Բանկը պարտավոր է հարցնել՝ այդ գումարը քեզ որտեղի՞ց

Բանկը պարտավոր է հարցնել՝ այդ գումարը քեզ որտեղի՞ց
Ցանկացած ֆինանսական գործարք, որն իրականացվում է բանկում, անգամ կոմունալ վճարումները, գաղտնի է, եւ դրա հրապարակումն արգելված է «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքով։ Բայց կառավարության կողմից տարվող կոռուպցիայի դեմ պայքարի որոշ դրվագներ գործարքների գաղտնիությունը կասկածի տակ են դնում, ինչպես, օրինակ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանին առաջադրված մեղադրանքը։ Այն է՝ դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելն ու ապօրինի հարստանալը: Ղազարյանը, հիշեցնենք, ձերբակալվել էր հունիսի 25-ին՝ Յունիբանկից դուրս գալու պահին, իսկ պայուսակում կար մոտ կես միլիարդ դրամ, 120 հազար ԱՄՆ դոլար, եւ մի 50 հազար դոլար էլ հայտնաբերեցին մեքենայի մեջ։ Նա բացատրել էր, որ գումարներն իրենը չեն, եւ ինքը պետք է հանձներ տիրոջը։ Դեպքի կապակցությամբ տարածված ԱԱԾ հաղորդագրության մեջ նաեւ ասվում էր, որ «օպերատիվ տեղեկատվություն» կա, թե Ղազարյանը պատրաստվում էր կանխիկացնել Արդշինբանկում իր հաշվին առկա 860 միլիոն դրամն ու կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի անձնական հաշվեհամարին առկա 690 միլիոն դրամը: Ըստ Ղազարյանի, նա մոռացել է հայտարարագրել այդ գումարները։ Իհարկե, սա ծիծաղելի պատճառաբանություն է, բայց Ղազարյանին հավատալ-չհավատալու հարցից ավելի հետաքրքիրը կա՝ ինչպե՞ս ԱԱԾ աշխատակիցներն իմացան, որ Ղազարյանը գնալու է Յունիբանկ եւ ահռելի գումար է հանելու իր հաշվեհամարից, կամ որ նա մեծ հաշիվ ունի նաեւ Արդշինբանկում։ Կարող ենք, իհարկե, ենթադրել, որ բանկի ղեկավարությունը կամ աշխատակիցները չեն Սերժի Վաչոյի դեմ «ինֆո» տվողները, այլ, ասենք, նրա հետ թշնամական հարաբերություններ ունեցող կողմնակի անձ, կամ, օրինակ, գաղտնալսումներով են պարզել, որ Ղազարյանը պատրաստվում է այդ օրը գումարներ կանխիկացնել։ Այնուամենայնիվ, այս դեպքը կասկածի տակ է դնում բանկերի հուսալիությունը։



Ստացվում է նաեւ, որ բանկերը, մեծ չափերի գումարներ վերցնելով, փաստորեն, չեն համոզվել աղբյուրների օրինականության հարցում։ Փաստաբան, «Տեր-Տաճատյան» իրավաբանական խորհրդատվական ՓԲԸ հիմնադիր-տնօրեն, «Կոնվերս բանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ **Արմեն Տեր-Տաճատյանը**, որը, կարելի է ասել, բանկային իրավունքի փայլուն մասնագետ է, վստահեցնում է, որ բանկը ոչ մի դեպքում չէր հայտնի իր հաճախորդի գումարների վերաբերյալ տեղեկությունները։ ««Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում շատ հստակ գրված է, որ բանկային գաղտնիքը բացահայտվում է միայն դատարանի որոշմամբ»,- ասում է նա։ Փաստաբանին մի քանի հարց ուղղեցինք․



**- Ի՞նչ եք կարծում, կա՞ն դեպքեր, որ նախաքննության մարմինն այդ թույլտվությունը ստանա, երբ դեռ մեղադրանք չի առաջադրվել։**



-Նախաքննության մարմինն այլ բան էլ կարող է անել՝ կարող է իր նախաքննության շրջանակներում փաստաթղթեր առգրավել եւ այլն, բայց, կարծում եմ, երբեք բանկին չի հարցնի, եւ բանկը տվյալներ չի տրամադրի։



**- Իսկ եթե կասկած կա, որ ինֆորմացիան բանկի որեւէ աշխատողից է դուրս եկել, ներքին քննություն, ինչ-որ գործողություն ձեռնարկվո՞ւմ է։**



-Յուրաքանչյուր կոնկրետ դեպք իր լուծումն ունի, չեմ կարող ասել։



**- Ես հարցնում եմ՝ կապված Վաչագան Ղազարյանի մեղադրանքի հետ, որին կանխիկացման պահին են բռնել եւ հրապարակեցին, որ կա տեղեկատվություն, որ նաեւ Արդշինբանկից բանկից էր պատրաստվում գումար հանել։ Հիմա, եթե չկար դատական որոշում, բանկը կարո՞ղ էր տեղեկատվություն տալ։**



-Կատեգորիկ՝ ոչ։ Յուրաքանչյուր կոնկրետ դեպք իր հորձանուտն ունի, այսպես ասած։ Բայց բանկը երբեք չի կարող նման բան անել։ Դա կատաստրոֆա կլիներ։ Երկրորդ կարծիք լինել չի կարող այստեղ։ Փողերի լվացման մասին օրենք կա, որի համաձայն՝ յուրաքանչյուր գործարքի համար բանկը պարտավոր է հարցնել, թե այս գումարը քեզ որտեղից, ինչու բերեցիր, ինչու տարար եւ այլն։ Եթե որեւէ մեկը հաշվի վրա ունի, ասենք, մեկ միլիոն դոլար, ենթադրվում է, որ բանկը ժամանակին այդ հաճախորդին հարցրել է, թե այդ փողն իրեն որտեղից։ Այլապես բանկը պարտավոր է կասեցնել այդ գործարքը եւ տեղեկացնել Կենտրոնական բանկին, ու դրանից հետո թե ինչ կանեն, Աստված իրենց հետ։ Բայց բանկը ո՛չ կարող է իր մոտ եղած հաշիվների վերաբերյալ տեղեկություն տալ, ո՛չ էլ կարող է իր մոտ եղած հաշիվների մասին հաղորդագրություն ներկայացնել իրավապահ մարմիներին։ Դա նշանակում է բանկային գաղտնիքի խախտում։



**- Շատ նուրբ հարց էլ կա․ եթե, օրինակ, ԱԱԾ-ն տարածում է հաղորդագրություն, որ իրեն հայտնի դարձավ, որ այսինչ անձն իր հաշվից պատրաստվում է գումար հանել, ու չի հայտարարում, թե որտեղից է իրեն դա հայտնի, բնական չէ՞, որ բանկի նկատմամբ հանրության մոտ անվստահություն է առաջանում։**



-Եկեք մենք ելնենք ոչ թե մեղավորության, այլ անմեղության կանխավարկածից, այդ թվում՝ նաեւ նախաքննության մարմնի կամ ԱԱԾ-ի։ Եթե ԱԱԾ-ն կամ նախաքննության մարմինն ինչ-որ բան է հայտարարում, նշանակում է՝ մենք պետք է ընդունենք, որ նա որոշակի ընթացակարգեր պահպանել է, եւ քննիչը եկել է մի եզրակացության, որը հրապարակելու իրավունք ունի։ Եթե այդ հրապարակումն իր մեջ կպարունակի հակաօրինական վարքագծի հատկանիշ, ապա կարելի է բողոքարկել այն, այդ թվում՝ հայտարարողի գործողությունները։ Բայց ես դեմ եմ, ընդհանրապես, այս հրապարակային քննարկումներին՝ սա ասեց, նա չասեց։ Եթե նախաքննությունը հայտարարություն է անում, քանի դեռ մենք վստահ չենք, որ դա սխալ է, չի կարելի նման պնդում անել։ Եթե հայտարարում է, նշանակում է հիմք ունի։



**Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ**