Սենատոր Ջոն Մըքքեյնի կինը կարող է զբաղեցնել ամուսնու տեղը Սենատում

Սենատոր Ջոն Մըքքեյնի կինը կարող է զբաղեցնել ամուսնու տեղը Սենատում
Քաղցկեղից մահացած ԱՄՆ սենատոր Ջոն Մըքքեյնի կինը՝ Սինդի Մըքքեյնը հնարավոր է զբաղեցնի ամուսնու տեղը ամերիկյան քաղաքական վերնախավում։ Նա դիտարկվում է որպես հիմնական թեկնածուներից մեկը Արիզոնա նահանգից Սենատի կազմում այն ներկայացնելու համար։ Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը։



Արիզոնայի նահանգապետ Դագ Դյուսին հայտարարել է, սակայն, որ չի քննարկի հանգուցյալ սենատորին փոխարինելու հետ կապված հարցերը, քանի դեռ լիովին չեն ավարտվել հուղարկավորության հետ կապված բոլոր միջոցառումները։



Սրանով հանդերձ, սակայն, պարբերականը նշում է, որ կան Մըքքեյնին փոխարինելու համար արդեն շրջանառվող մի շարք թեկնածուներ, որոնց շարքում է նաեւ սենատորի այրին՝ Սինդին։



Թեկնածուների շարքում են նաեւ նախկին սենատոր Ջոն Կայլը եւ Արիզոնա նահանգից Ներկայացուցիչների պալատում ընտրված երկու նախկին կոնգրեսմեններ Ջոն Շադեգը եւ Մեթ Սալմոնը։



NYT-ը նկատում է, որ նահանգապետ Դյուսիի ընտրությունը չափազանց կարեւոր է, քանի որ ապագա սենատորից կախված կլինի այն, թե ինչպես կընթանան նահանգի գործերը Սենատում։ Բանն այն է, որ Արիզոնայում կարծիքները կիսվել են։ Մի մասը ցանկանում է, որ Մըքքեյնին հաջորդի նրա բնավորությամբ մեկը, ով հարկ եղած դեպքում կարող է եւ հանդես գալ նախագահի դեմ, իսկ մյուս մասն ընդհակառակը, պահանջում են, որ սենատոր դառնա մեկը, ով կողմնակից է նախագահին եւ լինի հանրապետական։