Փաստաբաններից երկուսը` դատարանում՝ ընդդեմ ՓՊ-ի խորհրդի որոշման

Փաստաբաններից երկուսը` դատարանում՝ ընդդեմ ՓՊ-ի խորհրդի որոշման
Օրերս Փաստաբանների պալատը որոշում էր կայացրել փաստաբան Տիգրան Աթանեսյանի արտոնագիրը դադարեցնել՝ Ֆեյսբուքում վիրավորական բնույթի մեկնաբանություններ անելու համար, փաստաբաններ Նիկոլայ Բաղդասարյանի եւ Նորայր Հակոբյանի արտոնագիրը կասեցնել՝ հասարակական հիմունքներով պետական պաշտոն զբաղեցնելու համար։



Տիգրան Աթանեսյանը **«Հրապարակ»**-ի հետ զրույցում նշեց, որ ՓՊ-ի որոշումը բողոքարկելու է` դիմելով դատարան․ «Դա անձնական հարցերի լուծում է։ Անկախ դրանից դա վիրավորական արտահայտություն է, թե չէ, երկորրդ հարցը՝ ո՞վ է տարածել եւ երրորդը՝ դա բացարձակապես Փաստաբանների պալատի գործը չէ։ Սա անձնական վրեժխնդրութուն է, հայտնի պատճառներով»։



Նիկոլայ Բաղդասարյանը եւս որոշումը բողոքարկելու է։ Նշում է, որ ինքը փաստարկները ներկայացրել է, որ հանդիսանում է հասարակական հիմունքներով խորհրդական, սակայն Պալատի խորհուրդը դա հաշվի չի առել․ «Ես Փաստաբանների պալատին ներկայացրեցի, որ չեմ համարվում պետական ծառայող, այսինքն՝ չեմ հանդիսանում հայեցողական պաշտոն զբաղեցնող անձ։ Նման որոշում կայացնելը վտանգավոր է ոչ թե միայն նրա համար, որ իմ անձի հետ է կապված, այլ ընդհանրապես, որովհետեւ ինչ է ստացվում, երբ դու հասարակական հիմունքներով ինչ-որ մի տեղ գործունեություն ես իրականացնում, դա նշանակում է, որ վճարովի չի այդ ծառայությունը»։



Մասիսի փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանը որոշումը չի բողոքարկի. «Պարզվում է՝ այդ պալատում նոր են իմացել, որ ես Մասիսի փոխքաղաքապետն եմ, այն դեպքում, երբ իմ պետական, ապա հանրային ծառայող լինելու հանգամանքը մշտապես ներկայացրել եմ պալատում անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը լրացնելիս ինչպես նաև ֆբ ում.։ Դա դեռ մի կողմ, ամենազվարճալին այս պատմության մեջ ժամանակին Մասիսի փոխքաղաքապետ ընտրվելու կապակցությամբ Արա Զոհրաբյանի ու Սիմոն Բաբայանի գրկախառնություններով համեմված բանավոր ու գրավոր շնորհավորանքները վերհիշելն է ու էլի շատ բաներ»: