Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իշխանություն է, մենք ընդդիմադիր չենք լինի

Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իշխանություն է, մենք ընդդիմադիր չենք լինի
2015թ․ նոյեմբերին Նորք-Մարաշի բանդայի գործով ազատազրկված, իսկ ապրիլյան հեղափոխությունից հետո ազատության մեջ հայտնված «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը կարծում է, որ ապրիլյան հեղափոխության նման հեղափոխություն, փնտրելու դեպքում, չենք գտնի այլ երկրներում։ «Սա հեղափոխության կլասիկ, ֆանտաստիկ տարբերակ է։ Նիկոլ Փաշինյանն իր թիմի հետ Հայաստանը կարողացավ ազատագրել գաղութացումից եւ ռեժիմից»,- ասաց մեր զրուցակիցը։



Գառնիկ Մարգարյանը դրական է գնահատում կառավարության 100 օրվա հաշվետվությանը, որը վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ներքին քաղաքականությանը, մնացյալ հարցերին։ «Սակայն չպետք է մոռանալ, որ Նիկոլ Փաշինյանը դրել է նաեւ ծրագրային խնդիրներ, որոնցից էականը Սահմանադրության փոփոխությունն է։ Եվ ճիշտ է անում Նիկոլ Փաշինյանը, որ հայտարարել է, թե չի ընդունում սուպերվարչապետական համակարգը»,- ասաց մեր զրուցակիցը։ Նրա կարծիքով՝ երեսուն տարի է, ինչ երկրում չկա դատաիրավական համակարգ, քանի որ այն միշտ պատվեր է կատարել։ Անազատության մեջ գտնվելու ընթացքում, ըստ Գառնիկ Մարգարյանի, ինքը համոզվել է, որ չի ընթանում օբյեկտիվ նախաքննություն, դատարաններն օբյեկտիվ վճիռներ չի կայացնում։ Հարցին, թե որն է լինելու իր քաղաքական դիրքորոշումը նոր իշխանությունների օրոք, մասնակցելո՞ւ է ԱԺ արտահերթ ընտրություններին, Գառնիկ Մարգարյանն արձագանքեց․



«Դեռ վաղ է այդ մասին խոսելը։ Մենք մեր կուսակցությունում ստուգումներ ենք անցկացնում՝ պարզելու կառույցներում մարդկանց շարքում լինել-չլինելը։ Ուզում ենք տեսնել, թե կառույցներն ինչ վիճակում են։ Եթե համոզվենք, որ մեր ուժերը բավարարում են, ապա մասնակցելու ենք ԱԺ ընտրություններին։ Նրանք, ովքեր չեն հասկանում Հայաստանում վերջին ամիսներին կատարվածը, դժգոհ են, պետք է հասկանան, որ իրենց համար բացվել է լույսի, հույսի ճանապարհ՝ աշխատելու, կերտելու եւ երկրից չփախչելու համար։ Եվ քանի դեռ գործում է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, մեր կուսակցությունը ընդդիմադիր չի լինի»։