Ես պնդում եմ իմ ցուցմունքները․ Վալերի Օսիպյան

Ես պնդում եմ իմ ցուցմունքները․ Վալերի Օսիպյան
Այսօր ոստիկանապաետ Վալերի Օսիպյանը, խոսելով Սասնա Ծռեր զինված խմբավորման անդամների ազատ արձակելու թեմայի շուրջ, ասաց, որ ինքը այդ մասով վաղուց ցուցմունք տվել է, պնդում է իր ցուցմունքը և կանգնած է Խորենացու դեպքերի ժամանակ զոհված ոստիկանների ընտանիքների կողքին․



«Ես մեկ անգամ արդեն անդրադարձել եմ այդ հարցին, սակայն ևս մեկ անգամ բարձրաձայնեմ։ Ես այդ ամենը իմ ցուցմունքների մեջ արտահայտել եմ, պնդում եմ իմ ցուցմնունքները, ես կանգնած եմ իմ գործընկերների ընտանիքների կողքին, ովքեր արյուն են թափել և կյանք են դրել այդ օրը, և այն գնահատականը չէ, որ ես պետք է տամ, ես ունեմ իմ գնահատականը։ Կգա ժամանակ, ես կարտահայտվեմ, բայց քանի որ դատաքննություն է գնում, ինձ թվում է դատաքննությամբ ամեն ինչ պարզ կլինի։ Քանի որ ՀՀ-ում արդարադատություն իրականացնում է դատական համակարգը, ես հուսով եմ և վստահ եմ, որ կլինեն դատարանի կողմից ճիշտ որոշումներ, բայց ես պնդում եմ այն, ինչ ես ասացի։ Իմ գործընկերների արյունն ու կյանքը ինձ համար թանկ է, ես ունեմ իմ մոտեցումը, և վստահ եմ՝ իմ գործընկերները նույնպես ունեն։ Մնացած հարցերի պատասխանը կտա դատավճիռը»,- ասաց ոստիկանապետը։



**«Հրապարակի»** այն հարցին՝ եթե դատարանը արդարացնի Ծռերին, ոստիկանապետը պատրաստվում է որևէ գործողություն կատարել՝ նկատի ունենալով, որ Օսիպյանը Ծռերի գործով տուժող է ճանաչվել, իսկ վարչապետն էլ հայտարարեց անցումային արդարադատության մասին, որի դեպքում հստակ չէ, թե ինչ հունով կընթանան դատական պրոցեսները․



«Ես չեմ կարծում, որ կլինի անցումային, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր արարքի մեջ եթե կա հանցագործություն, ապա հանցագործը պետք է պատասխան տա օրենքի ողջ խստությամբ։ Դա կապ չունի՝ անցումային է, թե ոչ։ Որևէ ժամանակ որևէ անցում, իշխանափոխություն չի կարող հանցագործություն կատարած անձին ազատել պատասխանատվությունից»։



**Կորյուն Սիմոնյան**