Ո՞ւմ վրա «կկրակի» ռուսական Կալաշնիկովը. Հայաստանը մտցնում են ամերիկյան պատժամիջոցների դաշտ

Ո՞ւմ վրա «կկրակի» ռուսական Կալաշնիկովը. Հայաստանը մտցնում են ամերիկյան պատժամիջոցների դաշտ
Հայաստանի ներքաղաքական թոհուբոհի պատճառով հանրության և մամուլի աչքից ինչ-որ առումով վրիպեց այս շաբաթ տեղի ունեցած մի կարևոր իրադարձություն, որը գուցե չի ազդի երկրում ներքաղաքական ուժերի ներկայիս դասավորվածության, հեղափոխական գործընթացների վրա, բայց շատ կարևոր և ուշագրավ է Հայաստանի անվտանգության և պաշտպանության, ինչպես նաև արտաքին հարաբերությունների տեսանկյունից:



**Կալաշնիկովի արտադրություն՝ Հայաստանում**



Երեքշաբթի օրը՝ օգոստոսի 21-ին, ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում «Չափազանց կարևոր լուր» վերտառությամբ մի փոքրիկ գրառում կատարեց՝ տեղեկացնելով հանրությանը, որ նույն օրը հայկական «Royalsys Engineering ltd.» ընկերության նախագահ Դավիթ Գալստյանը և ռուսական «Կալաշնիկով» կոնցերնի փոխտնօրեն Անդրեյ Բարիշնիկովը Մոսկվայում ստորագրել են պայմանագիր, ըստ որի Հայաստանում կհիմնվի հանրահայտ Կալաշնիկով ինքնաձիգերի նոր՝ «АК-12» և «АК-15» նմուշների արտադրություն:



**Ռուսական զենքն ու ամերիկյան սանկցիաների վտանգը**



Մի կողմից, սա, իհարկե, ուրախալի լուր է, քանի որ նման արտադրություն հիմնելու դեպքում Հայաստանը էլ ավելի ինքնաբավ և անկախ կդառնա սպառազինության տեսանկյունից: Բայց որոշ հայ փորձագետներ մտավախություն ունեն, որ ռուսական ռազմարդյունաբերական ընկերության հետ համագործակցությունը կարող է փորձանք բերել Հայաստանի գլխին, քանի որ, ինչպես հայտնի է, Ռուսաստանի ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունները ներառված են ամերիկյան պատժամիջոցների ցուցակում, և ցանկացած համագործակցություն այս ընկերությունների հետ Միացյալ Նահանգների կողմից պատժամիջոցների ենթարկվելու վտանգ է առաջացնում:



Այս թեման դեռ այս տարվա սկզբին լայնորեն քննարկվել է ինչպես հայ, այնպես էլ ռուսաստանցի և ամերիկացի փորձագետների կողմից: Ամերիկացի փորձագետները [**հույս էին հայտնում**](https://www.amerikayidzayn.com/a/4198702.html), որ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի նկատմամբ սահմանված պատժամիջոցները կսահմանափակեն ռուսական զենքի մատակարարումները մասնավորապես Հարավային Կովկասի տարածաշրջանի երկու հակամարտող երկրներին՝ Հայաստանին և Ադրբեջանին, և այդպիսով կնպաստեն խաղաղության գործընթացի ակտիվացմանը: Ավելի ուշ Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը «Առաջին լրատվական»-ին տված [**հարցազրույցում**](https://www.1in.am/2310427.html)** **պարզաբանեց, որ ըստ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների օրինագծի՝ դրանք կարող են տարածվել այն երկրների կամ կազմակերպությունների վրա, որոնք «զգալի քանակությամբ» զենք և զինամթերք ձեռք կբերեն ռուսական աղբյուրներից: Հիմնվելով այս մեկնաբանության վրա՝ հայ փորձագետները եզրակացրին, որ Հայաստանը ամենայն հավանականությամբ կխուսափի այդ պատժամիջոցներից, քանի որ «զգալի քանակություն» ասելով՝ ամերիկացի օրենսդիրներն ամենայն հավանականությամբ նկատի են ունեցել զենք-զինամթերքի շատ ավելի մեծ ծավալներ, քան Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող զենքի ծավալները:



**Ինչպե՞ս կարձագանքի Վաշինգտոնը**



Բայց տվյալ պարագայում խոսքը ոչ թե Ռուսաստանից զենք գնելու, այլ ռուսական խոշոր ընկերության օգնությամբ Հայաստանում զենք արտադրելու մասին է: Հայտնի է, որ «Կալաշնիկով» կոնցերնը դեռևս 2014 թվականից ընդգրկված է Եվրամիության և Միացյալ Նահանգների պատժամիջոցների ցուցակում, սակայն դժվար է ասել, թե ինչ վերաբերմունք ցույց կտա Վաշինգտոնը հայկական կողմին՝ այդ ընկերության հետ համագործակցելու համար: Այստեղ պետք է հաշվի առնենք մի կարևոր հանգամանք, որ ամերիկյան քաղաքականությունը, ի տարբերություն շատ երկրների, բազմաշերտ է: Այլ կերպ ասած՝ Միացյալ Նահանգներում արտաքին քաղաքականության, արտաքին հարաբերությունների վերաբերյալ որոշումներ կայացնելու լիազորություններ ունի ոչ միայն նախագահը, նրա վարչակազմը, այլև Կոնգրեսը, որը շատ դեպքերում կարող է սահմանափակել նախագահի գործողությունները արտաքին քաղաքականության ոլորտում:



Իսկ եթե խոսենք կոնկրետ նախագահ Թրամփի վարչակազմի մասին, ապա Թրամփն իր թիմով կարծես ավելի շատ կենտրոնացած է Իրանի խնդրի, Իրանին պատժամիջոցների միջոցով «զսպելու» քաղաքականության վրա, իսկ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներով ավելի շատ հետաքրքրված են կոնգրեսականները, որոնք 2017 թ. օգոստոսի 2-ին ընդունեցին [**H.R.3364**](https://www.congress.gov/bill/115th-congress/house-bill/3364) օրենք Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ ստիպելով Ռուսաստանի հանդեպ բարյացկամ տրամադրված նախագահ Թրամփին ստորագրել այդ օրենքի տակ: Իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն այլևս օրենքի ուժ են ստանում, և նախագահը ցանկության դեպքում չի կարող դրանք չեղարկել: Այս նրբությունները հարկավոր է հաշվի առնել՝ ամերիկյան պատժամիջոցների վտանգներն ու ամերիկյան քաղաքականությունը ավելի լավ հասկանալու համար:



**Վտանգ կա**



«Հրապարակ»-ի խնդրանքով հարցին անդրադարձավ Ամերիկայի արտաքին քաղաքականության խորհուրդ (American Foreign Policy Council) վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող **Սթիվեն Բլանկը**: Հարցին, թե ռուսական ընկերության հետ պայմանագիրը կարո՞ղ է Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու վտանգ առաջացնել, փորձագետը պատասխանեց. «Կարծում եմ, որ այո, բայց ես վստահ չեմ»:



**Կարևորը սկիզբն է**



Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ **Ալեքսանդր Խրամչիխինը **մեզ հետ զրույցում խոսեց Հայաստանում Կալաշնիկովի արտադրություն հիմնելու ռազմական նշանակության մասին, թե ի՞նչ կարևորություն ունի դա Հայաստանի զինված ուժերը սպառազինության տեսանկյունից ավելի ինքնաբավ և անկախ դարձնելու համար:



«Անշուշտ, հրաձգային զենք արտադրելն այնքան էլ դժվար չէ, բայց մյուս կողմից՝ Հայաստանն առայժմ որևէ վերջնական արտադրանք չի արտադրել հարձակողական զենքերի ոլորտում: Այս իմաստով Կալաշնիկովի արտադրությունը շատ օգտակար կլինի Հայաստանի համար՝ զուտ խորհրդանշական առումով: Ընդհանրապես ոչ մի զենք էլ ավելորդ չի լինում, և հաշվի առնելով Հայաստանի աշխարհաքաղաքական ոչ այնքան բարենպաստ վիճակը՝ ձեր երկիրը պետք է ինքը որքան հնարավոր է շատ զենք արտադրի, և միգուցե պետք էր սկսել ինքնաձիգերից, հետո անցնել ավելի բարդ զենքերի արտադրությանը», - մեկնաբանեց Ալեքսանդր Խրամչիխինը:



Թե որքանով խնդրահարույց կլինի Հայաստանի համար ռուսական ընկերության հետ համագործակցելը, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը չգիտի, բայց ասում է, որ իրենց մոտ՝ Ռուսաստանում, բոլորն արդեն վաղուց սովորել են պատժամիջոցներին:



**Հայաստանը մտցնում են ամերիկյան պատժամիջոցների դաշտ**



Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ, քաղաքագետ **Ստյոպա Սաֆարյանը **շատ ավելի քննադատաբար է նայում «Կալաշնիկով» կոնցերնի հետ պայմանագրի ստորագրմանը: Քաղաքագետի կարծիքով՝ այս քայլով պայմանագիրը ստորագրած կողմերը, ըստ էության, «Հայաստանը մտցնում են ամերիկյան պատժամիջոցների դաշտ»:



«Եթե մեր դաշնակիցներն ուզենային Հայաստանում զարգացնել ռազմարդյունաբերությունը, դա վաղուց արած կլինեին՝ երբ իրենք էլ շատ փող ունեին, սանկցիաներ էլ չկային։ Սա վտանգավոր խաղ է, ու թիվ մեկ թիրախը Հայաստանը անուղղակի պատժամիջոցների դաշտ մտցնելն է։ Չգիտեմ, թե ինչ հաշվարկով է ՀՀ իշխանությունն այս հակաամերիկյան դեմոնստրացիային միացել։ Չգիտեմ էլ, թե համագործակցության համաձայնագրում ինչ ճկունություններ են ապահովված Հայաստանի համար։ Կցանկանամ, որ անտեղյակության արդյունք չլինի ու փարատեն բոլոր կասկածները։ Ամերիկյան կողմը նման բաները չի անտեսելու, եթե դրանք շոշափում են պատժամիջոցները։ Զարմանալի է, որ Հայաստանում այս խնդրի մասին չի խոսվել ու գրվել», - «Հրապարակ»-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ որպես լրացում հիշեցնելով, որ առջևում Թրամփ-Փաշինյան հանդիպման հեռանկարն է, և ԱՄՆ-ը հարյուր տոկոսով չի երաշխավորել, որ այդ հանդիպումը կկայանա:



Սաֆարյանը շեշտեց, որ «Կալաշնիկով» կոնցերնի հետ պայմանագրի ստորագրումը ամերիկյան պատժամիջոցների ենթարկվելու ռիսկ ստեղծում է Հայաստանի կառավարության կամ պայմանագիրը ստորագրած ընկերության համար, քանի որ դեռևս 2014 թվականից թե՛ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրը, թե՛ այն ընկերությունները, որոնք պետական բաժնեմասեր ունեն և Կրեմլի քաղաքականության սպասարկողներն են, - իսկ դրանցից մեկը «Կալաշնիկով» կոնցերն է, - ընդգրկված են Միացյալ Նահանգների և Եվրամիության պատժամիջոցների ցանկում:



**Հայկական կողմը պետք է երկխոսի Վաշինգտոնի հետ**



Հետևաբար, հաշվի առնելով նշված ռիսկերը՝ Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ ամերիկյան պատժամիջոցներից խուսափելու համար Հայաստանը պետք է դիվանագիտական ջանքեր գործադրի և փորձի երկխոսել Միացյալ Նահանգների հետ, բացատրել ամերիկացի գործընկերներին, որ ռուսական ընկերության հետ ստորագրված պայմանագիրը որևէ կերպ չի վտանգում Միացյալ Նահանգների անվտանգությունը:



Շարունակելով իր խոսքը՝ Ստյոպա Սաֆարյանը նշեց հետևյալը. «2017 թ. օգոստոսին ընդունված Ակտով ([**H.R.3364**](https://www.congress.gov/bill/115th-congress/house-bill/3364) օրենքով,- Ա. Ս.) սահմանված պատժամիջոցները տարածվում են ոչ միայն սանկցիաների տակ հայտնված երկրների ու կազմակերպությունների, այլև այն կառավարությունների և ձեռնարկությունների վրա, որոնք նրանց հետ գործարքներ կկնքեն: Այս առումով տեսականորեն ռիսկ է առաջանում հայաստանյան այն ընկերության («Royalsys Engineering ltd.»-ի,- Ա. Ս.) համար, որը որքան էլ պետական չէ, այնուամենայնիվ, նման գործարքի է կնքել «Կալաշնիկովի» հետ: Բայց հարցն այն է, որ Միացյալ Նահանգների հակառակորդներին պատժամիջոցներով զսպելու վերոնշյալ Ակտը հստակ չափանիշներ չի տալիս կոնկրետ գործարքների և տեսակների վերաբերյալ, սակայն Միացյալ Նահանգների գանձապետարանը, որը հետևում է նման գործարքներին և ստուգում դրանց համապատախանությունը իրենց կողմից սահմանված պատժամիջոցներին, գործերը դիտարկում է անհատական սկզբունքով: Եվ այստեղ թերևս հայկական կողմն է, որ դիվանագիտական խողովակներով պետք է Վաշինգտոնին բացատրի, որ այդ գործարքը որևէ կերպ չի կարող վտանգել Միացյալ Նահանգների շահերն ու անվտանգությունը, որովհետև Ակտը այդպիսի չափանիշ է դնում, որ պատժամիջոցների ցուցակում ընդգրկված կազմակերպությունների հետ գործարք կնքած ընկերությունները կենթարկվեն պատժամիջոցների, եթե այդ գործարքը նշանակալի ազդեցություն ունենա ԱՄՆ-ի անվտանգության վրա: Այսպիսով, կարծում եմ, որ բոլոր կողմերն էլ գիտակցում են, որ ռուսական ընկերության հետ գործարք կնքելը ռիսկային է, բայց այդ ռիսկերը այս պահին մտահոգությունների դաշտում կարող են լինել, և թերևս պաշտոնական Երևանն ու պաշտոնական Վաշինգտոնն են, որ պետք է փարատեն այդ մտահոգությունները»:



**Արամ Սարգսյան**