Հայկոն՝ Երևանի քաղաքապետ, Մկոն՝ Գյումրիի

Հայկոն՝ Երևանի քաղաքապետ, Մկոն՝ Գյումրիի
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երևանի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրել է դերասան Հայկ Մարությանի թեկնածությունը: Դերասանի քաղաքապետ դառնալու որոշումն այս օրերին ամենակտիվ քննարկվող թեմաներից է: Տեսակետներն ու կարծիքները տարբեր են, սակայն ամենից հետաքրքրականը Հանրապետության երկրորդ քաղաքում ծավալվող խոսակցություններն են: Գյումրեցիները դեմ չեն Կարգին Հայկոյին մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնին տեսնելուն, միայն թե մի պայմանով. «Եթե Հայկոն կըրնա Երևանի քաղաքապետ էղնի, մեր ասելիքն էն է՝ թող Մկոն էլ Գյումրիի քաղաքապետ էղնի, հաստատ բանըմ կփոխվե»,-չգիտե՞ս՝ կատակում են, թե լուրջ պահանջ են ներկայացնում գյումրեցի մի խումբ երիտասարդներ:



«Մկրտիչ Արզումանյանը ծնունդով գյումրեցի է, գյումրեցիների խնդիրներն ու կենցաղը բոլորից լավ է պատկերացնում: Իմ կարծիքով Հայկոյին էլ, Մկոյին էլ ժողովուրդը սիրում է հավասարաչափ, գուցե նրանց շուրջ պտտվող խոսակցություններն ու տեսակետները տարբեր են, բայց երկուսն էլ այս պահին իրավահավասար են՝ քաղաքապետ առաջադրվելու առումով»,-մեզ հետ զրույցում ասաց գյումրեցի մի երիտասարդ՝ նշելով, որ ինքն ամենևին էլ կատակ չի անում: Մեր դիտարկմանը, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը մոտ մեկ տարի դեռ ապահովագրել է պաշտոնը, եւ բացի այդ Մկրտիչ Արզումանյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ չէ, ավելին՝ հարց է՝ արդյո՞ք դերասանը համաձայն է նրանց առաջարկին:



«Դե դա առաջիկայում կպարզենք, գուցե նրան բաց նամակով դիմե՞նք, իսկ այն, որ մեր քաղաքապետն ապահովագրել է իրեն, բոլորս գիտենք, թե ինչ շոու կազմակերպվեց քաղաքապետարանում….»,-նշեցին երիտասարդները: Գյումրեցի երիտասարդների այս մտադրությունը կվերածվի՞ նախաձեռնության, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա: Զրուցեցինք Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանի հետ: Նրանից հետաքրքրվեցինք՝ մասնագիտությամբ դերասան այսօր որքանով է ի վիճակի իր վրա վերցնելու քաղաքապետի ծանր բեռը: «Գուցե հիմա չեմ կարող շատ օբյեկտիվ լինել, որովհետև նախ եւ առաջ խոսելու եմ իմ ընկերոջ մասին , բայց ես մի քանի անգամ գտնվել եմ այն հրապարակներում, որտեղ կազմակերպիչը եղել է Մարության Հայկը, եւ այն կազմակերպչական էներգետիկան, որ կար, վստահաբար պիտի ասեմ, որ դեռ ոչ մի տեղ չեմ հանդիպել: Այն բծախնդրությունը, ամենաներքևի շեմի աշխատողից սկսած մինչև ամենաբարձր կատեգորիայի աշխատողի հանդեպ ունեցած հոգատարությունը, նրա մարդկային վերաբերմունքը անգնահատելի է: Ես խոսում եմ փաստերով. ինչ տեսել եմ եւ զգացել»,-ասաց թատրոնի տնօրենը՝ նշելով, որ անկախ պաշտոնից եւ մասնագիտությունից՝ կարևոր են մարդու անձնային որակները:



Անդրադառնալով Գյումրու քաղաքապետի պաշտոնին՝ Տիգրան Վիրաբյանը փորձեց չթերագնահատել ներկայիս քաքաքապետին՝ ընդգծելով. «Գյումրիում հիմա մենք տեսնում ենք՝ ինչ աշխատանքներ են կատարվում, քաղաքը դարձել է մի մեծ շինհրապարակ, եւ այս վերջին տարիներին, բազմաթիվ բացթողումների, թերությունների հետ , քաղաքում տեսնում եմ նաև դրական տեղաշարժ: Այն հսկայական աշխատանքը, որ կատարվում է քաղաքում ուղղակի չտեսնելու մեծ ֆանտազիա պետք է ունենալ»:



**Արևիկ Հակոբյան**