Վաղը գործերը լավ չի գնա, անունը կընկնի. Երզնկյանը՝ Մարությանի թեկնածության մասին

Վաղը գործերը լավ չի գնա, անունը կընկնի. Երզնկյանը՝ Մարությանի թեկնածության մասին
Կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանին, որը Երեւանի քաղաքապետարանի` «ՀՀԿ» ֆրակցիայի ավագանու անդամ է, գալիք ավագանու ընտրություններին որեւէ կուսակցությունից կամ դաշինքից առաջարկ չի ստացել՝ ընդգրկվելու իրենց ցուցակում։ Այս մասին **«Հրապարակ»**-ի հետ զրույցում ասաց Երզնկյանը՝ նշելով, որ դրա համար շատ ուրախ է․ «Շատ ուրախ եմ, որ չի եղել։ Իհարկե ցանկություն չունեմ, միակ սխալը, որ իմ կյանքում արել եմ, համաձայնվեցի, որ լինեմ ավագանի, ես դրա մասնագետը չեմ։ Ես շատ ուրախ եմ, որ ազատ մարդ եմ։ Եթե ինչ-որ մեկը առաջարկություն անի, ես իհարկե չեմ համաձայնվի, որովհետեւ դա իմ գործը չի»։



Հարցին՝ ինչո՞ւ այս տարի արվեստի վաստակավոր գործիչներին չեն առաջարկում ընդգրկվել ցուցակում, Երզնկյանը պատասխանեց. «Գիտեք ինչ, երեւի դրա կարիքը չեն տեսնում, որովհետեւ ընդգրկում էին էն մարդկանց, որոնք ազնիվ էին, երեւի իրենց տենց ազնիվ մարդիկ պետք էին։ Իսկ էս նոր ընտրությունների համար երեւի պետք են ավելի շատ լուրջ մասնագետներ, այլ ոչ թե անուններ, եւ ես դրա հետ համաձայն եմ»։



Մեր զրուցակցի խոսքով՝ ինքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին չի տեսնում քաղաքապետի պաշտոնում․ «Դե ես Հայկին շատ եմ սիրում, օրինակ, եթե ես իր տեղը լինեի, չէի համաձայնի, որովհետեւ մասնագետ մարդը պետք է լինի, իսկ ինքը դերասան մարդ ա, սիրված ժողովրդի կողմից։ Վաղը գործերը լավ չի գնա, անունը կընկնի, որովհետեւ այդ գործով հարկավոր է մասնագետ։ Գիտեմ, որ շատ լավ մասնագետ է Արեյանը, նա կարող է շատ լավ աշխատել փոխքաղաքապետ։ Իսկ քաղաքապետի չեմ մտածել, դե ես գիտեմ, որ Զեյնալյանը կա, նա լուրջ մարդ է, գուցե կարողանա»։



**Աննա Պապիկյան**