Ռուսաստանը կբաժանեն 14 մակրոտնտեսական շրջանների

Ռուսաստանը կբաժանեն 14 մակրոտնտեսական շրջանների
Ռուսաստանի Տնտեսական զարգացման նախարարությունը առաջարկել է երկիրը բաժանել 14 մակրոտնտեսական շրջանների՝ նման Հյուսիսային Կովկասի եւ Հեռավոր Արեւելքի շրջանների բաժանման համակարգի։ Այս մասին հայտնում է «Коммерсантъ» պարբերականը։



Առաջարկը ներկայացվել է ՌԴ տարածքային զարգացման ռազմավարության շրջանակներում, որը ռուսական դաշնային կառավարությանը կներկայացվի արդեն սեպտեմբերին։



Համաձայն նախագծի, նշված 14 շրջանները չեն լինի վարչա-տարածքային միավորներ, այլ միայն կարտացոլեն սոցիալ-տնտեսական կապերը։



Եթե նախագիծն ընդունվի, ապա Հյուսիսային Կովկասի եւ Հեռավոր Արեւելքի տնտեսական շրջաններին կավելանան նաեւ Կենտրոնական, Կենտրոնական-Չերնոզեմյան, Հյուսիսային, Հյուսիս-Արեւմտյան, Հարավային, Վոլգո-Կամսկյան, Վոլգո-Ուրալյան, Ուրալյան, Արեւմտա-Սիբիրական, Հարավ-Սիբիրական, Ենիսեյան եւ Բայկալյան շրջանները։ Պարբերականը նշում է, որ այս բաժանմամբ հնարավոր կլինի խթանել միջռեգիոնալ գործակցությունը, քանի որ ամեն շրջանում առնվազն մեկ տնտեսական արագ զարգացող խոշոր կենտրոն է ներառվելու։