Լինելու է բնական մրցապայքար

Լինելու է բնական մրցապայքար
«Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների դաշինքը, որը մասնակցելու է Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին, կկոչվի «Լույս դաշինք»։ Ցուցակում Երեւանի ավագանու ներկայիս «Ելք» խմբակցության անդամներից են եւ ոչ միայն։ Առաջին համարը «Հանրապետություն» կուսակցության անդամ, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն է, երկրորդը՝ Դավիթ Խաժակյանը՝ ավագանու «Ելք» խմբակցության ղեկավարը, երրորդը՝ Անի Խաչատրյանը՝ դարձյալ ավագանու անդամ։



Ցանկում են Անի Սամսոնյանը, Թեհմինա Վարդանյանը, Անահիտ Բախշյանը եւ այլք։ Ավագանու անդամներից ներառված չէ միայն Նառա Հովհաննիսյանը, ով անցել է աշխատանքի պետական տեսչական մարմնում։ Մեր հարցին, թե ինչպես ստացվեց, որ Անահիտ Բախշյանն ընդգրկվեց իրենց ցուցակում, ոչ թե «ՔՊ»-ի, Խաժակյանն ասաց․ «Տիկին Բախշյանն ավագանու «Ելք» խմբակցությունում ներգրավված էր «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջարկով, եւ այս անգամ եւս այդ առաջարկը եղավ, եւ տիկին Բախշյանը սիրով համաձայնեց»։



**- Ի՞նչ սկզբունքով է կազմվել ցուցակը, եւ ուրիշ ովքե՞ր են լինելու ցուցակում։**



-Չեմ ցանկանա իրենցից շուտ հայտարարել, բայց նրանք տարբեր ոլորտների մարդիկ են, եւ սկզբունքը հետեւյալն է․ այն մարդիկ են, ովքեր տիրապետում են քաղաքային որոշակի ոլորտի եւ կարող են, որպես ավագանու անդամ, իրենց ներդրումն ունենալ։



**- Իսկ քարոզարշավն ի՞նչ սկզբունքով եք իրականացնելու, ի՞նչ տեխնոլոգիաներ եք կիրառելու, նման կլինի՞ «Ելք»-ի քարոզարշավին։**



-Այն ունենալու է նոր մեթոդներ, որոնց մասին դեռեւս չենք բարձրաձայնում, բայց առաջիկա օրերին դրանց մասին կխոսենք, երբ քարոզարշավի մեկնարկը մոտենա։



**- Ձեր նոր դաշինքի շանսերն ինչպե՞ս եք գնահատում, «Ելք» դաշինքի կազմում 3 տարբեր ուժ էր միավորվել, եւ դաշինքը լրիվ այլ ռեյտինգ ուներ, հիմա առանձնացել եք։**



-Ես շանսերի մասին որեւէ վերլուծություն չեմ անի, միայն կասեմ, որ մշակել ենք հաղթական ծրագիր, եւ թիմը հաղթական է։



**- Ըստ Ձեզ՝ երեւանցին տուրք կտա ծրագրի՞ն, թե՞ անձերին եւ այն կուսակցությանը, որն իրականացրեց հեղափոխությունը։**



-Նախ՝ ես չեմ ցանկանա դրանք տարբերակել եւ կարծում եմ, որ հենց փոփոխության արդյունքն է լինելու, որ մարդիկ ավելի մեծ ուշադրությոն դարձնեն ծրագրին, դա լինի թե՛ մեր ծրագիրը, թե՛ այլ կուսակցության ծրագիր, եւ երեւանցին է, ի վերջո, ընտրելու, թե որն է այդ հաղթական ծրագիրը։ Մեր կարծիքով՝ մենք ձեւակերպել ենք Երեւանի խնդիրները եւ տվել դրանց լավագույն լուծումները եւ ունենք ուժեղ թիմ այդ աշխատանքի համար, բայց գնահատական տվողը, բնականաբար, Երեւանի բնակիչներն են։



**- Վստա՞հ եք, որ հեղափոխությունը դրական ազդեցություն է ունեցել, եւ մարդիկ կսկսեն նախապատվություն տալ ծրագրին, ոչ թե այլ գործոններով ընտրություն կկատարեն։**



-Ես կարծում եմ, որ այդ գործոնն էապես աճելու է, որովհետեւ ժամանակին մարդիկ թե՛ վարչական ռեսուրսի, թե՛ ընտրակաշառքի ազդեցության ներքո էին կատարում ընտրությունը, իսկ այժմ դրանք բացառված են լինելու։



**- Կարճ ասած՝ դուք հեղափոխությունից շահա՞ծ դուրս կգաք։**



-Կարծում եմ՝ յուրաքանչյուր քաղաքական ուժ այս հեղափոխությունից շահած է դուրս գալու, հատկապես այն ուժերը, որոնք մշտապես խոսել են եւ կիսվել են հեղափոխական այս, այսպես ասած՝ ծրագրերի մասին։



**- Ինչպե՞ս եք գնահատում այն, որ այս ընտրություններին 10-ից ավելի թեկնածու կուսակցություններ են մասնակցում, կա՞ն ուժեր, որոնք այլ խնդիր են լուծում։**



-Այսպիսի մասնակցությունը ես բնական եմ համարում, որովհետեւ մասնակիցները հնարավորություններ են տեսնում այս ընտրություններում, եւ դա շատ լավ է, դրսեւորման լավ հնարավորություն է, եւ լինելու է բնական մրցապայքար, եւ որեւէ մեկին չեմ ցանկանա ստորադասել։ Արդյունքները ցույց կտան։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**