Գործադուլ են սկսել Արմավիր-Երևան երթուղու վարորդները

Գործադուլ են սկսել Արմավիր-Երևան երթուղու վարորդները
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան էջում գրել է․



«Այսօր առավոտից գործադուլ են սկսել Արմավիր-Երևան երթուղու վարորդները՝ պատճառը երթուղում ապօրինի աշխատող սպիտակ համարանիշերով փոխադրողների գործունեությունն է։



Այսօր առավոտյան հանդիպեցի գործադուլ իրականացնողների հետ և քննարկեցինք առկա խնդիրները:



Խնդիրն այն է, որ անօրինական փոխադրումներ իրականացնողների գործունեությունը կարգավորող տեսչական մարմինը, որն այլևս նախարարության կազմում չէ, ներկայում վերակազմավորման փուլում է և չի կարող համապատասխան քայլեր իրականացնել ապօրինի ուղևորափոխադրողների նկատմամբ:



Երևան-Արմավիր երթուղին սպասարկող վարորդները գործադուլը շարունակեցին ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության դիմաց՝ կայանելով մեքենաները Վազգեն Սարգսյան փողոցի վրա:



Զրուցեցի «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Շուշանիկ Խաչատրյանի, ինչպես նաև վարորդների հետ և պայմանավորվածություն ձեռք բերվեց վաղվանից շահագործել երթուղին մինչ առկա խնդիրն ըստ օրենքի, համապատասխան մարմինների աջակցությամբ լուծում կստանա և կբացառենք ցանկացած տեսակի ապօրինություն»: