Էնպես կտամ՝ տողադարձ կլինես …

Էնպես կտամ՝ տողադարձ կլինես …
Չէ, սխալ չհասկանաք, վաղուց արդեն դպրոցական չեմ և դպրոց եմ մտնում այլ կարգավիճակով, բայց սեպտեմբերի 1-ն էլի յուրահատուկ զգացողություն է առաջացնում…



Մեր դպրոցի միջանցքում մի հայելի կա, որին իբր գաղտագողի նայելու սովորություն ունեի դպրոցական տարիներին՝ օրվա ընթացքում մի քանի անգամ: Եվ այդ սովորությունը պահպանվել է: Հայելին հայելի լինի՝ ձեռքը թափ կտա ու կասի. «Հայ-հու՜յ, մեծացար էլ՝ սովորություններդ մնացին»: Հայելի՛ ջան, էդպես է. մենք դպրոցի հարկի ներքո արդեն իսկ ձևավորված անհատականություններ ենք (արժեհամակարգ և այլն, և այլն): Կյանքը, իհարկե, իր ուղղումներն ու ճշգրտումներն է անում, բայց ընդհանուր առմամբ մենք այն ենք, ինչ էինք դպրոցում: Դպրոցական տարիները յուրաքանչյուրիս կյանքի մի կարևոր պատառիկն են՝ լուսավոր, ազնիվ և անմոռանալի… Ինձ վիճակվել էր դպրոցում սովորել այն մութ ու ցուրտ տարիներին, երբ դասերը ցրտի պատճառով հաճախ քսանրոպեանոց էին, երբ դասամիջոցին նավթով վառարանի կաթոցիկը բացում ու բոլորում էինք շուրջը, երբ չար տղաները ուսուցչին «ահաբեկելու» համար ինչ-որ տեղից հայթայթած սրվակներ էին նետում վառարանի մեջ, որ «գմփոց» լինի… Իսկ ուսուցիչներն էլ ետ չէին մնում՝ տեղը տեղին նախշում էին: Տարիների հեռվից ես միայն զգում, թե որքան էական գիտելիք ու մարդկային տեսակի օրինակներ են փոխանցվում, բայց երբեմն աններելի թեթևամտությամբ ու նաև անփութությամբ ենք վերաբերվում շատ երևույթների ու Մարդկանց…



Ինչևէ, ծանոթներիս խնդրեցի սեպտեմբերի մեկին ընդառաջ հիշել ուսուցիչների՝ իրենց ուղղված զվարճալի արտահայտությունները: Ստացվեց մի ուշագրավ «ծաղկաքաղ», որը և ուզում եմ կիսել Քեզ հետ, հարգելի ընթերցող… Ինչպես ասում են՝ ժողովրդական ստեղծագործության ժանրից.



\_Էնպես կտամ՝ տողադարձ կլինես: (հայերենի ուսուցչուհի)



\_Եթե բոլորը խոտ են (դա դեռ ոչինչ), դու՜, տղա՛ ջան, մոլախոտ ես…



\_Հիմա մատյանով եմ հարցնում ու բոլորը քարանում են…



\_Սրա նախնիները սմբակավոր են եղել…



\_Ոնց որ գոմում կապած էշ լինես, քեզնից ոչ մի օգուտ չկա…



\_Ոչխարնե՛ր, հերի՛ք ա հաչաք…



\_Էդ ճանճաքշտիկներդ շուտ արա հավաքիր… (Նկատի ունի աղջիկների ճակատի մազափունջը:)



\_Ձախ ոտքը իմ կողմի ոտքն է: (ֆիզկուլտուրայի ուսուցիչ)



\_Էս ի՜նչ ցուրտ ա էս դասարանը, ոնց որ նոր տարվա հնացած բուդ լինենք. բերել-գցել են սառնարանի մեջ…



\_Հերիք ա տետրին նայես, հաղորդավար չես՝ դաս ես պատմում…



\_Էն նիկոԾինը, որ սպանեց ձիուն, ձեզ ա սպանելու շուտով…



\_Հորանջելուց բերանդ փակիր, թոքերդ ռենտգեն չենք անում…



\_Գլուխդ կթաղեմ սեղանի մեջ…



\_Թու՛, թքեմ ես ձեր նամուսին, կիսաֆաբրիկատնե՜ր…



\_Հլը էդ վերջին կուպեում ձեններդ կտրեք, որ եկել-հասել եմ ըտեղ, տեղում քառորդներդ փակելու եմ…



\_Տո քու՛ մաման… … չգիտի,՞ որ դաս չես սովորում…(մաթեմատիկայի տարեց ու կիսաբարբառախոս ուսուցչուհի:) \_Ընդ որում, նախադասության առաջին կեսին կարող է հաջորդել տարբեր շարունակություն, բայց… միայն հանդիսավոր ու բազմիմաստ դադարից հետո…



\_Ա՛յ անբարոյական… (շրջվելով՝ մյուս աշակերտներին)։ Չիմանաք է՛ էն իմաստով



եմ ասում, էդ ուրիշ բան ա նշանակում…



Հիրավի, այդ օրերի քրոնիկոնը չի սպառվում նման ժպիտ-հուշերով, դպրոցի շենքին ուղղված սրտմաշուկ հայացքներով: Դա շատ ավելին է. Քո իսկ մի մասը՝ գուցե առավել գեղեցիկ ու ներկայանալի մասը… «Տար քեզ գրատախտակի մոտ»: Այդ գրատախտակ կոչվածն արդյոք հենց կյանքը չէ՞, որի մաքուր երեսին գրում ենք մեր՝ սկզբից անվարժ, հետո՝ հետզհետե հմտացող ձեռքով: Ա՛յն ձեռքով, որին եռանդ ու հաստատակամություն են փոխանցել մեր սիրելի ուսուցիչները: Եվ այն, թե ինչ ու ինչպես ենք գրելու կյանք կոչվող գրատախտակին, մեծավ մասամբ կախված է դպրոցից: Ուստի բոլորս մեր հոգում պահպանենք այն երբեմնի ազնիվ հուզմունքն ու լուսավոր ինքնավստահությունը, որով քայլում էինք դեպի գրատախտակը…



**Հ.Գ**. Աշակերտակենտրոն արդի դպրոցի ջատագովներին հորդորում եմ take it easy, սա ընդամենը հումորաթաթավ անդրադարձ է եղելությանը…



**Նելլի Բրագինա**