Վթարի զոհ դարձած զինծառայողին «սխալ» արյուն են ներարկել. Մեղավո՞ր են արդյոք բժիշկները

Վթարի զոհ դարձած զինծառայողին «սխալ» արյուն են ներարկել. Մեղավո՞ր են արդյոք բժիշկները
Երեկ **hraparak.am** կայքին էր դիմել Վայոց ձորի բնակիչ Լուսինե Տոնոյանը և իր դժգոհությունն էր ներկայացրել Վայոց ձորի դատախազության աշխատանքի վերաբերյալ, որը, նրա տպավորությամբ, փորձում է կոծկել իր ամուսնուն՝ չորս երեխաների հայր, պայմանագրային զինծառայող, Վահե Մարգարյանին մահվան հասցրած բժիշկների մեղքը, փրկել նրանց պատժից: Վահե Մարգարյանը մեկ տարի առաջ՝ օգոստոսի 8-ին՝ ծիրանի բերքահավաքի ժամանակ, վրաերթի զոհ էր դարձել: Անչափահաս Իշխան Դավթյանը քշել էր մոտակայքում կայանված տրակտորը, որի կցանը պոկվել էր, գլորվել էր ու հարվածել էր ծառին:



Վահե Մարգարյանը մնացել էր ծառի և կցանի արանքում սեղմված, լուրջ վնասվածքներ էր ստացել որովայնի և ոտքերի շրջանում, արյուն էր կորցրել: Հիվանդանոցներում հինգ օր անցկացնելուց հետո նա մահացել էր:



Վահե Մարգարյանի կինը վստահեցնում է, որ ամուսնուն հնարավոր էր փրկել, եթե չլիներ բժշկական սխալը՝ մահվան պատճառ է հանդիսացել Վայքի հիվանդանոցում նրա արյան խմբին չհամապատասխանող արյան ներարկումը: «Եկել է փորձաքննության եզրակացություն, որ ամուսնուս մահը վրա է հասել արյան սխալ փոխներարկումից: Ես՝ որպես տուժողի իրավահաջորդ, ծանոթացել եմ այդ եզրակացությանը», - հայտնել է այրին «Հրապարակին»:



Օրերս դատախազությունն ավարտել է քրեական գործի նախաքննությունը և Իշխան Դավթյանի մասով այն ուղարկել է դատարան: Նրան մեղադրանք է առաջադրվել ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջների խախտման համար /քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով/: Նախաքննության մարմինը գործ էր հարուցել նաև «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը, կամ ոչ պատշաճ կատարելը» հոդվածով /Քր. օր-ի 130-րդ հոդված/: Սակայն այս մասով գործը հետ է ուղարկվել է քննիչին:



«Ես ուզում եմ հասկանամ՝ ինչո՞ւ այդ գործը դատարան չի գնում, ինչո՞ւ է դատախազը ուզում փրկել բժիշկներին, երբ բոլոր հիմքերը կան նրանց պատասխանատվության ենթարկելու»: Լուսինե Տոնոյանի գանգատը երեկ հաղորդել էինք մեր ընթերցողին՝ ակնկալելով նաև դատախազության պատասխանը, որն այսօր ստացանք:



Դատախազությունը վրդովված էր մեր հրապարակման բովանդակությամբ և վերնագրով՝ «[Վայոց Ձորի դատախազությունը կոծկում է Վայքի հիվանդանոցի մասով քրեական գործը](https://www.hraparak.am/posts/5b82906d3ebae76ffbf5e35d/%D5%BE%D5%A1%D5%B5%D5%B8%D6%81-%D5%B1%D5%B8%D6%80%D5%AB-%D5%A4%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8-%D5%AF%D5%B8%D5%AE%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A7-%D5%BE%D5%A1%D5%B5%D6%84%D5%AB-%D5%B0%D5%AB%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%B6%D5%B8%D6%81%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B8%D5%BE-%D6%84%D6%80%D5%A5%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A8)»:



«Իրականությանը բացարձակապես չեն համապատասխանում քրեական գործը «կոծկելու» մարզի դատախազությանն ուղղված մեղադրանքները: Ճիշտ հակառակը՝ միանշանակ կարող ենք պնդել, որ կոնկրետ դեպքում, քրեական գործը լրացուցիչ նախաքննության վերադարձնելն ակնհայտորեն միտված է նախաքննության լրիվության, բազմակողմանիության և օբյեկտիվության, ինչպես նաև մեղադրյալների մեղքի՝ բավարար ապացույցներով հիմնավորվածության դատավարական սկզբունքային պահանջների ապահովմանը», - արձագանքում է ՀՀ գլխավոր դատախազությունը:



Դատախազության պատասխանից հետևում է, որ Վայքի դատախազը մտադիր չէ կոծկել բժիշկների մեղքը, որ անբարեխիղճ է աշխատել քննիչը: «Վ. Մարգարյանի բուժման ընթացքում թույլ տրված խախտումների և գործի լուծման համար նշանակություն ունեցող մի շարք հարցեր պարզելու նպատակով քրեական գործով նշանակված հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը չի տվել նշված քրեական գործի քննության լրիվության, օբյեկտիվության և ամբողջականության համար էական նշանակություն ունեցող որոշ հարցերի պատասխան, որոնց բացակայության պայմաններում հնարավոր չէ ներգրավված անձանց գործողություններին տալ լիարժեք և վերջնական քրեաիրավական գնահատական: Մասնավորապես քննությամբ չի պարզվել՝ «Վայքի ԲԿ» ՓԲԸ-ում արյուն պահելու, արյան լաբորատոր հետազոտություններ իրականացնելու հնարավորություններ և պայմաններ եղե՞լ են, թե՞ ոչ: Եթե այո, ապա Վահե Մարգարյանին ինչո՞ւ է փոխներարկվել դոնորի, այլ ոչ թե՝ լաբորատորիայում պահվող արյունը, իսկ եթե ոչ, ապա «Վայքի ԲԿ» ՓԲԸ-ի լաբորատորիայում առհասարակ ինչպե՞ս են որոշվել արյան առաջնային և կրկնակի ստուգումները: Արյան խմբային և ռեզուս պատկանելիությունը, նաև դոնորի և բուժվող հիվանդի արյունների համատեղելիությունը որոշելիս մեղադրյալ Ժ. Գ.-ի կողմից կիրառված մեթոդը համապատասխանու՞մ է արդյոք բժշկության մեջ ընդունված կանոններին, եթե չի համապատասխանում՝ ապա ինչու՞մ է այն արտահայտվել և այլն:



Բացի դրանից, դատարան ուղարկելու միջնորդությամբ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ մարզի դատախազություն ստացվելուց և ուսումնասիրվելուց հետո պարզվել է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից բավարար միջոցներ չեն ձեռնարկվել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման ուղղությամբ, չեն պահպանվել գործի նյութերին ծանոթանալուց հետո արվող միջնորդությունների քննարկման դատավարական ժամկետները և կարգը: Ելնելով վերոգրյալից՝ 2018թ. օգոստոսի 13-ին Վայոց ձորի մարզի դատախազությունում որոշում է կայացվել լրացուցիչ քննություն կատարելու համար գործը վերադարձնել քննիչին»: Դատախազության հանրային կապերի բաժնի պատասխանից հետևում է, որ գործը գտնվում է մարզային դատախազի ուշադրության կենտրոնում, որ նա ցուցում է տվել քննիչներին, ընդունել է ու լսել է զինծառայողի այրի Լուսինե Տոնոյանին: Ինչևէ, նախաքննությունը շարունակվում է, և արդյունքներից ակնհայտ կլինի, թե որքանով էին հիմնավոր տուժողի իրավահաջորդի կասկածները:



**Սյուզան Սիմոնյան**