Հուշարձաններ մենք կանգնեցնում ենք ոչ թե զոհվածների, այլ մեզ համար․ վարչապետ

Հուշարձաններ մենք կանգնեցնում ենք ոչ թե զոհվածների, այլ մեզ համար․ վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ օգոստոսի 25-ին,Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում մասնակցել է արցախյան ազատամարտում զոհված զինծառայողների հիշատակին նվիրված հուշահամալիրի բացման արարողությանը։ Նա իր խոսքում նշել է, որ հուշարձանը իրականում ոչ թե զոհվածների համար է, այլ մեզ՝ ողջերիս համար․



«Հայրենիքի համար զոհվելու պատրաստակամությունը մարդկային գիտակցության ամենաբարձր կետն է, դրանից ավելի մեծ գիտակցություն գոյություն չունի, բայց ինչի համար են զոհվել զոհվողները, մի՞թե հանուն մահվան, ամենևին ոչ, զոհվողները զոհվել են հանուն կյանքի, և ամեն զոհվողի հետ ամեն ապրողի պատասխանատվությունը ավելի է մեծանում, ավելի է ծանրանում և ավելի է ուժեղանում։ Ինչի՞ համար ենք մենք կանգնեցում ահա այսպիսի բարձր հուշարձաններ, արդյոք զոհվածների՞ համար, ես կարծում եմ՝ ոչ, ես կարծում եմ, որ այս հուշարձանները մենք կանգնեցում ենք մեզ համար, որ ամեն օր զգանք այն պատասխանատվությունը, որ մեր ուսերին ընկել է ամեն զոհվողի հետ։ Որ ամեն անգամ այս բարձր և բոլոր կողմերից երևացող հուշարձանների մոտով անցնելիս և նրան նայելիս վերագտնենք մեր ամոթը, եթե մի պահ կորցրել ենք այն, վերագտնենք մեր խիղճը, եթե մի պահ կորցրել ենք այն , վերագտնենք արդարությունը, եթե հանկարծ պարզվի, որ անարդարություն ենք գործել, գիտակցենք մեր սխալը, եթե պարզվի, որ սխալ ենք գործել, հայցենք ներողություն, եթե որևէ մեկի, որևէ մեր հայրենակցի նկատմամբ անարդար ենք գործել, ուժեղանանք, եթե որևէ տեղ թուլություն ենք ցուցաբերել, հպարտանանք, եթե որևէ տեղ նսեմացել ենք, և ի վերջո ժպտանք»,- իր ելույթում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։



#####