ՀՀԿ-ն ու ՀԱԿ-ը ունեն նույն խնդիրները․ Սոս Գիմիշյան

ՀՀԿ-ն ու ՀԱԿ-ը ունեն նույն խնդիրները․ Սոս Գիմիշյան
«Քրիստոնեաժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը համամիտ է այն տեսակետին, որ Երեւանի ավագանու ընտրությունները ապագա ԱԺ ընտրությունների փոքր մոդելն են, եւ դրանց մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերն էլ իրենց հնարավորություններն են փորձարկում։ «Հեղափոխությունից հետո առաջին անգամ են անցկացվում ընտրություններ։ Հեղափոխությունը տեղի ունեցավ ուղիղ ժողովրդավարության սկզբունքով, այդ սկզբունքը միակն է, որ կարող է աշխատել։ Ես մի քիչ թերահավատորեն են վերաբերվում ընտրությունների միջոցով իրական ժողովրդավարություն ձեւավորելուն, բայց տեսնենք, սա առաջին փորձն է, նաեւ փորձություն է իշխանությունների համար։ Տեսնենք, թե որքանով արդար ու ազատ ընտրություններ կանցկացվեն, որքանով կօգտագործվեն վարչական ռեսուրսները։ Սա իրոք չափանիշ կլինի ապագա ԱԺ ընտրությունները գնահատելու համար»,- ասաց Սոս Գիմիշյանը։ Հետաքրքրվեցինք, թե, ըստ Գիմիշյանի, ինչո՞վ էր պայմանավորված նախկին իշխող ՀՀԿ-ի հետքայլը, ինչո՞ւ նրանք հրաժարվեցին մասնակցել ընտրություններին։



«Շատ լավ գիտեն ժողովրդի վերաբերմունքը։ Այսօր իրենց մասնակցությունը Երեւանի ավագանու ընտրություններին կատաստրոֆիկ կլիներ, ապագա ԱԺ-ում որեւէ շանս չէին ունենա։ Կարծում եմ, որ արդար ընտրությունների դեպքում իրենց շանսերը տատանվում են հինգ տոկոսի սահմաններում։ Իրենք հույս ունեն, որ եթե անցնի մի քանի ամիս, կառաջանան բազմաթիվ խնդիրներ, իշխանությունն ինչ-որ չափով կվարկաբեկվի, իրենց շանսերն էլ կավելանան։ Դա է իրենց հույսը»,- արձագանքեց մեր զրուցակիցը։ Մեր հարցին, թե ինչու ժամանակին մեծ ժողովրդականություն վայելող Հայ ազգային կոնգրեսը հրաժարվեց մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին, Սոս Գիմիշյանն արձագանքեց․ «Նույն խնդիրներն ունի նաեւ ՀԱԿ-ը։ Ես չեմ կարծում, թե այսօր ՀԱԿ-ը միանշանակ է ընդունվում հասարակության կողմից։ Կարծում եմ, որ ՀԱԿ-ի նկատմամբ հասարակության մեծ մասն ավելի շատ բացասական վերաբերմունք ունի, քան դրական, դրա համար էլ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով չեն մասնակցում»,- ասաց Սոս Գիմիշյանը։ Սոս Գիմիշյանն ու իր ղեկավարած կուսակցությունը «Հայ ազգային կոնգրես» դաշինքում համատեղ պայքարի ճանապարհ են անցել այսօր Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», ՀՀՇ կուսակցությունների հետ, նրանցից ո՞ւմ է պատրաստվում սատարել։ «Դեռ չեմ կարող կոնկրետ ասել, հետագայում կասեմ, այս պահին չեմ մտածել»,-ասաց Սոս Գիմիշյանը։