Գերմանիան կվերանայի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ

Գերմանիան կվերանայի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ
Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է վերանայել ԱՄՆ հետ հարաբերություններն ու այն քաղաքական գիծը, որով շարժվում է Միացյալ Նահանգների հետ հարաբերություններ կառուցելիս։ Այս մասին հայտնում է DPA լրատվական գործակալությունը։ «Արդեն վաղուց ժամանակն է, որպեսզի վերագնահատում իրականացվի անդրատլանտյան գործընկերության մասով եւ այն պետք է իրականացվի սթափ, քննադատական եւ նույնիսկ ինքնաքննադատական դիրքերից ելնելով»,- ասել է գերմանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ ելույթ ունենալով ամերիկա-գերմանական հարաբերություններին վերաբերող հանդիսավոր մի միջոցառման ժամանակ։



Ավելի վաղ Handelsblatt պարբերականում հրապարակած իր հոդվածում Մաասը գրել է, որ երկար ժամանակ է, ինչ Եվրոպան եւ Միացյալ Նահանգները հեռանում են իրարից։ Որպես հնարավոր ելք ստեղծված իրավիճակից, Մաասն առաջարկել է բալանսավորված գործակցությունը որպես հիմք ընդունել եւ ձեռնամուխ լինել անկախ եւ հզոր Եվրոպայի կառուցմանը։