղյալ, բայց քանի որ բողոքարկվել է այն, այս առումով չեմ կարող պնդումներ անել։ Ես համոզված եմ, որ անձեռնմխելիությունը պետք է հաղթահարվի, ի՞նչ եղանակով պիտի հաղթահարվի, երբ օրենքն ուղիղ այդ մասով ոչինչ չի ասում, թող դիմեին ՍԴ եւ մեկնաբանությունը կստանային։



**- Եվ ո՞րը կլիներ այդ մեկնաբանությունը, ի՞նչ է նշանակում՝ անձեռնմխելիությունը պետք է հաղթահարվի։**



-Այսինքն, այստեղ օրենքի բաց կա, որը հանգեցնում է նաեւ իրավունքի խախտման, եւ նախագահի անձեռնմխելիությունը հաղթահարելու այլ ձեւ Սահմանադրությունում եւ օրենքներում չկա, բացի իմպիչմենթից։ Սա՝ գործող նախագահի դեպքում, իսկ պաշտոնաթողի պարագայում նման կարգ գոյություն չունի։ Անձեռնմխելիությունը հաղթահարելու համար անվստահությունը կա, բայց անձեռնմխելիությունից զրկելու այլ եղանակ օրենքում չկա։ Պատգամավորների դեպքում հստակ կա, բայց բնական է, չէ՞, որ նախագահի անձեռնմխելիությունն առնվազն չի կարող զիջել պատգամավորինին, եթե պատգամավորի, անգամ պատգամավորի թեկնածուների համար անձեռնմխելիության կարգ է սահմանվում, ինչպե՞ս կարող է նախագահի համար նման կարգ չսահմանվել։



**- Իսկ եթե խոսքը սահմանադրական կարգը խախտելու մասին է, այդ դեպքում է՞լ չկա անձեռնմխելիությունից զրկելու կարգ։**



-Անկախ նրանից, թե ինչ է արել։ Այստեղ կա օրենքի բաց, որն անպայմանորեն պետք է լրացվի։



**- Այսինքն՝ գործող օրենսդրությամբ որեւէ ճանապարհ չկա՞ Քոչարյանին զրկելու։**



-Հարցըն անձը չէ՝ պաշտոնաթող ցանկացած նախագահի։



**- Քանի որ ՍԴ-ն ձեւավորվել է նախորդ իշխանությունների կողմից, բացառո՞ւմ եք, որ եթե անգամ ճանապարհ էլ լինի զրկելու, ՍԴ-ն հօգուտ Քոչարյանի որոշում կկայացնի։**



-Չեմ կարող ասել՝ ում կողմից են նշանակվել, բայց եկեք չմոռանանք, որ երբ 2008-ին այդ նույն դեպքերը քննարկվում էին ՍԴ-ում, այդ ժամանակ մեծամասնությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից նշանակված դատավորներն էին, հստակ տրամաբանություն չկա, եթե որեւէ մեկի կողմից նշանակված են, դա չի նշանակում, թե իրենք կախվածության մեջ են։ Ես նշանակվել եմ ԱԺ-ի կողմից, երբ ԱԺ նախագահն Արթուր Բաղդասարյանն էր, բայց որեւիցե անգամ կաշկանդվածություն չեմ ունեցել։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**