Սպիտակի պետական քոլեջի նախկին տնօրենը վերականգնել է ուսանողների հափշտակված կրթաթոշակի գումարները

Սպիտակի պետական քոլեջի նախկին տնօրենը վերականգնել է ուսանողների հափշտակված կրթաթոշակի գումարները
Սպիտակի պետական քոլեջի նախկին տնօրենն ամբողջությամբ վերականգնել է հափշտակված՝ ուսանողների կրթաթոշակի գումարները:



Դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.



«ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնում նախապատրաստված նյութերով առերեւույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Սպիտակի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի իրավասու պաշտոնատար անձինք, նույն քոլեջի գերազանց եւ լավ առաջադիմություն, հասարակական ակտիվություն, պատշաճ վարքագիծ դրսեւորած ուսանողներին հատկացվող ամսական 4750-ական ՀՀ դրամ կենսաթոշակները հափշտակելու միասնական դիտավորությամբ, 2014-2018 թվականներին կենսաթոշակների վճարման՝ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ցուցակներում կեղծելով մի շարք ուսանողների ստորագրությունները, ստացել են վերջիններիս անվամբ ելքագրված կենսաթոշակները: Այդ կերպ, օգտագործելով պաշտոնեական դիրքը՝ յուրացման եղանակով հափշտակվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից հատկացված գումարներից առանձնապես խոշոր չափերով՝ 3.068.000 ՀՀ դրամը:



Փաստի առթիվ 2018 թվականի հունիսի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը:



Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի ցուցումով 2018 թվականի օգոստոսի 25-ին որոշում է կայացվել «Սպիտակի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Ջ.Թ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի     179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին եւ հիշյալ հոդվածներով վերջինիս մեղադրանք է առաջադրվել:



Ջ.Թ. ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, տվել է ինքնախոստովանական ցուցմունք եւ ամբողջությամբ վերականգնել է պատճառված վնասը:



Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: